Տնտեսական (չ)հեղափոխություն

Ազգային ժողով, փետրվարի 14. մեր վարչապետը հայտարարեց, որ սկսում է իր երկրորդ քայլարշավը` «տնտեսական հեղափոխությունը»: Մինչև տնտեսական հեղափոխությանն անցնելը, նախ պարզապես նշեմ, որ մենք ընդհանրապես հեղափոխություն չունեցանք (այո, ինչքան էլ գեղեցիկ է հնչում` «թավշյա հեղափոխություն», բայց դե ինչպես հայտնի թևավոր խոսքն է ասում` ճշմարտությունն ավելի լավ ընկեր է): Մենք ունեցանք դասական իշխանափոխություն. մնացինք խորհրդարանական երկիր, տնտեսությունը շարունակում է մնալ շուկայական և ընդհանրապես` ոչ մի համակարգային լուրջ փոփոխություն չունեցանք: Հեղափոխություն կլիներ, օրինակ` երբ դառնայինք թագավորական միապետություն: Սակայն այս թեմայով ավելի լավ է քաղաքագետները զբաղվեն, իսկ ես անցնեմ մասնագիտական ոլորտիս:

Ընդհանուր առմամբ` տնտեսագիտության մեջ «տնտեսական հեղափոխություն» հասկացություն չկա, դրա փոխարեն օգտագործվում է «արդյունաբերական հեղափոխությունը»: Մենք այսպես ենք սովորում տնտեսագիտական համալսարանում: Արդյունաբերական հեղափոխությունն ընթացել է 4 հիմնական փուլով.

1760-ականներից մինչև 1870-ականներ: Այն հայտնի է որպես մեքենայացման հեղափոխություն:

1870-1970-ականներ: Այս շրջանում հեղափոխական քայլեր կատարվեցին քիմիական արդյունաբերությունում և առաջին անգամ ստեղծվեցին հսկա կորպորացիաները, օրինակ` FORD MOTORS-ը:

1970-90-ականներ: Այս փուլի ձեռքբերումների գագաթնակետը, դե իհարկե, ատոմային էներգիան էր:

90-ականներից մեր օրեր: Դե, այս փուլում առաջացավ ու լայն տարածում գտավ համացանցը` իր հետ բերելով հեղափոխական գաղափարներ, իսկ նախկինում ձևավորված բոլոր կարծրատիպերը տնտեսութան վերաբերյալ պարզապես փոշիացան:

Հիմա գանք Հայաստան: Նյութը գրելու մոտիվացիա դարձավ կես ժամ առաջ կարդացածս հոդվածը` «Տնտեսական հեղափողությունը հասել է Կոտայք»: Բովանդակությունը ներկայացնեմ կարճ. նախատեսվում է 1500 նոր աշխատատեղ և մի քանի ներդրումային ծրագրեր իրականացնել: Այսքանը, ոչ մի նոր հեղափոխական քայլ: Եվ սա միակ դեպքը չէ, նմանատիպ բովանդակությամբ հոդվածները, քննարկումները, հաղորդումները շատ են: Մարդիկ ներկայացնում են, որ ունեցանք X տոկոս տնտեսական աճ, Y-ով կրճատվեց գործազրկությունը, Z-ով ավելացան օտարերկրյա ներդրումները: Եվ ամենավատը այն է, որ վերը թվարկվածները կապում են «տնտեսական հեղափոխության» հետ: Սրանք նորմալ երևույթ են ցանկացած առողջ տնտեսական համակարգում…

Ու այսպես շարունակ, բոլորն են խոսում «տնտեսական հեղափոխությունից», թռիչքաձև աճից, բերում են Սինգապուրի, Իսրայելի օրինակները, սակայն մենք շարունակում ենք նույն, ավանդական տնտեսությունը վարել, նույն առօրյայով ապրել: Տնտեսությունը վերցնել և դարձնել իսրայելական կամ սինգապուրյան պարզապես հնարավոր չէ: Մենք ունենք հայկականը` իր հարյուրավոր առանձնահատկություններով, լավ ու վատ կողմերով: Միգուցե շուտով այդ փորձը հիանալի արդյունքներ ցույց տա, և աշխարհում հայտնի դառնա հայկական օրինակը, չգիտեմ: Հա, ու միայն հեղափոխություն հայտարարելով, գեղեցիկ երանգներ տալով իրավիճակը չես փոխի:

Սխալ չհասկանաք, պարզապես եկեք բառերն ու հասկացությունները ճիշտ և տեղին օգտագործենք: