SvetlanaDavtyan

Ցանկացած պահի կարող ես քեզ զգալ ինչպես քո տանը

Իսկ ովքե՞ր են ամբողջությամբ քո առօրյա «ես»-ին ճանչում, տեսե՞լ են նրա 50 երանգները: Այն կարծես նման է հոգնած օրվա վերջում բազմոցի մեջ ընկղմվելուն կամ ամենասիրելի տնային հագուստին, որը միշտ չես ուզում հագիցդ հանել: Դրանով քեզ փողոցում չեն տեսնի, կամ առավոտյան մարզվելիս, կամ դրանով ոչ ոքի հյուր չես գնա ու ոչ էլ կհրավիրես քո տուն: Դրանով քեզ կարող են տեսնել ծնողներդ, դրանով լինում ես միայն շատ հարազատ մարդկանց ներկայությամբ:

Բոլորին թվում է, թե քեզ ճանաչում են, բայց նրանք գիտեն մեզ հիմնականում արտաքնապես: Առօրյա «ես»-ով մենք քչերի հետ ենք լինում: Ոչ թե այն պատճառով, որ կեղծավոր ենք, այլ այն պատճառով, որ քչերն են կարողանում դա տեսնել ու զգալ: Բոլորին չես կարող թույլ տալ մոտիկից շփվել նրա հետ, որովհետև կարող են այն կողոպտել ու թալանել: Ի վերջո, հասարակությունը սիրում է փչացնել բնավորության նախնական պարզությունը:

Մարդկանց, որոնց ներկայությամբ դու ցույց տալու կամ ապացուցելու ոչինչ չունես, կարող ես ներկայանալ չսանրած մազերով, գիշերազգեստով, գզգզված ու անգամ առանց լվացվելու, մեկ բառով ասած՝ այդ զզվելի ու չգիտես ում կողմից հնարված ու շղթայի նման մեր վզին փաթաթած չակերտներից դուրս, չէ որ նրանք քեզ հենց այդպես են սիրում: Մարդիկ, որոնց վրա դու կարող ես բարձր բղավել, քանի որ օրդ պլանավորածով չի անցել ու հենց այդ նույն մարդկանց համար առաջինը վազել գինու շշի հետևիցդ՝ ծնունդը նշելու համար: Մարդիկ, որոնց ձայնը ճանաչում ես դեռ առաջին հարկից: Մեր անփոխարինելի ու հարմարավետ մարդիկ, որոնց կողքից մենք ոչ մի տեղ չենք շտապում հեռանալ: