Ցախի սեզոնն ու Happy New Year-ը

-Նար, արագ հել Դավոյենց տուն, մի 5 «կուբ» ցախ կա, պիտի դասավորենք։

Այս խոսքերը վկայում էին մե գյուղում ամենակոշտ, փշոտ ու ծանր երևույթներից մեկի՝ «ցախի սեզոնի» գալստյան մասին։ Դե, երևի գիտեք` դա ինչ է։ Գյուղացիները ցախ են գնում, որ ձմռանը վառարանների օգնությամբ տունը տաքացնեն: Կտրում են այն, հետո կոտրում ու դասավորում։

Լուսանկարը` Նարեկ Բաբայանի

Լուսանկարը` Նարեկ Բաբայանի

Մեր ընկերության մեջ մի այսպիսի ավանդույթ կա․ ամեն ցախի սեզոնի հերթով գնում ենք իրար տներ ու կոտրում եղած ցախը։ Դե, ինչպես ասացի՝ առաջինը Դավիթենց տունն էր։ Ցախն արդեն կոտրած էր, մնում էր տանել այն նկուղ ու գեղեցիկ դասավորել։  Բանվոր-մինիոնների պես բաժանվեցինք 3 խմբի, ամենքում` 2 հոգի։ Դե, քանի որ ցախը պետք էր գեղեցիկ դասավորել, ապա ես դասավորող չդարձա։

Լուսանկարը` Նարեկ Բաբայանի

Լուսանկարը` Նարեկ Բաբայանի

Դե, ցախ տանող էլ ինձնից դուրս չի գա, դարձա բարձող։ Մենք ցախը լցնում էինք «դաշկաները», վարորդները այն հասցնում էին նկուղ, իսկ մեջներիցս տետրիսի չեմպիոնները դասավորում էին ցախը պատի տակ։

Լուսանկարը` Նարեկ Բաբայանի

Լուսանկարը` Նարեկ Բաբայանի

Հերթական անգամ ցախը բարձեցինք, ու մինչ վարորդների վերադարձը, նստեցինք պատի ստվերի տակ։ Բավական ժամանակ կար մտածելու, թե ինչու են ոչխարները ոչխար, կա՞ արդյոք կյանք շարժասանդուղքի մյուս կողմում և այլն։ Այդ հարցերից մեկն էր, թե ե՞րբ մեր գյուղում գազ կլինի։ Մտածելով դա, ես հիշեցի, որ վառելիքը պետք է ձմռանը չմրսելու համար։ Հիշեցի ձմեռը, հետո հիշեցի Նոր տարին, հետո` Ձմեռ պապիկին, հետո` նվերները: Հետո հիշեցի, որ արդեն մեծ եմ, ի՞նչ նվեր: Տխրեցի, նորից հիշեցի Նոր տարին ու մտքումս սկսեցի երգել Նոր տարվա մասին ամենահայտնի երգը։ Դե, երգելը մի քիչ հարաբերական է ասված։ Ուղղակի կրկներգից երեք բառ էի կրկնում։ Հիշեցի, որ ինձ բախտ է շնորհվել ունենալ մարդկության հանճարեղ գլուխգործոց՝  հեռախոս։ Դրեցի Abba խմբի հանրահայտ Happy New Year երգն ու սկսեցի վայելել։ Քիչ անց կրկներգի պահին լսեցի տղերքի բեք-վոկալը․

-Վա՜խ։

Փաստորեն մենակ ես չէի կարոտել տոներին։ Տղերքը մի պահ շեղվեցին գործից ու սկսեցին պարել երգի տակ: Ես նրանց հիշեցրեցի, որ այս տարի արդեն մեծ ենք ու նվեր չենք ստանալու։ Բոլորը լրջացան ու անցան գործի։

Հ․Գ․ Տղերք, երեկ ցախ ենք բերել։ Պատրաստ եղեք, շաբաթ կամ կիրակի կոտրում ենք։