IMG_2187

Փախած երգեր

Կան երգեր, որ պարզապես անհասկանալի ձևով դառնում են չափազանց սիրված ու տարածված: Ավելին` ապրում են երկար տարիներ ու շարունակում խելագարության հասցնել (համենայն դեպս ինձ) ամեն անգամ ռադիոյով կամ որևէ մեկի հեռախոսից հնչելիս:

Այդ նյարդապատառ երգերի շարքին է պատկանում «I believe I can fly, I believe I can touch the sky» ստեղծագործությունը:

Այս անուղղելի անճաշակ երգը պատմում է մի մարդու մասին (այո, այո, դուք գուցե երբեք ուշադրություն չեք դարձրել, բայց այս երգն ունի տեքստ, որով հեղինակը մեզ որոշակի իմաստային ազդակներ է հաղորդում), որի կյանքում ամեն ինչ վատ էր, իսկ հետո նա ճանաչեց իսկական սերը և հասկացավ, որ կարող է թռչել, ու հերիք չէ թռչել, նաև կպչել երկնքին: Երկրորդ տան մեջ հեղինակը կրկին անգամ պատմում է, թե որքան վատ է եղել ամեն ինչ առաջ, պարզապես չափազանց վատ է եղել (խնդրում եմ ուշադրություն դարձրեք` ես համարյա բառացի թարգմանում եմ տեքստը, այո, այն իսկապես այդքան սարսափելի է), նա կորցրել է հավատը, իսկ հետո հանկարծ այնպես է ցատկել, որ ճըպ, կպել է երկնքին, ու անմիջապես ամեն ինչ դարձել է ավելի լավ:

Վերջում ևս յոթ անգամ կրկնվում է, որ հեղինակն իսկապես կարող է թռչել, և սույն փաստը ոչ մի կերպ չի կարող կասկածի ենթարկվել:

Էլ չեմ ասում երաժշտության մասին, որը պատիվ կբերեր ճամփեզրյա ռեստորանների ցանկացած երաժիշտի, և որի տակ ուզում ես վերցնել աքցանն ու դանդաղ քաշել բոլոր ատամներդ: Եվ, չգիտես ինչու, այդ երգը բոլորը սիրում են: Բազմաթիվ երգիչներ իրենց հերթին կատարում են այն, իսկ երբ ինչ-որ ռոմանտիկ դշխուհի-մատուցողուհի միացնում է այս դժոխային արիան սրճարանում, բոլոր հաճախորդները սկսում են ձայնակցել այնպիսի ոգևորությամբ, ասես եկել են «Ռեդ Հոթ Չիլի Փեփերսի» կենդանի համերգին: Ու ձայնակցումը հիմնականում հնչում է այսպես. «Հ-մ, հ-մ, հ-մ» (սա առաջին տունն է. այն, բնականաբար, ոչ ոք անգիր չգիտի, թեև յուրաքանչյուր ձայնակցող այս երգը միլիոն անգամ լսել է), իսկ հետո, երբ վրա է հասնում կրկներգի պահը, ձայնակցողը ամբողջ կիրքը հավաքում է թոքերում, դեմքին հաղորդում տանջված կուպիդոնի արտահայտություն, ու ծանր հևում. «I believe I can fly», իսկ «I believe I can touch the sky» տողի վրա նրա առաջ պարզած ափերը ակամայից տարածվում են աջ ու ձախ, ասես նա իսկապես հավատացել է, որ հիմա կթռչի: Եվ, ինչն ամենացավալին է, ձայնակցողներից յուրաքանչյուրը հոգու խորքում վստահ է, որ այս երգը հենց իր կյանքի մասին է: Ու քանի որ աղջիկների շրջանում այս ստեղծագործությունն ավելի սիրված է, նրանք էլ ավելի մեծ ոգևորությամբ են ձայնակցում երգչին, քանի որ գրեթե յուրաքանչյուր հայ աղջիկ վստահ է, որ ինքն ամենադժբախտն է աշխարհում, և տեսել է ամեն տեսակ ցավ ու տառապանք: Բայց մի օր նա կբացի թևերն ու կսավառնի դեպի երկինք, ու կլինի երջանիկ:

Իսկ ամենաանտանելին այն է, որ երբ երգը վերջապես ավարտվում է, ու մարդ հանգիստ շունչ է քաշում, այն հանկարծ նորից են միացնում, որովհետև մատուցողը դեռ վայրէջք չի կատարել ու երկրորդ պտույտի թույլտվություն է խնդրում դիսպետչերից: