Anna Andreasyan

Տարածությունն ու ժամանակը

Վերջերս սկսել եմ հաճախ մտածել այն մասին, թե ինչպես են տարածությունը և ժամանակը փոխում մարդկանց և նրանց հարաբերությունները: Մենք բոլորս սիրում ենք ինքներս մեզ համոզել և հավատալ, թե ինչքան էլ հեռու լինենք իրարից ու թե ինչքան էլ ժամանակ անցնի, միևնույնն է, ոչինչ չի փոխվի մեր մեջ: Բայց դա այնքան էլ այդպես չէ: Իրականում այդ երկու գործոնները՝ տարածությունն ու ժամանակը, շատ բաներ կարող են փոխել:

Պատկերացրու՝ գնում ես հեռու այն միջավայրից, որտեղ ապրել ես ամբողջ կյանքում, այն խորին համոզմունքով, որ չեն փոխվելու հարաբերություններդ այն մարդկանց հետ, ում շրջապատում ապրել ես մինչ այդ պահը: Սկզբում կապ ես պահպանում բոլորի հետ, ու դեռ ամեն ինչ նույնն է: Բայց անցնում է որոշ ժամանակ, և աստիճանաբար սկսում են քչանալ խոսակցությունները թեմաների սղության պատճառով: Մի պահ մտածում ես՝ ո՞ւր կորան այն բազմաթիվ թեմաները, որի մասին մի ժամանակ այդքան երկար խոսում էինք: Իսկ հետո հասկանում ես, թե իրականում կենցաղը ինչքան բան է փոխում: Դուք գնում եք տարբեր ուղիներով, ու ամեն մեկիդ մոտ հետագա դեպքերն ու իրադարձությունները տարբեր ձևերով են զարգանում: Ու գալիս է մի պահ, երբ՝ «ո՞նց ես» կամ «ի՞նչ կա-չկա»-ից ավել ուրիշ էլ ոչինչ չես կարողանում ասել, և բացի «բան չկա, լավ եմ, դու ասա»-ից ուրիշ պատասխան էլ չես ստանում:

Սա բոլորովին չի նշանակում, թե էլ կարևոր չեք իրար համար, ո՛չ, սա ընդամենը այն անդունդի մասին է, որ գոյացել է ձեր միջև ժամանակի ընթացքում իրարից հեռու լինելու և տարբեր ուղիներով գնալու պատճառով:

Բայց գիտե՞ս՝ մի տարբերակ կա, որ նույնիսկ այս հանգամանքներում թույլ չի տալիս, որ այդ անջրպետը գոյանա։ Դա կենցաղից վեր, ինչ-որ այլ բանով իրար հետ կապված լինելն է: Դա կարող է լինել ընդհանուր գաղափար, հետաքրքրություն ու նմանատիպ այլ բան: Ու հենց այստեղ հասկանում ես, որ մարդիկ կան, որոնց հետ կապված էիր հանգամանքների բերումով, որովհետև ամեն օր իրար տեսնում էիք կամ այդպես մի բան: Եվ կան մարդին, որ անկախ նրանից, թե որտեղ կլինեք ու ինչպիսի հանգամանքներում, միշտ կապ եք պահպանում, որովհետև ձեր՝ իրար հետ մոտ լինելը ոչ թե հանգամանքների բերումով, այլ ձեր իսկ գիտակցված ընտրությամբ է եղել: Հասկանում ես, որ կենցաղը, վայրը, որտեղ բնակվում եք, մարդիկ, որ շրջապատում են ձեզ, չեն կարող փոխել ոչինչ, որովհետև ձեր հարաբերությունները երբեք էլ հիմնված չեն եղել վերոնշյալ պայմանների վրա, այլ գաղափարի, համամարդկային բաների վրա, որ որտեղ էլ լինես, արդիական են ու արժանի քննարկելու: