Տրամաբանական ավարտ

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

«Մեր հաղորդումը մոտեցավ իր տրամաբանական ավարտին»,- սիրում են ասել հաղորդավարները, ու ես երբեք չեմ կարողանում հասկանալ, թե որն է այդ տրամաբանական ավարտը: Ինչպե՞ս այն կարելի է տարբերել սովորական ավարտից: Կամ կա՞ արդյոք անտրամաբանական ավարտ: Ինչո՞ւ, օրինակ, հաղորդումը սկսելիս ոչ ոք չի ասում, որ «մեր հաղորդումը մոտեցել է իր տրամաբանական սկզբին»: Իսկ ինչո՞ւ, օրինակ, հաղորդումները երբեք չեն մոտենում իրենց սոցիոփիլիսոփայական, կամ, ասենք, նիհիլիստիկ-էվոլյուցիոն ավարտին:

Որտեղի՞ց է սկիզբ առել այս եթերային չարիքը: Ովքե՞ր են այս սոփեստական զառանցանքի մեղավորները: Հուսով եմ` նրանց գործունեությունը հեռուստատեսությունում մոտեցե՞լ է իր տրամաբանական ավարտին:

Հետաքրքիրն այն է, որ գրեթե բոլոր հաղորդավարները օգտագործում են այս արտահայտությունը, երբ վերջացնում են իրենց հաղորդումները, բայց չեմ կարծում, թե նրանցից որևէ մեկին երբևէ հուզել է այդ նախադասության անիմաստությունը: Նրանցից շատերին բացարձակապես չի հուզում նույնիսկ ամբողջ իրենց հաղորդման բացարձակ անիմաստությունը, իսկ ես ինչ-որ նախադասություններից եմ խոսում:

Մյուս կողմից, իհարկե, հասկանալի է. ո՞վ է ուզում իր հաղորդումն ավարտել հասարակ, ճղճիմ, ձանձրալի ու տափակ «մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին» կամ «մեր հաղորդումը վերջացավ» արտահայտությամբ: Ես նույնիսկ տեսնում եմ, թե ինչպես են հեռուստադիտողները հիասթափված բղավում «բու-ու-ու», աղջիկները ծամածռում են քթերը` «ֆու-ու, անճաշակ», կամ «այ քեզ գեղացի, յախք», բարձր մտավորականները, ճոճելով բերետները, պնդում են, որ դա «պրիմիտիվ է, կանխատեսելի, գավառական, ֆի»:

Իսկ «տրամաբանական ավարտը» խելացի է հնչում, ընդհանրապես` երբ հաճախ ես ասում «տրամաբանական», դառնում ես խելացի, զարգացած, ժամանակակից, չէ՞ որ դա ինչ-որ խելացի բառ է, հնչում է վեհ ու հանելուկային: Բավական է հաղորդման վերջում շրջվես դեպի տեսախցիկը` ուղղելով քո հիփսթեր-ակնոցը, որը նույնպես դնում ես ինտելեկտուալ շղարշն ապահովելու համար, ու արտասանես կախարդական «դե ինչ, իսկ մեր հաղորդումը մոտեցավ իր տրամաբանական ավարտին» նախադասությունը, իսկ ցանկալի է նաև մատդ Էլվիսի պես ուղղես դեպի տեսախցիկը, և վերջ, դու դեմք ես, եթերի արքան, չէ՞ որ դու գիտես «տրամաբական» բառը, իսկ եթե հաղորդման ընթացքում հասցրել ես օգտագործել նաև «կոնցեպտուալ», «էքսպերիմենտալ» և «սյուռ» բառերը (ցանկացած հերթականությամբ, թեկուզ իրար հետևից), քո հեռուստակարիերան մոտենում է իր վերելքին:

Այս մասին դեռ շատ բան կարելի էր ասել, բայց իմ ժամանակը, ցավոք, մոտեցավ իր տրամաբանական ավարտին: