alina grigoryanyerev

Տասը թե քսան դրամի պատմություն

Փոքր էի՝ հազիվ երրորդ թե չորրորդ դասարանում։

Ամեն օր ամենաքիչը մեկ անգամ գնում էի մեր շենքի մոտ գտնվող մթերքի խանութ՝ գնումներ անելու։ Միշտ թողնում էի առևտրի մանրադրամը։ Վաճառողուհին լայն ժպտում էր ու ոչ մի անգամ դրանք վերադարձնել չէր փորձում: Նա լավ մարդ էր, միշտ սիրալիր էր ինձ հետ:

Մանրադրամը թողնելու իմ սովորության մասին, անկեղծ ասած, նախկինում երբեք չէի մտածել: Հիմա եմ հասկանում, որ լինելով կրտսեր դպրոցական՝ ունեի տարիքիս բնորոշ ընդօրինակման հզոր մեխանիզմ։ Դրա շնորհիվ, թե պատճառով՝ չգիտեմ, բայց սովորել էի այս վարմունքը՝ ընդօրինակելով հայրիկիս: Նա էլ, հավանաբար, ինքն իրեն այդ հարցը չէր տվել երբեք:

Բայց այ թե ինչ պատահեց մի օր։ Առևտրի գումարը նույն վաճառողուհուն վճարելիս նկատեցի, որ տասը կամ քսան դրամ չի բավականացնում, ու խնդրեցի վաղը բերել, բայց նա զայրացավ ու շատ կոպիտ նկատողություն արեց ինձ խանութի տասնյակ հաճախորդների մոտ: Ես չգիտեի՝ ինչ անել: Նրան պատասխանել, իհարկե, չէի կարող: Առաջին՝ նա ինձնից մեծ էր, երկրորդ՝ ես բավականին ամաչկոտ էի նման դեպքերում թեկուզ մի բառ արտաբերելու համար: Այդ իսկ պատճառով ատամներս սեղմեցի իրար ու արցունքախառը դեմքով վազեցի տուն։

Պատմեցի մայրիկիս, վերցնելով անհրաժեշտ գումարը՝ գնացի խանութ։

Սաստիկ վիրավորված էի, մտածում էի, որ նա վատն է։ Ամեն անգամ խանութի մոտով անցնելիս նրա բառերն էի հիշում ու հազիվ էի զսպում ինձ, որ չարտասվեմ:

Դրանից հետո փոխեցի վարմունքս՝ հասկանալով, որ նա մեղավոր չէր: Միշտ էլ հեշտ է դիմացինին մեղադրելը, այնպես չէ՞:

Այդ ես էի մեղավոր, քանի որ մոռացել էի իմ դրամն արժեվորել։