Տուր ինձ ոչ թե այն, ինչ խնդրում եմ, այլ այն, ինչ իսկապես անհրաժեշտ է ինձ…

Բարև՜, ամենաանսպասելի, ամենապարտաճանաչ, բոլորից արագ ժամանող և ինքդ քեզնից երբեք չձանձրացող Նոր տարի: Գիտեմ՝ զարմանում ես, որ գրում եմ քեզ: Չէ՞ որ ես արդեն չեմ ուրախանում քո ոչ գնալով, ոչ էլ առավել ևս՝ գալով: Անկեղծ ասած՝ ես էլ եմ զարմանում: Ամեն դեպքում մի՛ նեղացիր ինձնից. ես արդեն մեծ եմ: Չնայած քո գործն է… Ինչևէ:
Գիտեմ՝ նորից նույնն ես լինելու: Անունդ Նոր է, գալիս ես իբր նորություններ բերելու, բայց ինքդ միշտ նույնն ես՝ առատ սեղաններով, հյուրերի անսպառ հոսքով…Մարդ ժամանակ էլ չի ունենալու հանգիստ պարապելու: Դե լավ, մի՛ բարկացիր, ի վերջո պիտի՞ ընդունվեմ, թե՞ չէ: Հա, ի դեպ, ընդունվելս քեզ վրա է, հանկարծ չմոռանաս: Հույս ունեմ՝ այս անգամ մեր հեռուստատեսությունը կլցնես հնարավորինս քիչ տափակ ու հումորային ծրագրերով: Հասկանում ենք՝ քեզ են դիմավորում, բայց դրան էլ ձև կա, չէ՞: Թե չէ տարվա սկզբից սկսում են կրկնել երեք-չորս տարվա հնություն ունեցող հաղորդումները, իբր եթեր են լցնում: Չնայած դու սրա հետ այնքան էլ կապ չունես, թողնենք:
Երևի զբաղված ես, իսկ ես խանգարում եմ, չէ՞: Հըմ: Բոլորի կողմից սիրված էն պապին՝ իր թոռան հետ, կբարևես իմ կողմից: Կամ էլ կարող ես չբարևել, դժվար թե ինձ հիշեն: Ես վաղուց նրանց նամակ չեմ գրել: Եթե հիշեն էլ, հաստատ քեզ պես նեղացած կլինեն, որովհետև նրանց էլ ինչ-որ չեմ հավատում արդեն: Լավ-լավ, չափազանցնում եմ: Անցյալ տարի եղբորս հետ նամակ գրեցի, ու եղբորս համառության շնորհիվ կամ պատճառով մեր նամակը հայտնվեց փոստում: Վերջը ինձ հայտնի չէ:
Երևի հարցնում ես, թե ինչ եմ ուզում, որ բերես: Նույն հարցը ես էլ տվեցի ընկերներիս.
-Էն ամենը, ինչ չի բերել նախորդ տարիներին,- պատասխանեց մեկը:
-Հասկացվածություն՝ իր բոլոր տողատակերով,- սա էլ մյուսը:
Իսկ երրորդը պարզապես ասաց.
-Նոր տարին չի բերում…Մենք ենք գտնում ու կորցնում:
Գիտեմ՝ գտնելով ու կորցնելով ենք հասունանում և սովորում ուրախանալ ամեն փոքրիկ բանից, նույն ճանապարհով ենք արժևորում մեր յուրաքանչյուր րոպեն և կարևորում ապրած ցանկացած օրը: Գիտեմ… Բայց ուզում եմ, որ ժամանակից շուտ ոչ գտնենք և ոչ էլ, առավել ևս, կորցնենք: Ուրիշ ոչինչ:
Հ. Գ. Ես զարդարում եմ իմ սենյակը տոնածառի լույսերով, և ամեն անգամ՝ տուն վերադառնալիս, իմ պատուհանը վերևից ժպտում է ինձ: Վերցնում եմ թուղթը և գրում եմ նամակ Ձմեռ պապին՝ չմոռանալով հիշել նաև Էքզյուպերիի մասին.
Տուր ինձ ոչ թե այն, ինչ խնդրում եմ, 
այլ այն, ինչ իսկապես անհրաժեշտ է ինձ…