Astghik Hunanyan vayots dzor

Տասը րոպեն արկածների խաչմերուկում

Բարև, տասը րոպե ժամանակ ունեմ՝ ասելիքս ասելու: Ուզում եմ խոսել քեզ հետ, բայց այս անգամ դու միայն լսողի դերում ես լինելու, ներիր ինձ։ Բայց գիտե՞ս, եթե ցանկանաս խոսել հետս, թեկուզ ասել, որ դու էլ ես ամռանը տաք թեյ խմում՝ հաց ու պանրով, կամ ուզում ես թողնել քաղաքդ ու հեռանալ, ինչ-որ անմարդաբնակ կղզի գտնել ու այնտեղ անցկացնել կյանքիդ մնացած տարիները, ես կլսեմ քեզ, կհասկանամ էլ գուցե։ Օյ, մեկ րոպեն անցավ, իսկ ես դեռ չգիտեմ՝ ինչից խոսել։ Երբեք չեմ կարողացել ռացիոնալ օգտագործել ժամանակս, գրողը տանի։ Երևի մտածեցիր՝ ի՞նչ տասը րոպե, այդ ո՞ւր պետք է գնամ տասը րոպեից։ Ճիշտը որ խոսենք, դա քեզ այդքան էլ չի հուզում, բայց անկախ քեզնից կամ ինքնակամ մտածեցիր, կարծում եմ։ Լավ, կասեմ, գաղտնիքներ պահել գիտես, չէ՞…

Գնում եմ արկածների հետևից։ Չգիտեմ՝ որտեղ եմ որոնելու կամ որտեղ պետք է փնտրել։ Կարծում եմ՝ արկածներ կարող եմ գտնել այնտեղ, որտեղ դրանց գոյությունն ամենաքիչն է հավանական։ Տես, դու հիմա, այ հենց հիմա մտածում ես ինչ-որ բան: Երևի՝ որ գժվե՞լ եմ: Ազնիվ կլինեմ, միգուցե սահմանվածից էլ ազնիվ, հնարավոր է՝ անցնեմ անգույն, անհոտ կավիճով կամ գունավոր ու հազարավոր արևներ նկարած ջրաներկով գծված սահմանները, խախտեմ օրենքները, բայց չէ՞ որ դրանք հենց խախտելու համար էլ ստեղծված են, այդպես մի նայիր, կարող է՝ նաև կարգ ու կանոն հաստատելու, բայց արկածներ որոնողների համար երկրորդ տարբերակը հաստատ նման մի բան է։ Հա, գժվել եմ։ Գուցե ամռանը շո՞գն է պատճառը, աշնանը՝ քամին, գարնանը ՝ անձրևները, իսկ ձմռանը՝ ցուրտը, որ ես գժվում եմ, դա էական չի: Ուղղակի ես, ինչպես քեզ ասեմ, հենց արկածների ու դժվարությունների մեջ էլ տեսնում եմ կյանքի իմաստը: Միգուցե այդ պատճառով է, որ լրագրող եմ որոշել դառնալ, որ կանգնեմ ինչ-որ մեկին նկարելու՝ բարկանան վրաս, թույլ չտան նկարել, իսկ ես հրեշավոր հայացքով այնուամենայնիվ նկարեմ ու փախչեմ՝ գլուխս կորցրած խելագարի նման:

Էլի մի օրենք խախտեցի, բայց մի անհանգստացիր, մի երկու բան կասեն, գործից կհանեն, մեկ այլ տեղ կաշխատեմ։ Լսիր, էլի գաղտնիք եմ քեզ համար բացում: Արկածներ ասելով՝ նկատի ունեմ, օրինակ, ինչ-որ շուրջերկրյա ճանապարհորդություն՝ հագեցած բազմաթիվ մահու չափ վախենալու դժվարություններով: Դրա համար ինձ պետք կգար ինչ-որ համեստ աշխատավարձ, որով կկարողանայի ուտել գազալցակայանների էժանագին ուտելիքներից, մի փոքր անհետաքրքիր պապենական ավտոմեքենա, էն հներից՝ գուցե անցյալ դարի, որով ոչ բոլորը կհամարձակվեին ճանապարհորդել, ու ինձ նման մի քանի խենթ ու խելառ ընկերներ, հասկանո՞ւմ ես ինձ։ Ներկեինք ավտոմեքենան ամենաաննորմալ գույներով ու գնայինք ինչ-որ անորոշ ուղղությամբ: Կվարեինք՝ անապատային արևին մի կերպ դիմանալով, արագ-արագ ջրի վերջին շիշն իրարից խլելով: Կվարեինք՝ մի կերպ աշնան փոթորիկներին դիմանալով, մի կերպ կանցնեինք ձմռան սառած ճանապարհներով՝ ցուրտ ու բքի դեմ հինգ րոպեն մեկ տաք թեյ կոնծելով, իսկ այ, գարնան անձրևնե՜րը, անխտիր կանցնեինք բոլոր ջրափոսերի վրայով՝ դրանից խելագար հաճույք ստանալով: Գիշերն էլ ինչ-որ տեղ խարույկ կվառեինք, կիթառ, տաք ծածկոցներ, բարձր երաժշտություն ու էլի նման բաներ: Կամ էլ կբարձրանայինք քաղաքների էն ամենաբարձր շենքերի տանիքներն ու հարմար տեղավորվելով՝ կնայեինք աստղերին ու իրար կպատմեինք մեր իմացած ամենահիմար կատակները: Եսիմ, կուզեի նորովի բացահայտել աշխարհը, որտեղ ոչ մի հոգս, ոչ մի «մեծական խնդիր» չէր լինի, միայն կյանքիդ մեծ վտանգ սպառնացող դժվարությունները, ընկերները, երկար ճանապարհները, աստղերն ու դու:

Գիտեմ, նման բան դժվար գտնեմ այստեղ՝ պատերազմների, խնդիրների ու պարտքերի Հայաստանում, բայց իմ երազած արկածները ես մի օր հաստատ գտնելու եմ, դե ինչ՝ առայժմ…