mariam tonoyan

Փախուստ ներսից

Կարծես թե այդ չեղած ծխի հոտից արթնացած լինեի՝ չնայած վատ հոտառությանս։ Երազիս մեջ ինչ-որ բան այրվում էր՝ առանց կրակի։ Լսում էի կրակի բոցկլտոցը, տեսնում էի ծխի՝ վեր բարձրացող քուլաները, հասկանում էի, որ ինչ-որ բան բռնկվել ու մոխրի է վերածվում, բայց ինքը՝ կրակը չկար, չէր երևում։

Երեկոյան ժամը տասն էլ չկար, ինչ քնել էի, հիմա երեքն անց է, բայց հյուրասենյակի լույսը դեռ վառվում է։ Ե՞րբ եմ մոռացել անջատել։

Երբ մտա հյուրասենյակ և ուզում էի լույսն անջատել, հանկարծ նկատեցի նրան, որ դեռ արթուն էր ու սեղանի վրա կռացած, գրիչի սահքի հետ հավասար լարված աչքերն էր մի տողից մյուսը սահեցնում։

-Երկա՞ր ես պատրաստվում կուրանալ,- հարցրի։

-Ինչքան որ ստիպված լինեմ,- առանց աչքը տետրից կտրելու՝ պատասխանեց նա։

-Ո՞վ է քեզ ստիպում մինչև ժամը երեքը թղթեր թանաքոտել, որ մի օր էլ ինչ-որ ոլորտի մասնագետ դարձած, անտառահատումների դեմ պայքարես, թղթի վերամշակման կոչեր անես…

-Լավ ապագայի հանդեպ ձգտումը, նպատակին հասնելու ցանկությունը, գրողի տարած ընդունելության քննությունները, կրթական համակարգի պահանջները… գնա քնելու։

Նման չէր իրեն. հայացքի մեջ գերհոգնածություն ու վախեցնող անտարբերություն կար։ Էջերով ինչ-որ տեքստեր էր անգիր ասում դեմքի այն զրոյական արտահայտությամբ, որով աշխատում է ստրուկը, երբ պարտադրված ու իրեն չհետաքրքրող աշխատանքին արդեն վարժվել է։ Հետո չափից դուրս լարված ու անիմաստ շտապողականությամբ շարունակում էր իրար հետևից մի շարք վարժությունների պատասխաններ գրել տետրում։ Գիտեր, որ ճիշտ են, բայց շարունակ ստուգում էր և ռոբոտի նման մեխանիկորեն շարունակում նմանատիպ վարժություններ գրել՝ ասես նրա գլխուղեղում նման հրահանգ էին ներմուծել։

-Ո՞րն է քո նպատակը,- չեմ համբերում ես ու հարցնում եմ նյարդայնացած,- հիմնական գիտելիք ստանա՞լը, թե՞ ինչ-որ գրքեր ու վարժություններ անգիր անելը պարզապես քննություն հանձնելու համար։

-Ինձ հանգիստ թող, խնդրում եմ, ես ժամանակ չունեմ և սարսափելի քնել եմ ուզում։

Ես վախեցա նրա համար։ Նա չգիտեր, թե ինչ էր ուզում, և թե ուր էր տանում իրեն այդ պարտադրված ճանապարհը, որն, ըստ էության, ոչ էլ պարտադրված էր։ Մենք շատ տարբեր էինք դարձել։ Զգում էի, որ որքան փորձում էր նոր ճանապարհ գծագրել դեպի իր բուհական կյանք, այնքան ավելի էր ջնջում արվեստի ու իր սիրած զբաղմունքների համար քաշված գծերը՝ ասես դրանք թերություն համարելով։ Մենք օտարանում էինք, որովհետև մեր ընդհանուր նախասիրություններն ասես լղոզվել էին հաստ շտեմարանների ստվերներում։ Վերջին անգամ ե՞րբ էր ժամանակ գտել լսելու, հասկանալու համար՝ նախ իրեն, ապա մարդկանց, երևույթները, ե՞րբ էր ձեռքը գրիչ առել՝ ստեղծագործելու, այլ ոչ թե ճիշտ պատասխաններ շրջանակի մեջ առնելու համար, ե՞րբ էր անզուսպ ուրախությամբ վրձին ձեռքն առել կամ Հեսսե կարդացել մեր սիրելի գերմաներենով… Չգիտես՝ ինչու, սաստիկ շտապողականությամբ նա ամեն ինչ հասցնելու փոխարեն շատ բաներ բաց էր թողնում։

Մոտեցա նրան, ձեռքս դրի ուսին ու մատներիս տակ զգացի նրա՝ լարվածությունից անմիջապես թուլացող մարմինը։ Պղտորված աչքերով նայեց ինձ, գլուխը ձեռքերի մեջ առավ։

Կրկին առա գիշերվա ծխահոտը։ Նրա մեջ ինչ-որ բան ծխում էր, այրվում՝ առանց կրակի։ Ճանաչեցի այդ ներքին այրումը, նրա մեջ ի վերջո ճանաչեցի ինձ։

Անջատեցի հյուրասենյակի լույսը, որ քնելուց առաջ մոռացել էի անջատել, և սենյակի խավարը լցվեց իմ մութ մենությամբ։