hayk sargsyan

«Փըշտ» ճչալու կոպիտ արվեստը

-Հը՞, Հայկ, ո՞ւր հասար,- հարցրեց «Ֆլեքսի վկա» անուժ Անուշը:

-Ուֆ, հյուրընկալող ընտանիքիս նամակը գրեցի վերջացրեցի, մնաց մանր-մունր մի քանի բան: Դո՞ւ,- անքուն ու վերջնաժամկետի նախորդ գիշերը տառապած ձայնով պատասխանեցի ես:

-Ես վերջացրել եմ:

Ի՞նչ, ինչի՞ են միշտ բոլորը ամեն ինչ հասցնում, իսկ ես անհաջողակի նման, չնայած ինչո՞ւ նման, ես` անհաջողակս, ամեն ինչ վերջին վայրկյանին թողնում ու շատ լավ գիտակցելով, որ ես էլ կարող էի ճիշտ ժամանակին ամեն ինչ անել, ու հետո, ինչպես սիրում են ուսուցիչներն ասել, «բարի» նախանձով նայել ուրիշներին:

Իրականում, ստում եմ, բարի նախանձ չկա, տաք շոկոլադ խմեք, ու ես ավելի շատ ուրախ եմ նրանց համար, ովքեր չեն անցնում դժոխքի 7 շրջաններով ու  կյանքն են վայելում, նայելով «Րիերդեյլի» նոր սերիան, իսկ ինձ նման ոստրեները  թող տառապեն ու զգան այն, ինչ Միջնադարում զգացել են գիտնականները ինկվիզիցիայի պատճառով: Մտածեցի ես: Հա, հիմա կզարմանաք, թե ո՞նց էդքան շատ բան մտածեցի, ինձ էլ է հետաքրքիր:

-Մեկ էլ, չմոռանաս: Վաղը հանրահաշվի պարապմունքի ենք,- շարունակեց «չարչարաճիչ» (սա իմ հորինած բառն է, չջնջեք խնդրում եմ) Անուշը:

-Տիեզերք իմ, լրիվ էի մոռացել… Ու մենք ունենք աշխարհի տնայինների խորանարդ տնայիններ…

Արդեն կեսգիշեր է, կարծես թե Ֆլեքսիս թղթերը վերջացնում եմ: «Վերջ, առավոտյան մի հատ էլ կստուգեմ ու կգնամ Երևան»,- մտածում էի ես, երբ մոտենալով անկողնուս, լսեցի մկան ծվծվոց: Բոլորովին զարմանալի չէ, այս անմոռանալի ու շքեղազարդ կրծողները իրենց  դինաստիայով հաստատվել են մեր տանը, ու ոնց հասկանալի է, Արքունիքը իմ զգեստապահարանի տակ է:  Երևի թե, այսօր էլ նրանց Արքայադստեր նշանադրությունն  է: Օ՜, ոչ, միայն թե` ոչ այսօր: Ես այսօր արդեն բավականաչափ սթրես եմ ապրել. միայն մկների ծվծվոցի պատճառով անքուն գիշերն էր պակաս` օրս լիարժեք ու բազմաբովանդակ համարելու համար:

Ինչևէ, առանց վարանելու գործի ենք դնում «Փըշտ» ճչալու կոպիտ ավեստը ու տան հեծելազորով` ավելով, խափանում մկների հարսանիքը:

Հիմա կարելի է և քնել: