lilit vardanyan

Տատիկիս տատիկի պատմությունը

-Տատիկ, որտեղի՞ց են եղել քո տատիկն ու պապիկը:

- Հայրիկիս մայրը և հայրը Ղարսից են գաղթել` Սարիղամիշից, մայրիկիս մայրը ու հայրը Քղեցի են:

-Կպատմե՞ս նրանց գաղթելու պատմությունը:

- Մորս մայրը՝ Զաբելը, ինը տարեկան էր, երբ թուրքերը մտան իրենց գյուղ: Նրանցից մեկի սուրը դիպչել է տատիկիս դեմքին, ուշաթափվել է և ընկել: Հետո, երբ արթնացել է, տեսել է, որ մահացած մարդկանց մեջ է: Գտել է իր մոր գլուխը, գրկել ու լաց եղել: Մոտ երկու օր անց թուրքերը հետ են եկել: Հայերը ոսկին կուլ էին տալիս, որ չտային նրանց: Թուրքերը հանել են այդ ոսկիները: Հետո տեսել են, որ տատիկս ողջ է: Նրանցից մեկը ասել է.

-Գյավուր, գյավուր…

Ուզել է սպանել, բայց մյուսը չի թողել, ասել է, որ երեխա չունի, կտանի տուն: Կապույտ աչքերով սիրուն կին էր տատիկս: Տատիկս ասում է, որ այդքան ժամանակվա ընթացքում կեղտոտ, սոված մնացել էր այնտեղ, վերքը չորացել էր:

Նրան տարել են այդ թուրքի տուն, բայց կինը դուրս է արել: Նրանց տան տատիկը ապրում էր ներքևի հարկում: Նա տարել է Զաբելին իր մոտ, լողացրել է: Նրանց մոտ տատիկս ապրել է որպես ծառա:

Ամեն կիրակի, երբ թուրքերը իրենց տան ծառաներին տանում էին բաղնիք, նրանց վզից ոսկե շղթա էին կախում, որ մարդիկ իմանան, որ այդ մարդը իրենցն է, հանկարծ չփախնեին: Մի օր հարևանները Զաբելին սովորեցնում են ամերիկյան որբանոց փախնելու ճանապարհը: Տատիկս առավոտ շուտ վեր է կենում, գնում հավերին կուտ է տալիս և վազելով փախնում է ամերիկյան որբանոց: Նրան վերցնում են: Բայց տատիկս մոռացել էր հանել իր ոսկե շղթան: Թուրքերը գալիս ասում են, որ նա իրենց աղջիկն է, բայց նրան հետ չեն վերադարձնում: Միայն ոսկե շղթան են նրանց հետ տալիս:

Տատս որբանոցում է մեծանում: Դաստիարակներից մեկը ամուսնացած չի լինում, որդեգրում է նրան: Նրանք գաղթում են Հայաստան: Տատիկս էլ ամուսնանում է Հակոբ պապի հետ:

-Իսկ Հակոբ պապը ինչպե՞ս է գաղթել

-Հակոբ պապիկն էլ այդ ժամանակ տասը տարեկան է եղել: Երբ նրանք Արաքս գետով փախել են, Անդրանիկը նրան ու մի քանի տղայի դրել է իր ձիու վրա և անցկացրել է գետի վրայով: Պապիկիս հայրը Անդրանիկի զինվորներից է եղել:

Մյուս տատիկս ու պապիկս 1917թ.-ին են գաղթել Ղարսից, Սարիղամիշից: Հետո, երբ հորաքույրս՝ որպես զբոսաշրջիկ, գնացել էր այնտեղ, գտել է իրենց տունը: Ամբողջովին խոտերով էր ծածկված: Դե այն ժամանակ հողից տներում են ապրել:

-Ունե՞ս տատիկներիդ և պապիկներիդ նկարները:

-Տեսել եմ, բայց ինձ մոտ չեն: Տատիկս թուրքերի հետ նկար ուներ՝ ոսկե շղթայով: Տատիկիս ու պապիկիս ամուսնական նկարը: