elita balyan

Ցեխից խմորեղեն պատրաստող աղջնակը

Ողջույն, հուսամ լավ ես ու տրամադրությունդ էլ բարձր է: Եթե` այո, ապա զինվիր համբերությամբ,  ես քեզ պատրաստվում եմ պատմել մի շատ երկար պատմություն։

-Էլի՜տ, արի տուն։

-Մամուլ, լավ էլի, մի քիչ էլ խաղամ։

-Հերիք ա, բալես, արի տուն: Վաղը էլի կխաղաս, արդեն ուշ ա։

-Լավ, մամ, հեսա գալիս եմ։

Այսօրվա պես հիշում եմ, երբ փոքր էի, ամեն անգամ մայրս բակից ինձ  տուն էր կանչում, իսկ ես տրտնջում էի ու անվերջ խաղալ էի ուզում։  Առավոտյան մորիցս վաղ էի արթնանում ու առանց մի բան ուտելու վազում էի դուրս, որ ցեխից կիսատ մնացած խմորեղենս  ավարտին հասցնեմ, հետո աղցան պատրաստեմ,  որի մեջ լցնում էի  աչքս շոյող ու ձեռքիս ամենահասանելի խոտերն ու հատապտուղները։  Մինչ ես աղցանս էի պատրաստում, մայրս  տանը արդեն համեղ ուտելիքներով լի սեղան էր բացում ու ինձ մի կերպ տանում էր լոգարան, որ ձեռքերս լվամ ու հաց ուտեմ։ Արագ ուտում էի ու վազում դուրս` իմ փոքրիկ խաղասրահն ու բոլորին անհասանելի աշխարհը։ Իմ ամեն օրը սկսվում ու ավարտվում էր այսպես, մինչև սկսեցի դպրոց գնալ։ Դասից գալիս էի ճաշում, արագ դասերս ավարտում ու վազում խաղալու։ Երբ մի քիչ մեծացա, էլ դրսում ցեխից խմորեղեն  ու գունավոր աղցան չէի պատրաստում։ Մեր տան փոքրիկ ուսուցչուհին էի դարձել,  ով անվերջ տիկնիկներին դաս էր տալիս ու երբեմն էլ բարկանում աղմկելու համար։

Տարիները անցան, ու  ցեխից խմորեղեն պատրաստող աղջնակը դարձավ հասուն աղջիկ։ Ամիսներ առաջ լրացավ 18 տարեկանս, ու մայրս ինձ մեր` Կալավան գյուղից ուղարկեց քաղաք՝ քրոջս մոտ, որպեսզի ընդունվեմ համալսարան։ Ես ամբողջ օրը տանն էի լինում ու պարապելուց բացի ուրիշ զբաղմունք   չունեի, ուստի քրոջս խնդրեցի ինձ համար աշխատանք գտնել, ու նա չմերժեց ինձ։

Անցավ մի քանի օր, ու քույրս ինձ համար աշխատանք գտավ հենց այն նույն խանութում, ուր ինքն էր աշխատում։ Ինձ կանչեցին պրակտիկայի, որից հետո պարզ կդառնար` կմնա՞մ աշխատելու, թե ոչ։

Պրակտիկան տևեց երեք օր, ու ինձ ընդունեցին աշխատանքի։ Ասեմ, որ արդեն մի ամիս է, ինչ աշխատում եմ ու շատ ուրախ եմ։

18-ս լրանալուց հետո  շատ բան փոխվեց կյանքումս: Սկսեցի ավելի ուշադիր լինել, ավելի հետևողական ու պատասխանատու դարձա։ Ու նաև հասկացա, որ ժամանակը կանգ չի առնում: Այն սլանում է արագ ու անաղմուկ։ Դեռ երեկ ես մայրիկի փոքրիկ ու նվնվան աղջնակն  էի, իսկ այսօր արդեն հասուն մարդ, ով  էլի վերջ չի տվել իր նվնվոցներին։

Եթե առաջ մորս ձայնից էի արթնանում, հիմա զարթուցիչիս ձայնից եմ արթնանում։

Ժամը ուղիղ 7:30 է,  զարթուցիչս զնգաց:  Կներես, պիտի գնամ, որ աշխատանքից չուշանամ։