aniharutyunyanarm

Ցրտահարություն է սպասվում

Վաղը գիշեր սպասվում է ցրտահարություն… Թըխկ, թըխկ, թըխկ… Ցրտահարություն… Թըխկ, թըխկ: Վաղը գիշեր: Ցրտահարություն: Թըխկ…

- Շուշան, վաղը գիշերը ցրտահարություն ա լինելու, արի մեր բոստանից պոմիդոր հավաքի:

- (Թըխկ, թըխկ) Արշո՛, էդ լուսամուտի ցելոֆանը հետո կխփես, վաղը ցրտահարություն ա լինելու, դաշտիդ տեր եղի…

Աշունն էլ էսպես եկավ ու գյուղի բարձր փողոցից գլորվեց ներս: Այնքան արագ, միանգամից, որ Արշոն չհասցրեց պատուհաններին ցրտից պաշտպանող «ցելոֆանները» խփել, Հրաչը` բերքը մինչև վերջ հավաքել: Աշունը էսպես եկավ, որ մի գիշերով հասկացնի` հողի, գյուղացու հանգստանալու ժամանակն է արդեն:

Անձրևը կաթիլ-կաթիլ ասում է, որ տարաներում հավաքած խաղողը արագ օղի պետք է դարձնել, թե չէ` ցախերը կթրջվեն, օջախները էլ չեն վառվի: Կաթիլ-կաթիլ ջղայնանում է, որ բերքը արագ հավաքել է պետք, թե չէ այգու հողը կխոնավանա, լոլիկները` ջրերի ու ցեխերի մեջ կնեխեն: Էդպես կաթիլ-կաթիլ ստիպեց, որ հոտի տեր գյուղացին վերջին ուժերը հավաքի, խոտն ու հոտը դաշտից տուն բերի, թե չէ որ խոտը մի քիչ երկար մնաց դաշտում, հաստատ կնեխի: Նույն կաթիլներով անձրևը Սոնիկին հիշեցրեց, որ թթուն դնելու ժամանակն է, քանի կաթիլները փաթիլներ չեն դարձել:

Գյուղացին նայեց գետնին, դեղին տերևներին ու հասկացավ, որ նկուղից վառարանը հանելու ու թափ տալու ժամանակն է: Որ արդեն փայտ գնել է պետք, աթարը` անձրևի չարաճճի կաթիլներից փախցնել ու պահեստում դարսել: Նայեց չվող թռչուններին ու հայացքով նրանց հետ անցած ամառվանից պահած մի քիչ ջերմություն ուղարկեց, որ աշունը շուտ անցնի, ձմեռը` չզգացվի, ու թռչունները գարունն ու իր ուղարկած ջերմությունը չմոռանան վերադարձնել:

Քամին չմոռացավ հիշեցնել, որ շատ մոմեր է պետք գնել, լամպերի փոշին սրբել, որովհետև նա շուտով կհանդիպի անձրևին, իսկ նրանք երկուսով կգան, կտանեն գյուղի լույսերին: Քամին խառնեց Արշոյի սպիտակ, բայց երկար ու փարթամ մազերը, որ նա գնա տուն, հայելու մեջ նայի ու նորից հիշի` Հրաչն ասում էր` ցրտահարություն. բերքիդ տեր կանգնի: Քամին երեխաների գնդակները քշեց, գցեց կողքի բակ, որ Նազիկ տատի ծեր, բայց զրնգուն ձայնը նրանց հիշեցնի` գնդակներն ու հեծանիվները ավտոտնակում պահելու, տատի գործած գուլպաները դարակից հանելու ժամանակն է:

Բոլորը կամաց-կամաց տուն կգնան: Հրաչն ամեն առավոտ էլ չի երգի. որքան էլ չուզենք, աշունը, ի վերջո, մի քիչ էլ տխրություն է, գյուղացիներն էլ այգիները ջրելու համար ջրի կռիվ չեն անի, հարսները կհոգնեն ամեն օրվա թափվող տերևներից ու բակերը չեն ավլի, երեխաները, ցրտից փախչելով, դուրս գնալու համար լաց չեն լինի, ջահելները երեկոյան խանութի բակում էլ չեն հավաքվի:

Նույն անձրևը, գյուղի անասֆալտ փողոցներին նստելով, կհիշեցնի, թե որքան անելիքներ կան, որ գարնանը միայն դաշտերը չէ, որ պետք է ծաղկեն: Շատ տների բակերում անկանոն թափված ու չավլած տերևները կստիպեն նորից նայել դռների կողպեքներին:

Ու էսպես աշունը կգա, կպատմի, որ գյուղում գրեթե ամեն ինչ պատրաստ է, որ գյուղացին ու հողը հանգստանում են, կհիշեցնի, որ ձմեռը մոտ է, որ «խոպաններից» վերադառնալու ու արդեն ավելի երկար, միգուցե ընդմիշտ մնալու ժամանակն է: