Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Տեղեկատվական անվտանգության այսօրվա խնդիրները

Տեղեկատվական անվտանգության զարգացմանը զուգընթաց, կիբերհանցագործների կողմից ամեն օր նոր տեխնոլոգիաներ են մշակվում, և այդ պատճառով ներկայումս «տեղեկատվական անվտանգություն» մասնագիտությունը հանդիսանում է պահանջված ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։ Այս մասնագիտության և Հայաստանում կիբերանվտանգության մակարդակի մասին զրուցել եմ տեղեկատվական անվտանգության առաջատար մասնագետներից մեկի՝ Սիփան Վարդանյանի հետ։

-Ինչո՞ւ եք ընտրել հենց այս մասնագիտությունը։ Որքա՞ն ժամանակ է, որ այս ոլորտում եք։

-Մասնագիտության ընտրության հարցը ինձանից երկար ժամանակ չի պահանջել, որովհետև սա միակ բանն է, ինչ ինձ հետաքրքրում է։ Ես 13 տարեկանից աշխատում եմ։ Սկզբից Network Engineer էի, հետո քիչ-քիչ System Administration –ով սկսեցի զբաղվել, մինչև վերջնականապես խորացա Cyber Security-ի մեջ։ Մոտ 9-ից 10 տարի է, ինչ այս ոլորտում եմ, որից վերջին երկու տարին իրենից ավելի շատ  բիզնես աշխատանք է ներկայացնում։ Մինչ սեփական բիզնեսը՝ այլ կազմակերպությունների, օրինակ՝ բանկերի պաշտպանությամբ էի զբաղվում։

-Ի՞նչ դրական և բացասական կողմեր ունի այս մասնագիտությունը։

-Բացասական ոչինչ չունի, որովհետև եթե դու սիրում ես քո մասնագիտությունը, այն չի կարող քեզ համար որևէ բացասական կողմ ունենալ։ Բայց եթե խոսենք մասնագիտության դժվարությունների մասին, ապա կարող եմ ասել, որ պետք է շատ ճկուն լինել, որովհետև ոլորտը անընդհատ փոփոխությունների է ենթարկվում, և հնարավոր է, որ մի քանի ամիս քեզ ուղղակի տարրական հանգստի ժամանակ չկարողանաս տրամադրել։ Իսկ դրական կողմերը զգալիորեն գերակշռում են, նախ և առաջ դու անկախ ես քո գաղափարների, աշխատանքային լուծումների ընտրության մեջ։

-Ի՞նչ մակարդակի վրա է գտնվում կիբերանվտանգությունը Հայաստանում։

-Փորձում է զարգանալ։ Եվ երևի թե ճիշտ ճանապարհով է շարժվում: Ժամանակը ցույց կտա․․․

-Որո՞նք են ամենաառանցքային խնդիրները։ Այդ խնդիրները ավելի հաճախ ստեղծման փուլում  տեխնիկական խնդիրնե՞ր են, թե՞ մարդկանց վատ տեղեկացվածության գործոնն էլ դեր ունի։

-Միանշանակ ձեր երկու նշած գործոններն էլ մեծ դեր են խաղում։ Վերջերս ես ավելի հաճախ եմ մտածում մարդկանց անձնական տվյալների անվտանգության մասին։ Սա երևի առաջնային խնդիրներից մեկն է։ Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է մշակել նոր օրենքներ, տեխնոլոգիաներ, որոնք միտված կլինեն անձնական տվյալների պաշտպանությանը։

-Ինչքանո՞վ են համացանցի հայ օգտատերերը պաշտպանված։ Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել ցանցերում ավելի ապահով լինելու համար։

-Ինչպես արդեն նշեցի, անձնական ինֆորմացիայի անվտանգությունը վտանգված է։ Եվ իհարկե ամեն ինչ հենց սոց. ցանցերում էլ սկսում է։ Մարդկանց վատ տեղեկացվածությունը հանգեցնում է նրան, որ նրանք չեն հասկանում` ինչով կարելի է կիսվել սոց. ցանցերում, ինչով չի կարելի։ Օգտատերերի մեծամասնությունը չի կարողանում տարբերակել public ինֆորմացիան private-ից։ Եվ անձնական ինֆորմացիայի հանրային դառնալը սկսում է սոց. ցանցերից մինչև այն ամենափոքր կազմակերպություն, որը ձեր հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն կամ ուրիշ անձնական տվյալներ է ուզում։

-Ի՞նչ եք կարծում, համալսարանական գիտելիքը բավարա՞ր է լավ տեղեկատվական անվտանգության մասնագետ լինելու համար, թե՞՝ ոչ։

-Իհարկե ոչ։ IT ոլորտում առհասարակ բուհական գիտելիքը չի կարող բավարար լինել։ Դու պետք է ձգտում ունենաս ինքնազարգացման, ինքնակրթության համար։ IT-ին առհասարակ այնպիսի ոլորտ է, որտեղ կրթել կարելի է միայն միջակ մասնագետի, իսկ լավ մասնագետ ծնվում է հետաքրքրության և ինքնուրույն աշխատանքի շնորհիվ։

-Հայաստանյան աշխատանքային շուկայում տեղեկատվական անվտանգության մասնագետների պահանջարկ կա՞։ Եթե այո, ապա արդյո՞ք շատ են այդ մասնագետները։

-Մի քիչ բարդ է պատասխանել, դե հասկանում եք շահերի բախում ունեմ (կատակում է)։ Բայց եթե անկեղծ լինեմ, Հայաստանում տեղեկատվական անվտանգության մասնագետներին կարելի է մատների վրա հաշվել, հետևաբար, այո՛, պահանջարկ կա։