Ցուրտն ու մութը

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

Առաջ, երբ մարդիկ օրերով էլեկտրականություն չունեին, լինում էր նաև, որ նույնիսկ ջուր չէին ունենում։ Հիմա, երբ այս հզոր դարում էլեկտրաէներգիան անսահմանափակ է թվում, տատիկներն ու պապիկները վախենում են դրա չարաշահումից։

-Տա՛տ, ո՞նց եք ապրել առանց լույսի, դասերը սովորել, լվացք արել։

-Առաջ գազ չկար, լուս չկար, մոմը վառըմ ինք, տա լուսի տակ ապրըմ ինք։ Շատ դժվար տարիներ են իլալ։ Օրերից մի օր որ հոսանքը միացրան, լուսը վառվեց։ Տատս ասեց՝ սովետի ամենալավ պանը լուսն ա, մին էլ ոջիլի դետեն (սա դեղ է ոջիլի դեմ)։ Հետո, որ գազ չկար, կերոսինկան էր, փթելան հագցնըմ ինք, նավթը լցնըմ, ամեն ինչը ըտե եփըմ։ Խաշ ինք եփըմ, մեծ ղազանով ճաշ ինք եփըմ 7-8 հոգու հըմար։ Է՜, Անի, ասըմ ես, լվասկը մեքենա չկար, ծերքով ինք լվանըմ, ճուրն էլ, ասըմ ին՝ աղպուրի ճուրը լավ չի, կետի ճուրն ինք պիրըմ, տաքացնըմ, ծերքով լվասկ անըմ։

-Բա հա՞ցը։

-Հացն էլ հինչ ձևի. արտը վարըմ են իլալ, մանգեղավ հունձ անըմ, պիրըմ կալսըմ, եզները լծած թակըմ, նոր ածըմ պահեստը, բաժանըմ ժողովուրդին՝ իրանց աշխատածի ատվետը։ Յուրաքանչյուրը իրա հասանելիքը պիրըմ էր մշակըմ, տանըմ ալրաղացըմ մշակըմ, ալրաղացն էլ էլեկտրական չէր, գետի ջրով էր աշխադըմ։

-Մթերքը թա՞նկ էր։

-Էտ վախտ թանգություն չկար, մինակ շաքար պեսոկ ին ծախըմ։ Մնացածը սաղ տանան էր կոյանըմ՝ յուղ ա, հաց ա, վարենեքը, միսը կումից էր, պանիրը։ Հալա են պատերազմի սովի վախտերը պապիդ թողացալ չի սոված մնանք։

Մայրս միշտ պատմում է, որ իմ ծննդյան տարում առավոտից մինչև կեսօր հոսանք չէր լինում, լվացքը անում էին ձեռքերով, հազվադեպ մարդիկ միայն լվացքի մեքենա ունեին։ Այդ տարիներին սնունդը շատ թանկ է եղել։ Մարդիկ աշխատել են օրվա հացի համար, որ կարողանան ընտանիք պահել օրավարձով։ Շատ ընտանիքներում նորածինները սնվել են կովի կամ այծի կաթով։

Ժամանակները փոխվեցին՝ փոխելով ապրելակերպի միջոցները։ Մարդիկ ապրելու ընթացքում դարձան պայքարող, խիզախ, չընկճվող։ Փոխվեց մշակույթը՝ ավելի զարգանալով, միաժամանակ պահպանելով հինը։

Տարիներ առաջ մարդիկ կային, որ չէին հաճախում եկեղեցի, իսկ այսօր՝ 21-րդ դարում, մարդկանց մեջ արթնացել է հույսը, հավատը։ Լիարժեք ապրելու համար միայն մնում է ձեռք բերել խաղաղ միջավայր։ Փոփոխություններ եղան ամեն ինչի մեջ, նույնիսկ սահմանային գոտում։ Այսօր միակ կորցրած արժեքը սահմանն է, որը փորձում են անառիկ պահել մեր 18-ամյա զինվորները։

Արժեքավոր է նաև այն աշխատանքը, երբ ստեղծում են նորը՝ պահպանելով հինը։