Տեղ տվեք ձեր մտքին և ցանկություններին

Հարցազրույց նկարիչ Արսեն Պետրոսյանի հետ

-Արսեն, ախր, ո՞նց ա մոտդ էսքան նման ստացվում:

-Ասեմ, բայց խոստացիր, որ կհավատաս:

-Հա, ասա, իհարկե, կհավատամ:

-Որովհետև я гений…

Ծիծաղում ենք:

Դու, հավանաբար, մտածում ես, որ ես զրուցում գլուխգովան մեկի հետ, սխալվում ես, նայիր ներքև և համոզվիր ինքդ…

Հավանաբար քեզ հետաքրքրեց նկարելու այս ոճը:

Դե, ինչ անցնենք հարցազրույցին:

-Ե՞րբ ես սկսել նկարել այս ոճով, և ի՞նչ է իրենից ներկայացնում այն:

-Այս ոճով նկարում եմ գրեթե մի տարի: Ոճը համարձակորեն կարելի է անվանել փոփ արթ, որն իրենից ենթադրում է հայտնի մարդկանց դիմանկարներ՝ կատարված 2 և ավելի գույներով՝ ըստ ճաշակի: Նկարիր ինչպես ու ինչ գույնով ուզում ես… Թերևս այսպես կարելի է հակիրճ ներկայացնել փոփ արթը: Չնայած ես շատ գույներ չեմ օգտագործում. սև, սպիտակ, մոխրագույն: Ոճի առանձնահատկությունն ավելի շատ մարդկանց  ուշադրություն գրավելն է, քան կգրավի հասարակ նկարը: Բայց և այնպես, բոլորին հասու չէ, սեփական փորձիցս եմ ասում:

-Հիշո՞ւմ ես առաջին աշխատանքդ այս ոճի մեջ: Ինչպիսի՞ արձագանքներ եղան:

-Իհարկե, հիշում եմ… Առաջինը Նորմա Ջին Բեյքերն էր՝ Մերիլին Մոնրոն: Շատ հաջող դիմագծեր ունի, շատ հաջող: Ինչպես միշտ, ոչ ոք չէր հասկանում՝ ինչ եմ անում: Հարցերի էլ չէի պատասխանում, լուռ գործովս էի զբաղված: Լավագույն գնահատականն ինձ համար շրջապատի մարդկանց գնահատականն է: Այ, թե ինչ է նշանակում հոգեկան բավարարվածություն:

-Մի տարի առաջ սա քեզ համար հոբի էր, իսկ այսօր դու կարո՞ղ ես ասել, որ նաև աշխատանք է:

-Իհարկե, կարող եմ: Հոբին աշխատանքի վերածելու փորձ ես արդեն ունեցել եմ 5 տարի առաջ, այնպես որ գիտեի՝ ուր եմ գնում: Գումարը մի կողմ, բայց երբ տեսնում ես պատվիրատուի էմոցիաները, դեմքին կարդում ես այն ամենը, ինչ ինքն արտահայտում է աչքերով մի քանի վայրկյանում, ակամայից դու էլ ես ինքդ քեզ շնորհակալ լինում: Համարձակ կարող եմ ասել, որ իմ վարձատրությունը միայն նյութական չէ: Ամենալավ աշխատանքն էլ վարձատրվող հոբին է…

-Իսկ ո՞վ կամ ի՞նչն է եղել քո ոգեշնչման աղբյուրը:

-Սկսեմ նրանից, որ դեռ մանկուց ինձ ոգեշնչողները եղել են ծնողներս ու հարազատներս: Առավել օբյեկտիվ իմ աշխատանքները գնահատում է հայրս: Վերջին դիմանկարներից մեկի մասին նա ասաց, որ նմանությունը 99 % է… Ես հասկացա, որ թերություններ իմ մեջ արդեն  պետք է փնտրեմ ինքս: Ոգեշնչման աղբյուր է նաև ամերիկացի հանրահայտ ավտոդիզայներ Չիփ Ֆուզը, որի աշխատանքներն ինձ մղեցին ավտոնկարչությունը տեղափոխել ավելի լայն հարթություն. դա, կարելի է ասել, նոր շրջան է ինձ համար:

-Իսկ մոտավորապես ո՞ր տարիքում ես նկատել, որ ունես նկարելու ձիրք:

-Ասում են, որ մարդ հիշում է իր մանկությունը սկսած 4 տարեկանից… Կա չէ՞ այսպիսի բան: Ես չեմ հիշում, երբ եմ սկսել նկարել, հիշում եմ միայն առաջին նկարս, որը սեպի նման մխրճվել է հիշողությանս մեջ ու դուրս չի գալիս: Դեղին ճուտիկ էր, որը պահում էի իմ դարակում: Մինչև հիմա էլ, ամեն անգամ, երբ բացում եմ դարակը, հույս ունեմ, որ կգտնեմ այդ նկարը….

-Երբևէ ունեցե՞լ ես կտավ նկարելու ինքնուրույն գաղափարներ:

-Չգիտեմ ինչքանով զարմանալի կթվա, բայց կտավի վրա նկարել եմ մի անգամ, այն էլ բանակում: Հեռու եմ կտավի վրա բնություն, կենդանիներ կամ նմանատիպ բաներ նկարելուց: Չի ձգում ինձ այդ ամենը: Կտավի հետ կապված մի աշխատանք եմ պլանավորում, որը շուտով կփորձեմ անել: Մեքենա է լինելու, մոդելը չեմ որոշել… Մեքենաներն էլ, նկարչության նման, մանկուց կենցաղիս անբաժան մասն են: Չեք պատկերացնի, ախր, ինչ խանդավառություն եմ ապրում, երբ նայում եմ ավարտած աշխատանքիս, ու այն ինձ դուր է գալիս: Քիչ է մնում դուռը բացեմ, քշեմ-գնամ:

-Իսկ եղե՞լ են պահեր, որ մուսադ կորել է: Եթե այո, ապա ինչպե՞ս ես դա հաղթահարել:

-Մուսան ինձ համար, ինչպես թանաքը` գրիչի:  Լինում է, ամեն ինչ պատրաստում ես, նստում ես, որ պետք է նկարես, մուսադ լքում է քեզ: Նախանձելի զգացողություն չէ, ինչ խոսք, բայց մեծ աղետ էլ չէ: Այդ պահերին ուղղակի փոխվում են պլաններդ, ու դու չես նկարում: Իսկ ինչ վերաբերում է մուսայաբացակայությանը, այսպես ասեմ, հաղթահարման դեպքեր դեռևս չեն գրանցվել:

-Իսկ եղե՞լ է հակառակը, որ դու ցանկացել ես կտրվել աշխարհից և ներսումդ կուտակվածը հանձնել  թղթին:

-Գիտեք, ես թղթին չեմ հանձնում իմ զգացմունքները: Միակ բանը, որ կարող եմ անել վերոնշյալ դեպքում, նույն զգացմունքների ու էմոցիաների ազդեցության տակ իմ իսկ ընտրած մարդուն կամ առարկան թղթին ու շրջապատի դատին հանձնելն է: Նման դեպքերը, բարեբախտաբար, չեն գերակշռում իմ կյանքում:

-Իսկ ի՞նչ կցանկանաս սկսնակ նկարիչներին:

-Սկսնակ նկարիչներ ջան, տեղ տվեք ձեր մտքին ու ցանկություններին: Գլուխգործոց ստեղծելու համար պարտադիր չի կարմիր դիպոլմով ավարտել արվեստի դպրոցը: Ուզում եք հաճույք ստանալ ձեր աշխատանքներից` հաճույքով նկարեք, ազատություն տվեք վրձնին կամ մատիտին, ինքը կանի ամեն ինչ ձեր փոխարեն: Ձեզ մնում է շատ ուզել ու հոգի ներդնել: Կստացվի, կտեսնեք: Հաջողություն եմ մաղթում բոլորին, թող ռետինի կարիք չունենան:

Հարցազրույցը վարեց՝ Կարինե Նահապետյանը