emanina

Տարբերվե՞լ, թե՞ լինել յուրահատուկ

Զարմանալի է, երբ դուրս ես գալիս փողոց և տեսնում շատ միանման առանձնահատուկ մարդկանց: Երբ բոլորը ցանկանում են առանձնանալ ամբոխից` նմանվելով նրանում եղածներին: Թվում է, շատ տարօրինակ բան է, սակայն մարդիկ իրոք սա չեն հասկանում, քանի որ շատ են խորասուզված իրենց «մյուսներից տարբերվելու» ծրագրի մեջ: 

Յուրահատուկ եք համարում ձեզ անգամ այն ժամանակ, երբ չեք կարող թվել ձեր յուրահատուկ հատկանիշները, որոնք, իբրև թե, յուրացրել եք ձեզ համար յուրահատուկ թվացող մարդկանցից: Իսկ այդ մարդիկ այլ մարդկանցից են նմանակել ամեն ինչ: Այնս վերջինները` մյուսներից, և այս շղթան այսպես շարունակվում է` ձևանալով և նմանվելով քեզնից նախորդին, ում համարում ես ավելին, քան դու: Որոշները ուղղակի ձևանում են այդպիսին, որոշները արդեն այնքան են ձևացել, որ արդեն այդպիսին են, իսկ որոշները փորձում են ձևանալու առարկան դառնալ: Իսկ ինչո՞ւ եք միշտ ձևանում այնպիսին, ինչպիսին ես փորձում եմ դառնալ: Չե՞ք կարծում, որ ժամանակն է վազեք հայելու մոտ և ասեք, թե ով է ձեր դիմաց կանգնած: Դո՞ւք: Թե՞ այն «ավելին»:

Հերիք է ձեր այդ յուրահատուկ հատկությունները թաքցնեք մեկ բանի մեջ, որին ասում եք «մնացածից տարբերվելու տաղանդ` նրանց նմանվելով»: Եկեք բոլորս տարբերվենք մնացածից նրանց նման շարժվելու, հագնվելու և անգամ մտածելու միջոցով:

Ժամանակն է արդեն փոխվելու, ավելի ճիշտ, պետք չէ փոխվեք, ուղղակի հանեք բոլոր ձեր հոգու համար օտար ձևի մակբայները ձեր միջից: Վերցրեք ռետինը և ջնջեք դրանք բնավորության միջից: Եթե գրիչով եք գրել, ապա խզբզեք դրանց վրա, այնպես արեք, որ չերևան: Իսկ հիմա՞: Հիմա ի՞նչ եք տեսնում:

Հիմա կարող եք ասել յուրահատուկ բառը: Յուրահատուկ հենց այդ տետրով, որի մեջ կան շատ սխալներ, ջնջումներ: Որովհետև եթե ինձ տային գերազանցիկի տետր և ձերը, ինձ կհետաքրքրեր հենց այդ ճմրթված թերթերովը և ջնջումներովը:

Ուղղակի անպայման մի քիչ էլ պահպանեք ձեր միջի յուրահատկությունը, որ վերջում հանկարծակի չնկատեք, որ իրականում դուք հենց բոլորի նման էիք բոլորից տարբերվում:

Հավասարումը չի կարող ստացվել կատարյալ առանց պլյուսի և մինուսի:

Ահա և գտանք այս ամենի տրամաբանական ավարտի արդյունքը, որը անտրամաբանական ստացվեց: Հերիք է փորձեք դառնալ այնպիսին, ինչպիսին ես ձևանում եմ: