seda mkhitaryan

Տոներն անցան

Դարակումս դրված գրքերը ինձ են սպասում: Բերել եմ գյուղ, որ արձակուրդին կարդամ։ Արձակուրդը շուտով կավարտվի, իսկ գրքերը երևի կմնան առանց կարդալու։

Ժամանակը կրկնակի արագ է անցնում, երբ ազատ օրեր են։ Տոներն անցան, ու հիմա «հետտոնական սթրես» կոչվածը փաթաթվել է վզիս։

Այս տարվա Ամանորը սիրուն չէր։ Առանց ձյուն ձմեռվա հեքիաթը կիսատ էր, կամ` չկար։

Անցած տարվա փետրվարին ծնված փոքրիկի համար սա առաջին Ամանորն է, ճիշտ է, նա այնքան էլ չի հասկանում չարազից, բլինչիկից ու տոլմայից, բայց դե մենք էլ նրա չափ չենք կարող հասկանալ հրաշքներից, հեքիաթներից ու Ամանորից։

Ինչևէ, մի տարի էլ անցավ, մի եղևնի էլ տոնածառ դարձավ, մի անգամ էլ շամպայնի բաժակները իրար զարկվեցին, կրկին բոլորը իրար շնորհավորեցին, հյուրեր եկան ու գնացին, մենք ինչ որ տեղեր հյուր գնացինք, ու մի թղթապանակ էլ ավելացավ համակարգչի մեջ «Ամանոր» անունով, բայց կողքի թիվը տարբեր է՝ «2018»։ Ամբողջ Ամանորը դարձավ ընդամենը մի քանի լուսանկար ու պահվեց համակարգչում։

Հիմա նստած եմ արդեն ոչ մեկին չգերող տոնածառի կողքին ու զգում եմ բնական եղևնու հոտը: Վառարանը երգում է, դրսում ձյուն չկա, իմ մտքում «Դրսում ձմեռ է, բայց շատ լուսավոր է…» երգն է, ու մտածում եմ` տեսնես երբվանի՞ց և մինչև ե՞րբ է ժամանակի պարույրը պտտվելու, մինչև ե՞րբ են բոլոր ամանորները իրար նման լինելու, մինչև ե՞րբ ենք եղևնին տոնածառ դարձնելու։ Հռետորական հարցեր չեն, բայց դառնում են այդպիսին։

Կարմիր խաղալիքը կախվել է տոնածառին ու նրա մտքում էլ երևի նույն հարցերն են։

Բայց արդյո՞ք բոլոր ամանորները նույնն են։ Երևի` չէ, այ օրինակ, անցած Ամանորին դու 17 տարեկան էիր, հիմա 18 ես, բայց տարբերությունը միայն այդ մի տարին չի… Այդ մի տարվա մեջ քո կյանքում շատ բաներ են փոխվել։ Մի տարի առաջվա այն աղջիկը հիմա հաստատ նույնը չի։ Նա հիմա նոր մտքեր ու երազանքներ ունի, նա հիմա աշխարհին մի քիչ ավելի «մեծի» աչքերով է նայում։