valentina

Տրամադրության 50 երանգներ

Հաշվի առնելով, որ բոլոր մարդիկ էլ ապուշ արարածներ են՝ երկու ձեռքերով, երկու ոտքերով, երկու ականջներով, երկու աչքերով, 1-ական քթով ու բերանով, որպես ապուշյաց ապուշ ուզում եմ ինձ իրավունք վերապահել դասակարգելու մեր տրամադրության երանգները։ «Ճշտով ապրած», թզբեխի ճտտոցով հարց լուծող, լավ աղջկա ու լավ տղայի սահմանումները որոշող, 3-րդ մաս և Կայարան արգելանոցներում «թայֆաներով լռվցնող», յուղոտ փետրագագաթով՝ չոլկայով ու հիպնոսացնող կլկլաձայն մռինչի համար «գժվող» ախպերներին խորհուրդ չի տրվում կարդալ, քանի որ վերոնշյալ մարդիկ ունեն մի տրամադրություն, որը միայն կարող է փոխվել իրենց «խարեբի» ծնունդից ծնունդ։

Չջրիկանալով, դուրս չգալով անլրջության տարայից և սիրելով մեր «քյարթակիրների» ճշտի կրոնը՝ հարկ եմ համարում «չլղոզվել» և անցնել բուն թեմային։

1․ Երբ էնքան ես ուզում կռիվ անես, որ նյարդերդ հանգստանա, որոշում ես մազերդ կապույտ, կանաչ, վարդագույն, դեղին ներկել, իջնել Չարբախ, մոտենալ առաջին հանդիպած երիտասարդին, բռնել նրա ուսերից ու մի քանի անգամ թափ տալով ասել․ «Դե, կարողանո՞ւմ ես՝ մի բան ասա, դե ասա է, ասա, ասա, հենց հիմա ասա» կամ «Բա ինչի՞ չես ասում, դե կարողանում ես՝ ասա, է»։

2․ Երբ մեկը մոտդ դատարկորեն շատախոսում է, առանց քեզ հերթ տալու, ուզում ես ուղղակի իր ուսերից բռնես, բարձրացնես վեր ու միանգամից իջեցնես սառը ջրի մեջ։ 5 վայրկյան, շատ չէ, պահես սառը ջրի տակ, հետո միանգամից հանես, ու զգաս՝ ո՜նց հանգստացավ, է։

3․ Երբ էնքան ես հոգնել մարդկանցից, քննական ճնշումից, սոցիալական մեդիայի աղմուկից, հիմար ու տափակ խնդիրներից, որ ուզում ես ուղղակի տնից դուրս գալ ու գնալ կորչելու։ Քեզ համար հանգիստ քայլես, որ հարևանդ հարցնի՝ ո՞ւր ես գնում, դու հպարտ պատասխանես՝ կորչելու։ Հա՛, ուղղակի կորչելու։ Մենակ կորչելու։

4․ Ունենք, չէ՞ էնպիսի ծանոթներ, որ ամռանը շոգից են բողոքում, ձմռանը՝ ցրտից։ Ամռանը հավաքես էդ բոլոր ծանոթներին մի բեռնատարի մեջ, քշես տանես մի մութ սենյակ, որտեղ շատ ցուրտ է, ու ասես՝ դե, վայելեք ամառը։ Հետո ձմռանը գաս նորից էդ սենյակ, բոլորին նորից հավաքես ու տանես մի ուրիշ մութ սենյակ, որտեղ շատ տաք է։ Էնքան բարձրացնես ջերմաստիճանը, որ վառվեն։ Հետո նորից գա ամառ, էլի կրկնես նույն պրոցեդուրան։ Էնքան, մինչև հասկանան, որ շատ նորմալ երևույթներ են ամռան արևն ու ձմռան բուքը։ Բա դրա համար էդ անտերներից մեկը ամառ ա կոչվում, մյուսը՝ ձմեռ։ Վա՜յ։

5․ Մեկ-մեկ էնքան մտազբաղ ես լինում, որ ուզում ես անձրևը գա ու լցվի փոքրիկ ջրափոսերի մեջ, դու էլ մի քանի անգամ ոտքով պարբերաբար հարվածես էդ ջրերին ու ընթացքում մտածես, թե ինչի էիր էն օրը Վարդուշիկի հետ հեռախոսով խոսելիս փորձում դարակը հակառակ կողմով բացել։

6․ Մեկ-մեկ ուզում ես իրոք մտածել գրողի ծոց կառուցելու մասին, որ մարդկանց կամ գաղափարները էնտեղ ուղարկելիս՝ իմանաս գոնե էդ խեղճերն ուր են գնում։

7․ Երբ ֆեյսբուքում կամ ինստագրամում էջդ սքրոլ անելիս տեսնում ես, որ 14-15 տարեկան երեխաները բազմազավակ մարդկանց նման գրում են․ «Ուզում եմ մոռանամ», ուզում ես գնաս Մեշոկ պապիկի շորերը հագնես, մի հատ ֆեյք էջ բացես ու գնաս մեկնաբանություն գրես․ «Ի՞նչը մոռանաս, այ մեռնեմ քեզ, բազմապատկման աղյուսա՞կը»։

8․ Էն որ էնքան ես ջղայնանում աղբը գետնին թափող մարդկանց փչացած գիտակցության վրա, որ ուզում ես էդ մարդկանց տեսնելուն պես էնպես հարվածես իրենց երեսներին, որ էն մուլտիկների պես գլուխները առաձգական լինեն՝ հարվածես, երկարեն, ծռվեն, հետո ուղղվեն, ու էդպես շարունակ։

9․ Էն որ անկապ հայկական երգեր կան, որ մտածում ես՝ լավ, բա դրանք ո՞նց են ստեղծվել, էդ երգերից միացնես, լավ պարես՝ հավեսդ հանես, հետո անջատես, անցնի ժամանակ, էլի ասես՝ լավ, բա էդ երգերը ո՞նց էին ստեղծվել։

10․ Ու վերջում, կա մի տրամադրություն, որ ուզում ես հասկանալ էն մարդկանց ուղեղի կառուցվածքը, որոնք չգիտես՝ ինչի չափից դուրս ինքնավստահ են և ի ծնե օժտված են դիմացիններին ծաղրելու գարշելի սովորությամբ։ Էն որ չես հասկանում, լավ բա իմաստը ո՞րն է, որ այդ զարմանալի անձ-երևույթը ֆեյսբուքում ազատ տարածում է ֆոտոշոփի ենթարկված նկարներ քաղաքական և հասարակական գործիչների մասնակցությամբ՝ դինոզավրերի, տելեպուզիկների, արջերի, կոկորդիլոսների և նմանատիպ հրաշագեղ այլ կենդանիների հետ իլյուզիայով։ Էն որ ԿՆՀ-իդ նեյրոնները չեն ընկալում, թե իր օգուտը ո՞րն է, որ ֆեյսբուքի իր էջով հանրայնացնում է էդ անիմաստ, հիմար, տգետ նկարները, որոնք միայն անգրագիտության և տհասության վառ վկաներ են։ Ու գալիս է պահ, որ քեզ թվում է, թե շունչդ կտրվում է, թե խեղդվում ես, որ քո պատկերացրած այլմոլորակայինները (գոյություն չունեցող արարածները ) «մարդ» անունն ունեն, որ չեն հասկանում մարդու՝ բարձրագույն արժեք լինելը։ Ու էդ մարդկանց գռեհիկ ու անգրագետ լատինատառ գրառումները տեսնելուց հետո միայն ուզում ես հռետորական հարցնես․ «Բարև Ձեզ, կներեք, Դուք անասո՞ւն եք»։ Մի արեք նման բաներ, էլի, լուրջ եմ ասում, մի օր ձեր երազների մեջ էդ տելեպուզիկները, կոկորդիլոսները, արջերը, դինոզավրերը ու հրաշագեղ կենդանիները միասին կհավաքվեն, կգան ու ձեզ կուտեն։ Բա ձեզ պե՞տք է։

10․1․ Կներեք, սիրելի այլմոլորակայիններ, եթե դուք իսկապես գոյություն ունեք, ես պաշտոնապես գետինը կմտնեմ, որ նման համեմատություն արեցի։