Juliabrahamyn12

Փոփոխականություն

Ես փոփոխական մարդ եմ։
Փոփոխականությունս հաստատելու համար կարող եք կարդալ բոլոր գրած ու չգրած նյութերս։ Վստահ կարող եմ ասել, որ մեծամասնությունը սկսվում է «Ես»-ով։

Ինչպե՞ս հասկացա, որ փոփոխական եմ՝ հերիք չի, մի հատ էլ հետաքրքրությունս կորցրել եմ ամեն ինչի հանդեպ։
Երբ Շրջանայինի անցումի ծաղիկներից էլ հոտ չքաշեցի, որովհետև հիշեցի անդավաճան ալերգիայիս մասին, ու, ի զարմանս բոլորի, հաստատուն քայլերով դուրս եկա հենց ճիշտ տեղից։

Փոփոխականությունս սովորել եմ կյանքից։ Երեկ ես մոլորված առաջին կուրսի աղջնակ էի, ու կյանքն իր փոփոխականությամբ ինձ այսօր հասցրեց չորրորդ կուրս, որի մասին ես բնավ էլ չեմ գրի ու չեմ խոսի։
Իմ մտքում ու իմ ենթագիտակցության մեջ ես անվերջ պայքարի բռնվող մարդ եմ, սակայն բոլորն էլ գիտեն, որ արդեն մեծանալու ժամանակն է։
Ժամանակն է աչքերի մեջ պարող խորամանկությանը դավաճանելն ու քայլերն ավելի հաստատուն դնելը։

Երեկ գերմաներենի դասին նստած ինչ-որ կոպիտ բառեր էի լսում ու չհասկանալու տալիս, որովհետև ինքս չեմ կարող համակերպվել այն փաստի հետ, որ արդեն անհասկանալի բառերն ինձ համար բավականին հեշտ ու հասկանալի են։ Չեմ կարողանում համակերպվել, որ էլ սուրճ չեմ խմում, ու արտաքինիս փոփոխությունների մասին ծնողներից թույլտվություն աղաչելն էլ պարտադիր չէ։

Ախր, ինձ ինչ-որ կռիվ է պետք, որևէ կրակ, որի հետ կարող եմ անվերջ բանավիճել։ Իսկ կյանքի այն փուլը, որտեղ քիչ-քիչ հասկանում ես, որ ղեկը քո ձեռքում է, ու պատասխանատուն միայն դու ես՝ շատ արագ եկավ։

Եկավ հինգ օր առաջ՝ չորրորդ կուրսի հետ միասին, որտեղ ես լսարանների տեղն արդեն փակ աչքերով էի գտնում, ու դասախոսներին բարևելիս էլ չէի ամաչում։

Եկավ տասնութ տարեկանի պես, որտեղ կարծես թե երիտասարդ ես, բայց արդեն ժամանակն է։
Եկավ կորած ու անհետացած ընկերների հետ, որովհետև արդեն ափսոսանք կամ կռվի նշույլ չկար, ու բոլոր կողմերն էլ խաղաղված էին։

Մեծանալու հետ միասին ՝ կրճատվեցին երկխոսությունները թե՛ կյանքում, թե՛ նյութերի մեջ։ Կորան սենտիմենտալ տողերն ու գրիչը բռնելու ցանկությունը։
Բայց ես վստահ եմ, որ մի օր, երբ ամեն ինչի հետ խաղաղության պայմանագիր կնքած կլինեմ, երբ ինքս իմ հետ պայքարն ավարտված կլինի՝ կվերցնեմ ինձ պատկանող իրերը, որոնք սովորաբար թուղթն ու գրիչն են, ու իմ սիրելի սև թանաքով որևէ նոր պայքարի վերնագիր կգրեմ։ Երկար տարիներ ձգվող պայքարի բնութագիր, որովհետև ես փոփոխական մարդ եմ, ես այսօր ջնջում եմ ու վաղը նորից գրում, ու այդպես մինչև վերջ։