noya karapetyan

Տխուր զրույց

Երեսուն տարի առաջ էր: Սովորական կյանք էր թվում, սակայն այսօր Հայաստան տատիկի համար մի գունեղ ու երջանիկ երազ է թվում: Երկրաշարժը դեռ չէր եղել, ինքն ապրում էր Սպիտակում, ամուսինը, երկու դուստրերը: Ապրում էին բոլոր ընտանիքների նման:

-Փոքր աղջիկս լավ էր սովորում: Ասում էր. «Մամ, ավարտելու եմ, ընդունվելու եմ համալսարան ու մեծ մարդ եմ դառնալու»։

Մեծս սովորելու հետ սեր չուներ: Դպրոցն ավարտել էր ու տնային գործերում ինձ էր օգնում, մեկ-մեկ էլ քրոջ դասերին էր հետևում։

Իմ մարդս լավ մարդ էր: Իրա երեխեքին շատ էր սիրում, ինձ էլ հետը։Ես գործ չունեի, սաղ օրը տունն էի, տնային գործերով։Մինչ Սպիտակ գնալը Քարակերտում ենք ապրել: Երեխեքս ընդեղ են ծնվել, մեծացել ։Հետո ենք գնացել Սպիտակ:

Ուրախ էինք, բալաս, շաատ ուրախ,-արցունքներն աչքերին պատմում էր նա։

Իրենց աշխատանքով ապրող ազնիվ ընտանիք էին։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ն ամեն ինչ տակնուվրա արեց:

Հայաստան տատիկի ընտանիքի պատմությունն էլ աղետալի երկրաշարժից հետո ասես փուլ եկավ:

Երկրաշարժից հետո անօթևան մնացած մի ընտանիք տեղափոխվեց Քարակերտ։

-Ընտանի՞ք, բալա ջան։Ես ինձ մարդ չեմ համարում, ես կիսատ եմ,- իմ հարցին, թե ինչով էր զբաղվում ընտանիքը Քարակերտ վերադառնալուց հետո, պատասխանում է Հայաստան տատիկը:

Այդ չարաբաստիկ օրվա զոհ էին դարձել նրա ամուսինն ու կրտսեր դուստրը։ Այն դուստրը, ով պիտի համալսարան ընդունվեր, ով մեծ մարդ պիտի դառնար։

-Ես ու մեծ աղջիկս երկրորդ անգամ ծնվեցինք։

Պատմում է, որ վաղուց մեծ աղջիկն իրենից շատ հեռու է ապրում, ամուսնացել է ու մեկնել Ռուսաստանի Դաշնություն:

-Թողեց ու գնաց: Հիմա թոռներ էլ ունեմ։

Հայաստան տատիկն իրեն դժբախտ է համարում, որովհետև դստեր ու թոռներից հեռու է: Մնացել է մեն-մենակ:

-Էսքան տարի շատ դժվարությամբ պահեցի, մեծացրեցի, որ էսօր ինձ եսիմ ով պահի, որ ապրածս դաժան կյանքի կրկնությունը տեսնեմ…

-Դժվար է, բայց սրանից էլ եմ գոհ, այ բալա ջան։

Աղջիկն ու թոռները գումար են ուղարկում մորը, բայց այն հարցին, թե աղջիկը երբևէ չի՞ փորձել իրենց մոտ կանչել, պատասխանեց.

-Ինչների՞ն եմ պետք, պառավ կին եմ, ոչ նորմալ քայլում եմ, ոչ էլ…

Ուրիշ հարցի չպատասխանեց:

-Էլ չեմ կարա, բալա ջան, գնացեք…

Ծանր զրույց էր, տխուր: Ասես ակամա բացեցինք երեսուն տարի չսպիացող վերքը: