karine nahapetyan

Տվեք ինձ գրքեր` թռչելու թևեր

Գիրքը մարդու համար ինքնազարգացման, ինքնաձևավորման, ինքնահաստատման լավագույն միջոցն է, բայց իհարկե, լավ գիրքը: Կարծում եմ, որ մարդը մի փոքր «գող» պետք է լինի և իր յուրաքանչյուր կարդացած գրքից որսա իրենը և դարձնի կյանքի բանաձև:

Իսկ ի՞նչ գրքեր եմ կարդում ես: Նախ ասեմ, որ ուղղակի և անուղղակի ձևով կառչած եմ հայ գրականությանը: Հիմա կարդում եմ Հովիկ Չարխչյանի «Չարենցի կրակոցը»: Վերջերս եմ մտել Չարենցի աշխարհը և աներես հյուրի նման չեմ ուզում դեռևս դուրս գալ: Զարմանում եմ, երբ մարդիկ մերը թողնելով, ընկնում են օտարների հետևից, երբեմն փնովում են մերը, ընդ որում` չուսումնասիրելով :

Անդրադառնանք գրքին: Նախ ասեմ ` Չարենցը հանճար է: Ես առաջ շատ էի անտեղի շռայլում «հանճար» բառը, հիմա օգտագործում եմ տեղին: Գրքում, կարելի է ասել, որ պատկերված է Չարենցի կյանքից մի դրվագ` խենթություններով և բազում սիրահարվածություններով լի, իսկ կենտրոնում մեծ սերը` իր կինը` Արփենիկը:

Առաջ կարդում էի այն,  ինչ ընկնում էր ձեռքիս տակ: Հետո սկսեցի զանազանել անարժեքն ու արժեքավորը: Ասեմ, որ ինչ կարդում եմ, ոչ միշտ է, որ «հալած յուղի» նման ընդունում եմ, և ըստ իս,  սխալ է ամեն բան ընդունել այնպես, ինչպես որ գրված է: Այսպես վարվելով կարծես դառնում ես ինչ-որ մեկի ստրուկը և անցնում նրա ենթակայության տակ:

Իմ կարդացածներից շատ եմ հավանել Վարդգես Պատրոսյանի «Կրակե շապիկը»: Այստեղի հերոսները ամեն մեկը յուրովի է կերտված: Գրքում կար մի  այնպիսի հերոս, որ չբացահայտվեց իմ կողմից և կարծում եմ, որ լավ գրքի գրավականը հենց սա է, երբ ինչ-որ բան առեղծված է մնում, և հերոսի կամ որևէ երևույթի բացահայտումը մնում է կարդացողի հայեցողությանը: Այսպիսով մենք էլ ենք դառնում գրքի հերոսներ և որոշ ժամանակ ապրում նրանց հետ, զբոսնում, զրուցում, վիճում, գովաբանում, հիասթափվում, երազում… Եվ վերջիվերջո` լքում:

Լքում ենք , սակայն երբեք չենք մոռանում…
Կան հեղինակներ, որոնք դարձել են «գրասեղանային», միշտ մեր ձեռքին են: Նրանցից են ինձ համար Վահագն Դավթյանը, Չարենցը,  Ակսել Բակունցը, Համո Սահյանը, Վարդգես Պետրոսյանը և այլն:

Գիրք կարդալիս մատիտս միշտ ձեռքիս է, որ ինձ դուր եկած մտքերը արտագրեմ տետրիս մեջ, բայց շատ ժամանակ ծուլությունս ինձ հաղթում է, և դրանք այդպես էլ մնում են:

Ժամանակակից գրականությունը այդքան էլ չեմ հավանում, որովհետև հիմքը կենցաղն է, ոգին բացակայում է: Համ էլ` ժամանակակից աշխարհը, կարծում եմ, որ իր բացասական և դրական կողմերով բոլորիս հայտնի է, և այդքան էլ հետաքրքիր չէ իմացածդ և տեսածդ կարդալ` հազար հատ բառարան քրքրելով: