Տնտեսագիտությունից դեպի հայ բանասիրություն

Արդեն մեկ տարի է սովորում եմ ԵՊՀ֊ում։ Հենց ամենասկզբից իմ ուշադրության կենտրոնում հայտնվեց Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներից մեկը։ Մարդ, որ կարող է ամուր հենարան լինել ուսանողի համար և սկզբունքորեն մշտապես ժպտալ։ Եվ այսօր նա իմ զրուցակիցն է` ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Հր. Թամրազյանի անվան հայ գրականության ամբիոնի ասիստենտ, ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախապատրաստական բաժնի պետ, «Հայ ասպետ» հեռուստախաղի փորձագետ Արշալույս Գալստյանը։

-Պատմեք մի փոքր, խնդրում եմ, Ձեր մասին։ Ինչպե՞ս եք ընտրել Ձեր մասնագիտությունը։

-Դեռ մանկուց, ինչպես մեր ժամանակի բոլոր երեխաների շրջանում, սեր կար գրականության նկատմամբ։ Չկար համացանց, հեռուստատեսությունը քիչ հասանելի էր, ինֆորմացիայի այլ աղբյուրները քիչ էին։ Գիրքը մնում էր այն միակ հետաքրքիրը, որով մենք լրացնում էինք մեր գիտելիքների բացը։ Հետագայում, 90֊ականների սկզբին, երբ ավարտեցի դպրոցը, ընտրեցի ժամանակի մասնագիտություններից մեկը՝ տնտեսագիտությունը։ Գերազանցությամբ ավարտեցի, հետո մեկ տարի աշխատեցի այդ մասնագիտությամբ ու հասկացա, որ դա իմը չէ։ Իմը գրականությունն ու բանասիրությունն էր։ Եվ արդեն 2000 թվականին ես ընտրեցի բանասիրությունը ու մինչև օրս կապվեցի գրականության հետ։

-Ի՞նչ կարծիք ունեք ժամանակակից գրականության մասին։

-Իմ գրապահարանում, եթե նայեք, ժամանակակից գրականություն շատ կա։ Ես չեմ կիսում այն տեսակետը, որ հիմա չկա գրականություն։ Կան շատ լավ հեղինակներ։ Այլ հարց է, թե ինչպես է այն մատուցվում, և ինչքանով է երիտասարդությունը դրանից տեղյակ։ Այն տրամադրությունը, որ հինը հրաշալի է, և նորը դեռ չկա, միշտ էլ գերիշխել է։ Ժամանակին, երբ Թումանյանը մուտք էր գործում գրական ասպարեզ, նրան ասում էին. մի՞թե Գամառ Քաթիփայից, Դուրյանից, Նալբանդյանից հետո կարող է ծնվել նոր բանաստեղծ։ Այսինքն, այդ ժամանակ էլ է եղել այդ խնդիրը։ Բայց կա նաև մյուս ծայրահեղությունը. ով ինչ ուզում` տպագրում է, դա էլ խառնվում է եղած լավագույնին։ Ներկայիս շատ հեղինակների գործեր էլ բեմադրվում են՝ Գուրգեն Խանջյան, Կարինե Խոդիկյան և այլք։

- Բոլորս էլ կյանքում ունենք ինչ֊որ մոտիվացիա, մեզ առաջ մղող մի անբացատրելի ուժ։ Ո՞րն է Ձեր կյանքի մոտիվացիան։

- Մինչև վերջերս իմ աշխատասենյակում կար ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնի հայտնի կարգախոսը. «Հավատա քեզ նաև այն ժամանակ, երբ ուրիշները չեն հավատում»։ Միշտ հավատա, որ դու կարող ես ու պիտի աշխատես։

- Կյանքում յուրաքանչյուրս ծնվում ենք մի առաքելությամբ։ Ո՞րն է այս կյանքում Ձեր ճանապարհը։

- Այն, ինչ սահմանված է ի վերուստ, ոչ ոք չի կարող իմանալ։ Կարծում եմ, պետք է ապրել այնպես, որ ինձնից հետո, անունս տալիս, իմ հարազատները, ընկերները չզղջան, չամաչեն այն գործի համար, որ ես եմ կատարել, ու այն հետագծի համար, որ ես եմ թողել։

- Լինում են իրավիճակներ, երբ մենք մեզ կառավարել չենք կարողանում։ Ի՞նչը կարող է ստիպել Ձեզ կորցնել ինքնատիրապետումը, և արդյո՞ք ունեք այնպիսի սկզբունքներ, որոնցով մշտապես առաջնորդվում եք։

- Հաճախ լինում է, որ ուղղակի չես կարողանում ինքդ քեզ կառավարել, զգացմունքներդ առաջ են մղվում։ Եվ կարող ես անել ու ասել այնպիսի բաներ, որոնց համար հետո զղջում ես։ Ես տեսակով մի քիչ ավելի բռնկուն եմ, անհանդուրժող եմ իմ շրջապատում առկա վատ ու նեգատիվ երևույթների նկատմամբ։ Բայց երբեք չեմ կատարում այնպիսի քայլեր, որոնք հետո կարող են ճակատագրական լինել։ Դրանք, որպես կանոն, խոսքի միջոցով են լինում։ Յուրաքանչյուր մարդու մեջ կա ինչ-որ ներքին սահման, որը չի գծվում, չի բարձրաձայնվում, բայց մարդը այդ սահմանից անցնել չի կարող։ Կանոնների ու սկզբունքների մի սահման է, որից հետո ինչ֊որ բանի հասնելը դառնում է անիմաստ։ Այդ գիծը անցնելու դեպքում կորցնում ես քո արժանապատվությունը։

- Յուրաքանչյուր մարդու հաջողությունների հետևում մի գաղտնիք կա թաքնված։ Կկիսվե՞ք հաջողության Ձեր բանաձևով։

- Ես մշտապես ասել եմ, երջանկությունը ու հաջողությունը մահկանացուներին տրված բաներ են, որոնք հաճախ աննկատ են մնում։ Ես կարծում եմ, որ մարդը, եթե ինչ֊որ բան անում է, անում է հանուն ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի։ Իմ ընտանիքը, իմ երեխաները ինձ համար շատ թանկ են և ինձ ուժ են տալիս։ Ունեմ շատ լավ ընկերներ և ուսանողներ, որոնց սիրում եմ, որոնք ինձ են սիրում, և այս ամենը հանրագումարի բերելով կարող է սահմանվել իմ հաջողության բանաձևը։

- Ո՞վ է մեր ժամանակների Ձեր հերոսը։

- Եթե այս հարցը ինձ տայիք դպրոցական տարիներին, ես շարքերով կտայի տարբեր կերպարների ու հերոսների անուններ, որոնք ինձ ոգեշնչել են։ Հիմա պատկերացումները փոխվել են։ Կան մի շարք կերպարներ, որոնք իրենց գործով, իրենց համարձակ քայլերով, կարող են տվյալ պահին ինձ հոգեհարազատ լինել։ Կդժվարանամ պատասխանել և չէի ցանկանա, որ լինի մեկը, որին կկոչեի հերոս։

- Ինչպիսի՞ հատկանիշներով պետք է օժտված լինի լավ ուսանողը և Ձեր կարծիքը դասախոս-ուսանող հարաբերությունների մասին։

-Դասախոս֊ուսանող հարաբերությունները պետք է լինեն շատ մտերմիկ ու ընկերական, բայց երկկողմանի հասկացված, որ չանցնեն թույլատրելիի սահմանները։
Ուսանողը պետք է գիտակցի, որ եկել է սովորելու, որովհետև այս դարում անիմաստ ժամանակ անց կացնել լսարանում և գումար վճարել դիպլոմի համար, ուղղակի աբսուրդ է։ Ես սիրում եմ ուսանողի այն տեսակը, որը համարձակ է, մոտիվացված է, նա գիտի ինչի համար է եկել ու ինչ է ուզում համալսարանից։ Սիրում եմ այն ուսանողներին, որոնք հանդես են գալիս առողջ քննադատությամբ, դասախոսից պահանջում են։

- Մի քանի շաբաթ առաջ ԵՊՀ֊ն դարձավ 100 տարեկան։ Ինչպիսի՞ն է Ձեր պատկերացումներում ԵՊՀ֊ն։ Կա՞ն բաներ, որոնք կցանկանայիք փոխել։

- Իսկապես աշխարհում քիչ կան բուհեր, որոնք կարող են հպարտանալ 100֊ամյա անցած ուղով։ Ծնվելով ու ստեղծվելով մեր ժողովրդի համար դժվարին իրավիճակում, արդեն իսկ վկայում է, որ մեր ժողովուրդը կարևորում է համալսարանի դերը։ Ես այն համարում եմ շատ մեծ ընտանիք։ Ցավում եմ համալսարանի յուրաքանչյուր անհաջողության համար և հպարտանում յուրաքանչյուր համալսարանականի հաջողությամբ։ Իհարկե բացթողումներ կան, բայց ես կարծում եմ, համալսարանն ունի այն ներուժը, որով կարող է հաղթահարել իր առջև դրված խնդիրները։ Եվ վստահ կարող եմ ասել, որ այն մշտապես եղել է, կա ու կմնա մեր գիտության առաջատարը։

- Վերջերս շատ ենք լսում, որ ներկայիս բարձրագույն կրթական հաստատությունները նախկինի նման լավ կադրեր չեն պատրաստում։ Սրա մեջ ճշմարտացիություն կա՞։

- Ես կարծում եմ, որ ուղղակին ընդլայնվել է ինֆորմացիոն դաշտը։ Ներկայիս ուսանողը գուցե ինչ֊որ առումներով զիջում է 70-80-ականների ուսանողներին, բայց այս սերունդն էլ իր առավելություններն ունի։ Այս սերունդը կարող է օգտվել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներից, կապ հաստատել աշխարհի հետ, համգործակցել այլ համալսարանների հետ։ Այն ժամանակվա կրթությունը պլանավորված ու ուղղորդված էր։ Համարում եմ, որ գնահատականները տեղին չեն։ Այսօրվա բուհերի կողմից պատրաստված մասնագետները բնավ էլ թույլ չեն։

-Լինելով գրականագետ՝ ի՞նչ եք կարծում, բոլորս էլ կյանքի ինչ-որ էտապից սկսած Զոհրապ Հուսեփ աղայի նման քա՞րշ ենք տալիս մեզ հետ մեր ճիտին պարտքը։

-Երևի թե այդ ճիտին պարտքը ի սկզբանե կա։ Մենք չենք նկատում, բայց ժամանակի ընթացքում անցնում ենք ճանապարհ ու զգում դրա ծանրությունը։ Տարիների ընթացքում գումարվում ու գումարվում են խնդիրները։ Եվ թող ոչ մի խնդիր, մեզ համար ճիտին պարտք չդառնա։ Թեպետ և կյանքի ընթացքում, ի վերջո յուրաքանչյուրս, եթե ոչ «ճիտին պարտքը», ապա մեր խաչը տանում ենք մեզ հետ։