Mariam barseghyan

Տատիկիս կտորե աշխարհը

Աշխարհում կան բազում հետաքրքիր իրեր, երևույթներ, որոնք ուսումնասիրման կարիք ունեն: Այդ է պատճառը, որ մենք բոլորս մի օր կանգնում ենք ի՞նչ դառնալ, ի՞նչ ընտրել և այլ նմանատիպ հարցերի առջև: Այս հարցերին իրենց պատասխանները արդեն տվել են մեր ծնողները, տատիկները, պապիկները: Նրանք արդեն ընտրել են իրենց մասնագիտությունը, աշխատել են, ոմանք զբաղվել են հենց իրենց գործով, ոմանք՝ ոչ: Մասնագիտություն ընտրելը շատ կարևոր է: Քանի որ այդ որոշումից է կախված, թե ապագայում ինչով ես զբաղվելու: Պետք է ընտրել հոգուն հարազատ աշխատանք, որից կյանքում չես հոգնի և սիրով կանես: Իմ տատիկը ճիշտ մասնագիտություն ընտրած մարդու իդեալական օրինակ է: Նա դերձակ է: Տատիկս՝ Վալյա Սուքիասյանը, ծնվել է Գյումրիում: Ամբողջ կյանքում աշխատել է կարի ֆաբրիկայում, սկզբում` Ստեփան Շահումյանի անվան, հետո՝ «Գլորիա»: Թոշակի անցնելուց հետո նա դժվարանում էր առանց աշխատանքի, անընդհատ ինչ-որ զբաղմունք էր փորձում գտնել: Հիմա համակերպվել է, բայց այնուամենայնիվ կարի մեքենան չի դադարում աշխատել, և այն երբեք երկար չի լռում: 

Մայրս պատմում է, որ ինքը և մորաքույրս եղել են ամենանորաոճ հագուստների առաջին տերերից, քանի որ մինչև գեղեցիկ ամսագրերի հագուստները հայտնվում էին խանութների ցուցափեղկերում, տատիկը դրանցից արդեն կարում էր իրենց համար: Իհարկե տատիկը զրույցի մեջ փորձում էր հերքել այս ամենը, բայց փաստը մնում է փաստ. նա հիմա էլ է կարողանում իրականության վերածել ամսագրերում պատկերված հագուստները:

-Տատ՛, իսկ որտե՞ղ ես սովորել կարել:

-Ոչ թե որտեղ, այլ ումից: Կարել մամայիցս եմ սովորել: Կարելուց ուշադիր նայում էի, հետո հենց տանից դուրս էր գալիս, նստում էի կարի մեքենայի առաջ ու տիկնիկներիս համար շորեր էի կարում:

-Կարի մեքենայով կարել դժվար ե՞ս սովորել, թե՞ հեշտ է ստացվել:

-Չէ, շուտ եմ սովորել: 9 տարեկանում արդեն լավ կարում էի, հետո տարիների ընթացքում ձեռքս վարժվեց:

-Իսկ 70-80-ականներին ի՞նչ հագուստներ եք կրել, ի՞նչ գույներ են մոդա եղել:

-Դե, կանայք հիմնականում շրջազգեստներ, կիսաշրջազգեստներ էին կրում, շալվարները շատ տարածում չունեին, իսկ տղամարդիկ էլ` սովորական կտորի տաբատներ:

-Իսկ ջի՞նս:

-Չէ, ի՞նչ ջինս, դե իհարկե կային եզակիները: Այն ժամանակ օտար երկրներից բերված հագուստներ չէին վաճառում, իսկ ջինս Ամերիկայիում կամ Եվրոպական երկրներում կար:

-Իսկ այդ դեպքում այն եզակիները որտեղի՞ց էին գնում:

-Դե, օրենք խախտողներ միշտ էլ գտնվում էին:

-Տատ, օրինակ ես հիմա ունեմ հագուստի իմ սեփական ոճը, իսկ ի՞նչ ոճով ես հագնվել դու:

-Այն ժամանակ մենք մեր սեփական ոճը ունենալու մասին չենք մտածել: Եղել են ընդհանուր ստանդարտներ, և բոլորը հագնում էին նույնը:

-Մի՞թե չեք ցանկացել տարբերվել:

-Դե, հենց ես այդքան չեմ կենտրոնացել դրա վրա, ինձ դուր էին գալիս այդ հագուստները, և ես մտածում եմ, որ արտասահմանյան հագուստները մեր երկրում ստեղծվող հագուստից ոչնչով առավել չէին: Մերը որակով էր, հարմարավետ էր:

-Տատ, երևի դու ճիշտ ես: Հիմա էլ նորից նույն շրջազգեստներն են մոդա ու իրոք շատ գեղեցիկ և հարմարավետ են:

-Հա բա, մորդ համար գիտե՞ս ինչքան եմ նման ծաղկավոր, գունավոր շրջազգեստներ կարել: Որ Գյումրիում սովորում էր, ամեն անգամ գնալ-գալիս գիշերը արագ-արագ մի բան էի կարում, որ նոր շորերով դասի գնա:

-Երանի՜…  Հա իդեպ, ինձ շատ էր հետաքրքրում երկարությունը: Ի՞նչ երկարության զգեստներ էին հագնում:

-Ծնկի վրա, ծնկից ներքև:

-Պարզ է, ծնկից վերևը ինչպես միշտ ընդունված չի եղել:

-Հագնում էին, բայց ես չէի սիրում, ու ընդհարապես ծնկից վերև հագնողներին լավ չէին նայում:

-Կարծում եմ մարդկանց մտածելակերպը շատ քիչ է փոխվել, որովհետև հիմա էլ կան կարճ զգեստներին վատ վերաբերվող մարդիկ:

-Դե, այ, ես իմը փոխել եմ: Ձեզ նայելիս հասկանում եմ, որ կարճությունը ոչ էլ խանգարում է, շատ էլ գեղեցիկ է:

-Չե՞ս հոգնում կարելուց:

-Չէ, կարելուց հակառակը, հանգստանում եմ, լիցքաթափվում եմ: Միշտ կարելուց հաճույք եմ ստացել: Դա է պատճառը, որ երկար տարիներ աշխատել եմ:

-Տատ՛, իսկ օրինակ ի՞նչ խորհուրդ կտաս. ինչպե՞ս հագնվել ավելի գեղեցիկ տեսք ունենալու համար:

-Ինձ թվում է, պետք է հագնվել այնպես. ինչպես հարմարավետ է: Հագնել այն, ինչ սազում է, այլ ոչ թե` ինչը մոդա է: Շատ եմ նկատել, որ հագնում են մոդայիկ հագուստ, որը չի սազում: Օրինակ, չարժե հագնել շատ բարձր կրունկով կոշիկ, եթե դրանց վրա չես կարողանում քայլել, ավելի լավ է կրունկը մի փոքր ցածր լինի, բայց քայլվածքը՝ գեղեցիկ: Ու նմանատիպ շատ օրինակներ կարող եմ բերել, բայց կներես պիտի շորդ կարեմ, խոսել հետո էլ կարող ենք: