Jenya Eghikyan

Տանդ շեմը առանց քեզ անշեն է

Երբ հասկացա, որ տան մոխրամանը սկսել է միայն հյուրերին ծառայել, այդժամ գիտակցեցի, թե որքա՜ն վաղուց դու տանը չես։

Երբ մայրիկը ամեն անգամ լվանում է հագուստդ նրա համար, որ ուղղակի թարմանան, նկատեցի, որ տան դուռը երկար ժամանակ է, ինչ երեսդ չի տեսել։

Ես ամեն առավոտ մտնում եմ քո սենյակ ու ասում՝ արթնացի՜ր։ Ձայն չկա, բոլորը լռում են, ես ինձ համոզում եմ, որ սենյակդ է ինձնից նեղացած, դրա համար ձայն չի հանում, այնինչ դու ես թաքնվել ինձնից շա՜տ հեռու ու շա՜տ երկար ժամանակով։

Երկու տարի՞, գժվե՞լ ես։ Ժամանակին խնդրել եմ՝ կրճատվի, երկար համոզելուց հետո համաձայնեց, որ գոնե ութ ամիս էլ մնաս։ Բայց դրա մասին օրացույցին չգիտեի՝ ինչպես ասել, թե չէ, որ իմանա` ութ ամիս դեռ կա, էլ չի ջնջվի, կարոտից կպատռվի։ Բայց արդեն ես եմ կարոտից մաշվել։ Դու կիսատ թողած գործ ունես, չհասցրիր ինձ սովորեցնել ապրել առանց քեզ ու չկարոտել։

Ես շարունակում եմ ամեն օր ցերեկները քնել ու արթնանալ քո ձայնից, որ իմ ականջներում են միշտ։ Ինձ կներես. ես թեյ եմ խմում առանց քեզ, սա ասում եմ, որ զգաս կարոտիս չափը, իսկ այն, որ խմում եմ քո բաժակով, ասում եմ, որ բարկանաս։ Լավ էլ նկատեցիր, ես չսովորեցի քեզ չբարկացնել։ Արի՛ թեյ խմենք, խնդրում եմ, դրա ջերմությունը ինձ բավական չէ։ Ես փակում եմ աչքերս ու հաշվում մինչև տասը, մի՛ թաքնվիր, դո՛ւրս արի։