Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Տարբերվող ձմեռ

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Եկավ առաջին ձյունը: Եթե կատակով, ապա դեռ ձյունը չեկած, մարդիկ արդեն սահնակ էին քշում: Տեսնում էին մի քանի փաթիլ ու ասում՝ վերջ, ձմեռ է, բայց կես ժամ տևած ձյունը արեգակը երկու րոպեում հալեցնում էր՝ դեռ ձմեռ չէ:

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Օրը չորեքշաբթի էր, և մեծ մասը սպասողական վիճակում էր: Չէ որ Գագիկ Սուրենյանը ասել էր՝ ձյուն է գալու, և երիտասարդության մեծ մասը իրենց հեռախոսների մարտկոցները լիցքավորել էին և սպասում էին ձյան գալուն, որպեսզի ուղիղ եթեր մտնեն և կիսեն բնության երևույթի ուրախությունը ընկերների, բարեկամների, երկրորդ կեսի, կուրսեցիների և շատ մարդկանց հետ: Դրանից հետո կանեին ֆոտոներ և կտեղադրեին կայքերում:

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Անկեղծ ասած, անգամ չեմ մոտեցել լուսամուտին, տեսնեմ՝ ինչքան է եկել կամ չի եկել: Եթե ինստագրամյան իմ էջում չմտնեի ընկերներիցս մեկի ուղիղ եթեր և չտեսնեի ձյան հաստությունը, այդպես էլ այնտեղյակ կքնեի՝ չիմանալով ճերմակ չորեքշաբթիի մասին: Առավոտյան տանից դուրս գալուն պես աչքերս մի պահ ճերմակությունից փակվեցին, հետո բացվեցին: Հանեցի հեռախոսս և միլիվայրկյաններ անց մի մեծ կաթիլ՝ ճլըպ, էկրանին: Արագ-արագ մաքրեցի և սկսեցի ֆոտո անել: Սկսեցի մեր շենքի խաղահրապարակի կարուսելից մինչև համալսարանի կտուրը, մետրոյի միջից՝ գնալու ժամանակ, այգիների մանր-մունր սառած գեղեցկությունը, հին մեքենաների գեղեցիկ սառած կադրերը և այլն:

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Մարդիկ կան, չէ՞, որոնց թվում է, թե հենց ձյուն գա, ամեն ինչ կփոխվի: Ես էդպես չեմ մտածում: Եթե կար կասկած, դա էլ հիմա չկա, այսօր համոզվեցի: Հիմա կպատմեմ ամեն ինչ:

Այսօր քայլում էի Հյուսիսային պողոտայով: Արդեն սկսել են զարդարելը և շուտով կավարտեն: Բայց ո՞նց են սկսել: Ասե՞մ:

-Արա, խի՞ խճճեցիր լույսը…

-Արա Գագո, մարդ չդառար, էլի:

-Ապեր, հել, հա, պետք չի քո օգնելը…

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Ափսոս, չեմ կարող նաև դեմքի էմոցիաները ցույց տալ, բայց արդեն երևի պարզ է: Նույնը Հանրապետության հրապարակում՝ տոնածառը զարդարելուց:

-Քեզ չասացի՞՝ էդ ճյուղը չբերես: Չես լսում, էլի, հո զոռով չի:

Ահա և մեր գեղեցիկ Երևանը: Շատ բան չի փոխվել, անգամ սուպերմարկետի մոտ կանգնող երիտասարդն է տեղում, ով ամեն առավոտ դասի գնալիս կանչում է.  «Թարմը սիգա~», կարծես հավատում է, որ պիտի մոտենամ, մի երկուսն առնեմ ու հետս համալսարան տանեմ: Ինքը նույնպես չի փոխվել՝ միայն գլխարկ էր դրել, բայց մեքենան նույնն էր, իսկ ձուկը էլի նույն սիգան: Հա, ձայնը նույնպես:

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Երևի ձյունը մեկ ուրիշ կերպ է անդրադառնում սիրահարների վրա, որոնց համար կապ չունի՝ ցուրտ է թե տաք, սիրելիի հետ նստած են նստարանին և գնալու մտադրություն չունեն: Մեկ է՝ միասին ջերմ է:

Իսկ աղքատնե՞րը՝ աղքատները ի՞նչ անեն, որ ձյուն է գալիս: Ի՞նչ անեն, եթե չունեն անգամ տաք հագուստ: Ժպտա՞ն, որպեսզի չտարբերվեն և ցույց տան, թե ամեն ինչ նորմա՞լ է, ասեն. «Վայ~, ձյուն է, ինչ լավ է, վերջապես»… Ցրտին ժպտա՞ն, թե՞ սառած դեմքով մտածեն, թե ինչով և ինչպես են տունը տաքացնելու…

Բա, բա որ ասում եմ՝ ամեն ինչ նույնն է, ինչ անենք, որ սպիտակ է ամեն ինչ և գեղեցիկ: Շուտով սպիտակը կհալվի և կբացվի այն ամենը, ինչ եղել է միշտ:

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Ու այդպես էլ եղավ՝ համեմատեցի սրճարանի ցանկապատը գալուց և գնալուց ու տեսա, որ սպիտակ ցանկապատը դարձել էր դարչնագույն: Այս ամենից ամենաանկեղծ ուրախացողները երեխաներն են, հա, անկեղծ: Դասի էի գնում և բնականաբար մենակ ես չեմ քաղաքում: Հետևիցս գալիս են մայր ու տղա: Տղան կլինի երևի վեց տարեկան: Անցանք մոտ հիսուն մետր, բայց երեխան խոսում էր դեռ ձյան մասին: Չկարողացա ծիծաղս զսպել, երբ ասաց.

-Մամ, մամ, նայիր, մեքենայի վրա էլ ձյուն կա:

Մի քանի օր առաջ տեղեկացրեցին, որ համալսարանական քննություններից հետո ներկայանամ զինկոմինսարիատ և ճշտեմ բանակ գնալուս օրը: Հետո սկսեցի հասկանալ, որ երկու ձմեռ էսպես ֆոտո չեմ անի և չեմ քայլի այս հատվածով: Ու այս տարբերվող ձմռան մասին գրելուց հետո, եթե ստացվի, կգրեմ նաև այն մյուս տարբերվող ձմռան մասին, որտեղ ձմեռը դիմավորում են զենքով, հայրենիքը պահելու պատվով և ինչու չէ, նաև հայ սահմանապահ զինվորի հպարտ հայացքով: