Anahit Badalyan

Փնտրեք ձեզ այս հոդվածի ամեն տողում

Ես լույս աշխարհ եկա քաջ և ուժեղ մի կնոջ շնորհիվ, ով ինձ հետ մնաց այդ առաջին րոպեներից մինչև այս պահը։ Այդ կնոջ համար ես ինը ամիս «ֆիզիկական ծանրություն» եմ եղել՝ դեռ նույնիսկ չծնված։ Այդքանով հանդերձ նա ինձ իր հետ աշխատանքի է տարել, ինձ հետ գնացել է տան համար ուտելիք գնելու, ինձ հետ հյուր է գնացել ու շատ հյուրեր է ընդունել, խոսել է ինձ հետ այն դեպքում անգամ, երբ ես չեմ պատասխանել։ Խոսել է՝ վստահ լինելով, որ լսում էի։

Այն ժամանակ, երբ իրերին սովորում էի իրենց անուններով կոչել, գույներն էի սովորում ու մարդկանց անունները, գնում էի մանկապարտեզ ու շա՜տ հոգնած տուն վերադառնում, խնդրում էի, որ տանեցիք ինձ տանեն կանգառ ու ճանապարհեն մի կնոջ տուն։ Այդ կնոջ տունը միշտ բուրում էր ճաշին հենց նոր ավելացրած թարմ կանաչու անուշ հոտով, ու ճաշասենյակի փոքրիկ սեղանի վրայի քաղցրավենիքի ափսեի մեջ միշտ իմ սիրելի խմորեղենից կար։ Այդ կինն ինձ միշտ պատմում էր «Կարմիր գլխարկը» ու ծածկում վերմակով էնպես, որ փոքր մարմինս էլ ավելի էր մանրանում էդ հսկա վերմակի ծանրությունից։

Դեռ փոքր ժամանակվանից ես փորձում էի ամեն ինչ հնարավորինս կատարյալ կերպով անել։ Պատասխանատու կերպով էի մոտենում ինձ հանձնարարված ցանկացած առաջադրանքի ու, առհասարակ, կյանքին։ Մտքումս միշտ մի աղջիկ կար, ում համար ես օրինակ էի ծառայում։ Այդ աղջկա հետ մենք ամեն առավոտ բացում էինք մեր աչքերը, նախաճաշում ու դպրոց գնում։ Այդ աղջկա համար, իսկ հետո նաև՝ օգնությամբ, ես տաքացնում էի մեր տան ճաշերը դպրոցից վերադառնալուց հետո ու սեղան պատրաստում։ Այդ աղջկա համբերատարությունն ու հոգատարությունը չարաշահելով՝ ես տնից դուրս գալուց առաջ գրքերս հաճախ թափում էի ամբողջ սենյակով մեկ՝ վստահ լինելով, որ վերադառնալուց հետո դրանք կոկիկ դասավորված եմ տեսնելու գրասեղանիս։ Այդ աղջիկը միակն է, ում ափսեի կիսատ ուտելիքը ես կավարտեմ։ Միակը։

Երբ դպրոց էի գնում ու համ էլ հաճախում էի երաժշտական դպրոց, հանդիպում էի տարբեր մարդկանց ու որոշների հետ՝ մտերմանում։ Նրանցից շատերի անունները հիշում եմ, բայց ոչ նրա համար, որ չափից դուրս հավատարիմ ու մնայուն են եղել․ ուղղակի հիշողությունս, ցավոք,  նախատեսվածից մի փոքր ավելի լավ է։ Նրանցից շատերը փշրում էին ընկերության մասին իմ վեհ ու ազնիվ պատկերացումները, որոշները լավն էին՝ ուղղակի համադասարանցի կամ ծանոթ մնալու աստիճան։ Մի շա՜տ ժպտերես աղջիկ չափազանց անսպասելի հանգամանքներում դարձավ իմ ծանոթը։ Ժամանակի հետ հաջողվեց իսկապես ճանաչել նրան ու հավատալ, որ, դժվարությամբ, բայց հնարավոր է գտնել հավատարիմ ու քեզ գնահատող ընկերների։

Դեռ մանկությունից ամենքս փորձում ենք մեկին նմանվել, և տարբեր են այն «իդեալները», որոք կերտում ենք մեր մտքում։ Իմ ցանկությունը մի դպրոցական աղջկա ուղով գնալն էր, ում ես բախտ ունեցա ճանաչելու, երբ նա արդեն հասուն կին էր։ Ես ուզում էի նրա պես հաջողակ լինել կարիերայում, ստանալ էնպիսի կրթություն, ինչպիսին նա է հաջողել ստանալ՝ բավականին համեստ պայմաններում ապրելով։ Ուզում էի լինել այնքան խելացի, որքան այդ աղջիկն էր եղել, ու որքան այդ կինը հիմա է։

Դպրոցում մեզ դասվանդում են բազում առարկաներ, որոնցից շատերը մենք սիրում ենք, սովորում ենք հաճույքով ու հետաքրքրությամբ, իսկ որոշների դասաժամերին տետրի վերջին էջում մեր ազատ արվեստների հմտություններն ենք կատարելագործում։ Բայց դասավանդվող ամեն առարկա կարող է դառնալ հետաքրքիր լավ ուսուցչի շնորհիվ ճիշտ էնպես, ինչպես ճաշի համը կարող է տեղը գալ ճիշտ քանակությամբ աղ ավելացնելուց հետո։ Այդ ուսուցիչը պիտի լավ հոգեբան լինի, որ կարողանա աշակերտի հոգին բանալ, պիտի լավ պատմող լինի, որ կարողանա ճիշտ պահին ճիշտ բաներ պատմել, պիտի հմուտ կավագործ լինի, որ իր գործին վերաբերի նույնքան նրբորեն, որքան կավին կվերաբերեր, որ հանկարծ չկոտրվի։ Ուսուցիչը պիտի լավ մարդ լինի, որ աշակերտը նրան վստահել ու սիրել կարողանա։

Մի կնոջ շնորհիվ իմ կյանքի մի փուլում ես սովորեցի՝ ինչքան սիրուն կարող է լինել ուսուցչի մարդ տեսակը։ Ես սովորեցի վստահել ու մտերիմ զգալ ուսուցչին, սովորեցի իրապես գնահատել ուսուցչին, ու հենց այդ կնոջ շնոհիվ է, որ սովորեցի էլ ավելի մեծ սիրով սովորել մեր լեզուն ու գրականությունը։

Մի փոքր ավելի ուշ՝ ինքնակատարելագործման պայքարի ամենաթեժ փուլում ինձ բախտ վիճակվեց հանդիպել մի բացառիկ մարդու, ում ուսուցչին բնորոշ վերը նշված բոլոր հատկանիշները ուղղակիորեն կարող եմ վերագրել։ Ուսուցչի բովանդակությունը մեկ այլ ու առանձնահատուկ տեսանկյունից բացահայտվեց իմ կյանքում հենց այն ժամանակ, երբ հաջողվեց ավելի շատ շփվել այդ կնոջ հետ։ Մենք հանդիպում էինք շաբաթական երկու օր և միասին սովորում էինք ֆիզիկա, փիլիսոփայություն, գրականություն, կենսաբանություն, արվեստ ու կյանք։ Միասին սովորում էինք սառը դատել, ավելի ճիշտ՝ այդ կինն ինձ ուղղություն էր տալիս՝ ինչպես սառը դատել։ Միասին սովորում էինք զսպել իմ էմոցիաները (աշխատելու տեղ դեռ շատ կա): Միասին սովորում էինք չհամաձայնել։ Սովորում էինք մտածել։ Միասին սովորել էինք սովորում։ Շնորհիվ այդ կնոջ, ես սովորեցի ի վիճակի լինել գնահատել ինքս ինձ։ Ինքս ինձ սովորել սովորեցի։

Մենք երբեք այնքան աճելու կարիք չենք զգում, որքան այն ժամանակ, երբ գիտենք՝ մեզնից ոգեշնչվում են։ Իմ կյանքում մի շատ ուժեղ ու տաղանդավոր աղջիկ կա, ում խոսքով ես իր համար ոգեշնչման աղբյուր եմ։ Այդ աղջկա ու մյուս ոգեշնչվողների շնորհիվ է, որ ես փորձում եմ կատարելագործվել, սովորել ավելին, իմանալ ավելին։ Եվ պակաս ոգեշնչում չէ ինձ համար այն, որ ինձնից ոգեշնչվում են։

․․․Ամենքիս կյանքում էլ կան մեր կյանքը լցնող, մեզ ամբողջացնող ու մեզ առաջ մղող մարդիկ։ Մեր կյանքն էդպես էլ անսկիզբ կմնա, իսկ սկսված դեպքում էլ կավարտվի էն ժամանակ, երբ դադարենք մեր հոգում զգալ մամայի ներկայությունը։ Կյանքում ոչ ոքի պատրաստած ճաշերն ավելի համեղ չեն լինի, քան տատիկինը, ու ոչ ոք չի կարողանա էնքան պինդ ու տաք ծածկել մեզ, որքան տատիկը կծածկեր։ Աշխարհում ոչ ոքի մենք այնքան կապված ու մտերիմ չենք, ինչքան մեր հարազատ քրոջը։ Ոչ ոքի հոգին այդքան հավեսով ուտել չի ստացվի ու հնարավոր չի լինի երբևէ այդքան սեփականացնել մեկ այլ մարդու ուտելիքը էնպես, ոնց քույրիկինն ենք անում։ Ճիշտ մարդկանց գտնելու մեր կարողությունը կասկածի տակ կդնեինք ճիշտ էն ժամանակ, երբ վերջնականապես ձախողեինք լավ ընկերուհի գտնելու հարցում։ Կկորցնեինք ազնվության ու հավատարմության հանդեպ մեր ողջ հավատը, եթե նրանք ցավեցնեին մեզ։ Մեր հարազատների ստեղծած ընտանիքները ժամանակի հետ դառնում են մեր ընտանիքները։ Մենք եղբայր ենք կոչում ոչ միայն նրանց, ովքեր քո ծնողների ծնունդն են, բայց և նրանց, որոնց լույս աշխարհ են բերել մեր ծնողների քույրերն ու եղբայրները։ Ընտանիքի մեծ պատկերի մի անկյունում մենք միշտ կգտնենք մի էնպիսի հորեղբոր կին, ով մեզ կթվա ամենաոգեշնչողն ու ամենահավեսը։ Կգտնենք նաև էնպիսի քեռակին, ում տեսնելու և ում պատրաստած թեյը խմելու պատրվակով ավելի հաճախ կայցելենք քեռու տուն։ Մենք հաջողակ կարող ենք համարվել այն ժամանակ, երբ բախտը մեզ նվիրում է մարդ-ուսուցիչներ։ Երբ ուսուցիչները դառնում են այնքան մտերիմ ու այնքան հարազատ, որ տոն է դառնում մեզ համար մեր ուսուցչի բալիկի ծնունդը, կամ երբ մեկն է դառնում ուսուցիչը այն կարևոր մարդկանցից, ում ուզում ենք անհապաղ այցելել հեռու տեղից վերադառնալիս․․․ Բախտավոր ենք այն ժամանակ, երբ ուսուցիչը սովորում է ճանաչել մեզ, յուրացնում է մեզ այնքան խորությամբ, որ մեզ դնում է իսկապես մեզ համար նախատեսված ամենաճիշտ ուղու վրա ու վստահեցնում, որ քայլել չկարողանալու դեպքում մենք, մեկ է, թռչելու ենք․․․ Մեզնից ոգեշնչվող մարդիկ, ովքեր հետագայում սիրելի ընկերուհիներ են դառնում, մեր հավատն են՝ առ մեր ուժը, և մեր մղումը՝ չկոտրվելու․․․

Իմ կյանքը դատարկ ու թերի կլիներ առանց այս կանանց․․․ Կիսատ կլինեի ես, ու կիսատ կթվար ամբողջ մոլորակը։ Եվ էդ կիսատության պակասից՝ շնորհակալ ու էս լիքության ներկայությունից՝ երջանիկ, սրտի ամենախորքից ուզում եմ, որ բոլորիդ կյանքը ամեն օր էլ ավելի գեղեցկանա ճիշտ էնպես, ոնց էս բոլոր կանայք են՝ ոտքից գլուխ․․․

Շնորհավոր մեր օրը, թող մնանք ուժեղ ու ամուր, չփշրվենք, չկոտրվենք ու չճաքենք անգամ, ու կարող լինենք սիրելու ճիշտ նույնչափ ուժեղ ու ճիշտ նույնչափ ամուր՝ առանց փշրվելու, առանց կոտրվելու ու առանց ճաքեր տալու․․․