Juliabrahamyn12

Տան ու գուլպաների մասին

Կարանտինի ընթացքում ես հասկացա, որ տան մասին բոլոր ռոմանտիկ պատմություններն ու ասացվածքները սուտ են ու անիրական։

Տունը ո՛չ մարդ է, ո՛չ զգացմունք։ Տունն այն վայրն է, որտեղ դու կարող ես երկու իրարից տարբեր գուլպաներ հագնել, որովհետև յուրաքանչյուրի զույգը կորցրել ես, ու քեզ բավականին հարմար զգալ։ Եթե շատ ես ուզում, ապա կարող ես մորդ հպարտ-հպարտ ցույց տալ։
Ես նման մի բան արեցի, ու մայրս ուղղակի քթի տակ հառաչելով ասաց․

-Արդեն 17 տարի, 17․․․

Ոչինչ, կդիմանամ, կարևորը, որ ինձ ուրախություն է պատճառում իմ ամանորյա կարմիր գուլպան մյուս՝ մոխրագույն ու կատուներով գուլպայի համադրությամբ։

Հա, ի՞նչ էի պատմում։ Կարանտին։ Դե, օնլայն դասեր և այլն։ Բանից պարզվում է,  եթե տանն ես ու տանից ես աշխատում և սովորում, ապա օրդ զարմանահրաշ կերպով 24 ժամից դառնում է 35 ժամ։ Կարող ես հանգիստ մի ողջ կիսամյակի դաս անել երեք օրում, չէ որ․

-Տանն եք, գործերիդ անունն ի՞նչ է որ։

Սա էլ անցնենք, որովհետև ուսանողների մոտ մի հրաշք հնարավորություն կա, որը համարյա միշտ միացված է։ Կոչվում է «Չքնել երեք օր՝ առանց օ՜ֆ ասելու»։ Մեղքս չթաքցնեմ ու միանգամից ասեմ՝ վերջին մասն ինձնից հորինեցի։

Օրական մոտավորապես տասը ժամ համակարգչի առաջ անցկացնելուց հետո հասկացա, որ ես երբեք, լսու՞մ եք, եր-բեք IT մասնագետ չեմ դառնա։ Իհարկե, մինչև դա էլ չէի դառնա, բայց այսպես ավելի դրամատիկ է հնչում։

Հեռավար դասերի ժամանակ խմբի ուսանողներով մի տեսակ ուրիշ մտերմություն եք զգում։ Ավելի համախմբված եք։ Իհարկե, մտերմանալն անխուսափելի կլիներ, եթե էկրանից այն կողմ տեսնում ես կուրսեցուդ՝ գիշերազգեստով ու անկողնու մեջ։ Կամ, երբ դասախոսին եք սպասում, և դու հնարավորությունը բաց չես թողնում քո՝ իրարից տարբեր գուլպաները բոլորին ցույց տալու։

Բացի անքուն գիշերներից ու մի ամբողջ ուսումնական տարվա համար դասերից՝ կարանտինը հնարավորություն է տալիս շփվել տանեցիների հետ։ Պարզվում է՝ լավ էլ մարդիկ են։ Մեկ-մեկ հեռուստացույցի ձայնն են չափից դուրս բարձրացնում, բայց հետաքրքիր մարդիկ են։

Ինչևէ, եթե ես չլինեի ալարկոտ ու սուրճից կախում չունենայի, ապա միգուցե մի քանի լավ ֆիլմերի ու գրքերի անուններ կգրեի ու խորհուրդներ կտայի, թե ինչ անել կարանտինի ժամանակ, բայց եկեք անկեղծ լինենք՝ ոչ մեկս էլ նման խորհուրդների չենք հետևում։

Վերջում էլ ինձ կպատկերացնեմ ինչ-որ կարևոր պաշտոնյայի դերում ու կասեմ․

-Առողջ եղեք։