«Տնակ»-ային մի քանի օր

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Արդեն երկրորդ տարին օգոստոսի վերջին օրերին ՎայքԻնֆոՏան հյուրընկալմամբ ու ԷկոԼաբի աջակցությամբ տեղի են ունենում ՏՆԱԿ դասընթացները։ Դասընթացների ոչ ֆորմալ լինելը նույնիսկ անվանման մեջ է նկատվում, քանզի բոլորս հավաքվում ենք մի տնակում և դառնում տնակից ՏՆԱԿցիներ։ Այն հենց անգլերեն հապավումից է առաջացել՝ TNAC- Trainings in non formal education and active citizenship՝ դասընթացներ ոչ ֆորմալ կրթության և ակտիվ քաղաքացիության ոլորտներում։ Այս տարի այն տեղի ունեցավ օգոստոսի 23-27-ը, որին մասնակցեցին 40 երիտասարդներ Հայաստանի 8 մարզերից ու Երևանից։ Բանախոսները տարբեր երիտասարդական հիմնահարցերի ուսումնասիրման մեջ թրծված երիտասարդներ էին, հաճախ դասընթացի մասնակիցներ, ովքեր ունեին նորություններ կամ հմտություններ, որը ցանականում էին կիսել մյուսների հետ։ Սակայն ՏՆԱԿ-ի գաղափարը ոչ միայն զարգանալու, զարգացնելու, Վայքն ու Վայոց Ձորը ավելի ակտիվացնելու, այլև Հայաստանում հյուրընկալող ընտանիքների մշակույթի զարգացման մեջ է։ Այո, այո: Վայոց Ձորում չբնակվող երիտասարդներին իրենց տներում հյուրընկալել էին մասնակիցներ, ովքեր ապրում են Վայքում, Եղեգնաձորում ու Մալիշկայում։ Եվ քանի որ #TNAC2017-ի մասնակիցների մեծ մասը 17-ի պատանի թղթակիցներ էին,  որոշեցին կիսվել սեփական պատմություններով։ 

***

Լուսանկարը՝ Վայք Ինֆոտան

Լուսանկարը՝ Վայք Ինֆոտան

Երբ մի ամբողջ ամառ անցկացնում ես տանը՝ հեռախոսի մեջ մտած, կամ էլ ողջ օրը քնելով, իսկ հետո՝ ամռան վերջում, մի մոգական տիեզերանավ երկնքից իջեցնում է Լուսինեին, Գևորգին, Նարեկին, Վահեին ու Սերոժին՝ կազմակերպելու #ՏՆԱԿ2017-ը, դու ուղղակի անկարող ես դառնում ամառվա վերջին հինգ օրերն անցկացնել այնպես, ինչպես ամառվա մյուս օրերը, կամ, գուցե՝ մյուս ամառները։ Եթե դու այս տարի մասնակցել ես #ՏՆԱԿ2017-ին, ուրեմն շնորհավորում եմ, դու ինձ հետ միասին 40 հոգանոց ընտանիքի մեծ անդամ ես։ Եթե դու կարծում ես, որ, օրինակ, քսան տարեկանից բարձրերը անհետաքրքիր են ու լուրջ, ուրեմն դու շատ բան ես կորցրել, ու գիտե՞ս՝ ինչու, որովհետև էդ դեպքում դու չես ճանաչում Հմայակին, Վարդանին, «Հռուզան»-ին ու Դիանին, Ռաֆին, Կարենին ու Լիլիթին, Լուսինեին, Աստղին, Լիլյային ու Անդոյին, ովքեր «ծերակույտ»-ի գլխավոր անդամներն են։ Հինգ օրը ո՛չ անցավ այդքան սեմինարային և ո՛չ էլ ընկերական միջավայրում. ամեն ինչ չափից դուրս ընտանեկան էր։ Էհ, ոնց որ մեջտեղից սկսեցի, մի րոպե նորից փորձեմ։

Հայտագրվեցի #ՏՆԱԿ2017, ընտրվեցի ու գնացի Վայք՝ մասնակցելու, որտեղ մեզ էին սպասելու Երևանից եկած «ուրիշ մարզեցիները»։ Ամեն մի ոչ մարզեցի պետք է 5 օր մնար Վայոց ձորցի մասնակիցներից մեկի տանը, ես էլ Պապոյան Մարիամին էի հյուրընկալում:

Անկեղծ ասած, չեմ հիշում՝ էլ ինչ արտասովոր բաներ եղան առաջին օրը, հա՜, «Secret friend»-ի մեկնարկը տրվեց, ինձ էլ Նարեկի քույրիկն էր ընկել՝ Նանեն։ Իսկ օրվա վերջը հաստատ ոչ մեկը չի մոռանա, երբ մի 40 հոգով խցկվեցինք երթուղայինի մեջ ու գնացինք տներով։

Մի բանը լավ չէր, դե ո՞վ չգիտի, որ Մալիշկան ամենաակտիվ գյուղերից մեկն է: 90 տոկոսը կամ մալիշկեցի էին, կամ 5 օրը Մալիշկայում պիտի մնային: Երեկոյան նրանք հավաքվում էին, զբոսնում, իսկ մենք՝ Եղեգնաձորում մնացող 3 հոգիս, պետք է անկապ նստեինք տանը։

Երկրորդ օրվանից սեմինարներ, դասընթացներ, բանախոսություններ, ընդմիջում, բացօթյա կինոդիտում: Անկեղծ ասած երրորդ օրվանից բան չեմ հիշում, ոնց որ էն օրն էր, երբ բոլորը բոլորի վրա ջուր էին լցնում, այ թե ջրոցի էր, է՜։

Իսկ այ, չորրորդ օրը՜, մեկը մեկից լավ օրեր։ Առավոտյան էլի ճամփից վերցնում ենք երեխեքին, գնում Վայք, էլի սեմինարներ, բանախոսություններ, ու մեկ էլ հոպ՝ երեկոյան որոշում ենք փարթի կազմակերպել։ Փարթիի ժամանակ էլ այնքան թռվռացինք, մինչև շունչներս կփչեր, վերջում լցվեցինք մի 5 հոգով մի ավտոմեքենայի մեջ ու գնացինք տուն։

Հինգերորդ օրն էլ Դիաննայի ծննդյան օրն էր, գնացինք տորթ, քաղցրավենիք, հյութ առանք, շնորհավորեցինք, հետո Երևան գնացող «ծերակույտ»-ին ճամփեցինք՝ գրկախառնություններով:

…Ամենահագեցած հինգ օրը, որ երբևէ ունեցել էի, մարդկանց մի խումբ, որ իրենց հետքը թողեցին մյուսների վրա, հրաշք մարդիկ՝ Ռուզանի ու Հովիկի ակցենտները, Վարդանի հումորներն ու Հմայակի լեզվաբանության դասն ու մուննաթը, Կարենի ու Լիլիթի ծիծաղը, Նարեկի ու Նանեի ունքերը (հա, իրենք՝ քույր-եղբայր, ամենասիրուն ունքերն ունեն), Կառլոսի սրամտելու կարողությունը, Լուսինեի, Աստղի ու Ամալի ժպիտները, Արման-Արշակի խոսելաձևը, Գևորգի ու Ժորիկի հետ մի քանի անգամ Եղեգնաձոր գնալը, Մարիամի մի կերպ արթնանալն ու մռայլ դեմքը, Լիլիայի ամեն օրվա նվերները և այլն։

Գիտե՞ք, էլի եմ ուզում արթնանալ ժամը 8-ին, որ Նանեի նվերը սարքեմ, հետո Մարիամին մի կերպ արթնացնեմ, վազենք կանգառ ու տեսնենք, որ ամենևին էլ չենք ուշացել, հետո ճամփից վերցնենք Մալիշկայի խմբին ու գնանք Վայք, «էներգատվուկներ» անենք, մի լավ ծիծաղենք, իսկ երեկոյան սպասենք, որ Լուսինեն մեր խմբում վայրդագույն ֆոնի վրա պոստի, որ ժամը 11:30 լինենք Ինֆոտանը, իսկ մենք 12-ին նոր հավաքվենք, որ խմբերով գնանք մեր «Secret friend»-ներին նվերներ առնենք ու փոխանցենք Լուսին, որ թաքուն տա, բայց բոլորը տեսնեն էլի, կամ գնանք միասին հաց ուտելու ու դատարկ փորով հետ գնաք, կարոտում եմ ամեն ինչն ու բոլորին։

Հ.Գ. Հիմա որ նամակ են գրում, անկախ ինձնից մտքիս մեջ իրենց հատուկ ակցենտով ու ձայնով եմ կարդում։

Աստղիկ Հունանյան, Եղեգնաձոր

***

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Ես էլ այն երջանիկներից մեկն էի, ում հնարավորություն տրվեց մասնակցել #ՏՆԱԿ2017-ին:

Քառասուն հոգուց գրեթե կեսին ճանաչում էի: Որտեղի՞ց: Դե իհարկե, 17-ից: Հիշում եմ, առաջին օրը, երբ ծանոթանում էինք, արդեն շատերը մեզնից առաջ ընկնելով ասում էին, որ հաստատ 17-ից ենք:

Հաճելի էր այն փաստը, որ մնալու էինք հյուրընկալող ընտանիքներում ու ասեմ, որ իմ ու Վարդանի բախտը շատ էր բերել, որովհետև արտակարգ ընտանիքում էինք հյուրընկալվել…

Հինգ օրվա մեջ այնքան գժություններ արեցինք, որ մի ամբողջ կյանք արժեր: Փողոցում մատնաքաշ ուտելը, բախչագողություն անելը, «սիքրեթ ֆռենդին» նվեր տալը, Լուսինեենց տանը քսան հոգով հաց ուտելը ու էլի լիքը սենց բաներ, այդ հինգ օրում դարձել էին մի ամբողջ մեծ խմբին միավորող գործոնները:

ՏՆԱԿ-ում ապրած ամեն վայրկյանը հիմա կարոտով եմ հիշում ու չեմ մոռանում Ջեմմա տատին, ով չէր թողնում, որ իրենց տնից գնանք: Ասում էր, որ մնանք` լավ հանգստանանք ու հետո նոր կգնանք…

Հովիկ Վանյան, Դսեղ

***

Առաջին բանը, որ մտածել եմ Տնակի հայտը լրացնելիս.

-Բայց արժե՞, այդքան երկար ճամփա գնալ ճամբարի համար:

Իհարկե արժե, ես 100 տոկոսով վստահ եմ, որ չգնալու դեպքում շատ էի փոշմանելու: Հիշում եմ, ոնց մետրոյի մոտ Կարինեին տեսա ու անչափ ուրախ էի, որովհետև դա ամենասպասված պահերից մեկն էր: Հետո տեսա իմ ֆեյսբուքյան ընկերներից մի քանիսին` Անիին, Գայանեին: Չնայած նրան, որ ծանոթ չէինք, ես նրանց նյութերը կարդում եմ 17-ում: Արդեն հասանք տեղ ու հասկացա՝ ինչքան էի կարոտել Վահեին:

Հետո հիշում եմ Հասմիկին ու Ժորային, Նոնային, նրա ընտանիքին, ում հետ գիշերը երկար կարող էի խոսել։ Հիշում եմ Ռաֆին, ում բախտը գաղտնի ընկերոջ հարցում չէր բերել, որովհետև ես էի ընկել ու Ռուզանին, Դիանային ու Սոսեին:

Հիշում եմ իմ Աստղին ու մեր դսեղցի Հովիկին…

Ինձ ասել են՝ շատ չգրես, այնպես, որ բոլորիդ չեմ հասցնի նշել: Ուղղակի վերջում կասեմ, որ դուք բոլորդ արդեն իմ սրտում եք:

Մարիամ Բարսեղյան, Վանաձոր