Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Տարօրինակ երազանք

-Վաղը Քրիստինեի ծնունդն է, ի՞նչ ենք անելու:

-Էսօր դասերից հետո կմնանք, մի բան կմտածենք,- որոշում ենք ընկերուհիներով:

Դասերը ավարտվում են, և մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի Քրիստինեն առանց որևէ բան կասկածելու գնա տուն: Ստիպված վերցնում ենք պայուսակները և դուրս գալիս դպրոցից, մի քիչ գնում, նկատելով, որ Քրիստինեն անհետացավ մեր տեսադաշտից, նորից վերադառնում դպրոց: Մենք մտանք դպրոց, անգամ չկասկածելով, որ այդ օրը մեզ բազմաթիվ արկածներ է խոստանում:

Սկսում ենք մտածել, որոշում ենք հումորային շնորհավորանք գրել և յուրօրինակ կերպով այն ներկայացնել: Անցնում ենք աշխատանքի… Թերթի ձևավորման համար սկսում ենք մտնել դասարաններ և ինչ-որ փայլփլուն բան փնտրել: Չգիտես ինչու, սկսում ենք մեզ շատ խորհրդավոր պահել, ընդամենը մի փոքր փայլ պոկելու համար պահակներ ենք կանգնեցնում դռների մոտ, մի շշուկ լսելու դեպքում մտնում սեղանների տակ, մի խոսքով, ես այդ պահին ինձ զգում էի իսկական հանցագործ:

Այս ընթացքում եղանակը որոշում է Ճամբարակին մատուցել «հաճելի անակնկալ»:  Սկսում է կարկուտ… Կարկուտ, այն էլ ինչպիսի մեծության: Ուղղակի ասեմ, որ այդ կարկուտից ջարդվել են բազմաթիվ մեքենաների ապակիներ ու տանիքիներ: Սա ուղղակի պատկերացման համար:  Իսկ այդ ժամանակ մենք գտնվում էինք դպրոցում: «Մամայիս կասես, որ ես իրեն շատ եմ սիրում» , -մոտավորապես այսպիսի խոսքերով արդեն իրար հրաժեշտ էինք տալիս: Ու այդպես վախի մեջ անցկացնում ենք ևս կես ժամ…Արդեն ժամը 5-ն է, աշխատանքը ավարտել ենք և կարող ենք գնալ տուն:

-Պատկերացնո՞ւմ եք դպրոցի դռները փակ լինեն,- ծիծաղելով ասում է Լաուրան:

-Դպրոցի դուռը փակ ա,-լուրջ տոնով ասում է Էդիտան:

Իհարկե, մենք դա ընդունում ենք հումորով, բայց… Վերջապես կատարվեց մեր մանկության երազանքներից մեկը. մենք փակված ենք մնացել դպրոցում: Համաձայն եմ, տարօրինակ երազանք է: Դե, սկզբի րոպեները մենք, չգիտեմ ինչու, սկսեցինք ծիծաղել, բայց հասկանալով լրջությունը, սկսեցինք հիշել մեր տեսած ֆիլմերը: Առավելապես հիշեցինք գաղտնի գործակալների մասին կինոները… Դե, հասկացաք` ինչ միջոցներ սկսեցինք մտածել դպրոցից դուրս պրծնելու համար, բայց քանի որ պարան, լազեր արձակող շրթներկ, թռչող կոշիկներ և նմանատիպ իրեր չգտանք, որոշեցինք զանգել ամենազոր ՆՐԱՆ:

-Մամ, դպրոցում ենք մնացել, մի բան արա,- զանգում եմ մայրիկիս, իհարկե նրա ռեակցիան…տագնապալի էր,  բայց հեռախոսը անջատելով մայրս զանգում է մեր դպրոցի հաշվապահին, նա էլ իր հերթին զանգում է տնօրենին, իսկ տնօրենը զանգում է պահակին: Մի խոսքով, երեք աշակերտով խառնում ենք բոլորին:

Հեռվից պահակին տեսնելով ընդունում ենք մարտական կեցվածք, հասկանալով, որ նա իհարկե, չի շոյի մեր գլուխը:

-Երեխեք ջան, հո չե՞ք վախեցել: Մենակ էսօր եմ շուտ տուն գնացել, տեսեք` ինչ եղավ,- դպրոցի դուռը բացելուց հետո  անհանգստացած հարցրեց մեր պահակը: Մենք նրան հանգստացրինք և պատրաստվում էինք դուրս գալ դպրոցից, երբ մեքենայով եկան մեր դասատուներից ոմանք: Նրանց էլ հանգստացրեցինք և գնացինք տուն:

Իհարկե, միշտ ծիծաղելով ենք հիշում այդ օրը, բայց  կարևորը, կարող ենք ասել, որ մենք մի օր մնացել էինք դպրոցում փակված, կատարվել է մեր մանկության երազանքը… Տարօրինակ երազանք է: