Տարբեր՝ միասին

-Գիտե՞ս, դու շատ նման ես մի աղջկա:
-Իրո՞ք, ի՞նչ աղջիկ:
-Մարոկկացի:

Ու մինչ ես փորձում եմ հասկանալ, թե Հունգարիայից ժամանած Ադիլը որտեղից է ճանաչում մի մարոկկացի աղջկա, նա ավելացնում է.
-Դուք գրեթե նույն դիմագծերն ունեք:
-Հա՞,- իմ զարմանքը գնալով ավելի է մեծանում,- ինձ երբեք որևէ մեկին չեն նմանեցրել: Կարո՞ղ ես նրա լուսանկարը ցույց տալ:
-Չունեմ ինձ մոտ:
-Այդ աղջիկը հայտնի՞ չէ,- ես ամեն կերպ փորձում եմ նրա մասին որևէ բան իմանալ:
-Չէ: Պարզապես սովորական աղջիկ է:
-Դե լավ, գոնե Ֆեյսբուքում հաշիվ էլ չունի՞:
-Ունի: Պարզապես իր նկարներից չի տեղադրում:
Պատասխանն ինձ տարօրինակ ու կասկածելի է թվում. հիմա բոլորն են իրենց նկարներով ողողում իրենց էջերը.
-Ափսոս,- ու ես սկսում եմ մտածել, որ գուցե Մարոկկոյում, ի տարբերություն Հայաստանի, ընդունված չէ հարյուրավոր լուսանկարներ գցել ֆեյսբուքյան էջ, հետո հիշում եմ, որ, ախր, ինքը` Ադիլն էլ, թեև որպես Հունգարիայի ներկայացուցիչ է Հայաստան եկել, մարոկկացի է, բայց իր էջում իր լուսանկարները բազմաթիվ են: Իսկ գուցե տարբերությունը սեռերի՞ մեջ է…

Էս մի բուռ տեքստում արդեն երեք կատարելապես տարբեր երկրի անուն տվեցի, չէ՞: Հիմա կմտածեք` էս ինչ խառը պատմության մեջ եմ: Հա՛, ձեզ պես մտածում էին նաև բոլոր էն մարդիկ, ովքեր հուլիսյան անտանելի շոգ կեսօրին տեսնում էին մոտ 15 հոգանոց մի բազմազգ խմբի` Երևանի փողոցները չափչփելիս: Երևանցիները մեզ նայում էին ուշադիր, ոտքից գլուխ չափչփում` երևի փորձելով կռահել, թե այս տարբեր հասակներով, աչքի, մազերի, մաշկի լրիվ հակառակ գույներով երիտասարդներին ինչն է կապել միմյանց հետ, այն էլ` Երևանում: Նրանցից մեկի հետաքրքրությունն այնքան էր շարժվել, որ մեզ նկատելուն պես նույնիսկ հարցրեց.
-Էս ի՞նչ ա եղել, էրեխե՛ք, էս ի՞նչ շարժում ա:
-Շարժում չի, փառատոն ա,- ժպտացի ես (մեր ազգը ոնց որ սովորել է շարժումներին):
Շարժում չէր, փառատոն էր, որի միայն մի փոքր մասին էի ես ուղեկցում: Իրականում մասնակիցները 50-ից ավելի էին, ներկայացվող երկրները` շուրջ 17-ը, իսկ այս բազմազանությանը միավորել էր երկու բան` ֆրանսերենը ու «Տարբեր` միասին» կարգախոսը:
Մենք տարբեր էինք՝ տարբեր արտաքին տեսքով, ավանդույթներով, կրոններով ու մշակույթներով, բայց միասին՝ Երկիր մոլորակի վրա, իսկ հուլիսի ամենաշոգ ու ամենահագեցած օրերին ՝ նաև Երևանում : Չնայած՝ գուցե նույնիսկ այդքան տարբեր էլ չէինք : Չէ՞ որ Մարոկկոյում՝ Երևանից շուրջ 6000 կիլոմետր հեռավորության վրա, ապրում է մի աղջիկ, ով ճիշտ և ճիշտ իմ դիմագծերն ունի…
Իսկ գուցե այդպիսի օրինակները բազմաթի՞վ են…