Meri Antonyan

Փոփոխությունը մենք ենք

Ես փոքր տարիքում շատ էի սիրում մեր քաղաքի այն խանութները, որտեղ գնումները հաճախորդին էին հանձնում թղթե տոպրակներում։ Երևի դուք էլ եք, չէ՞, սիրում թղթե տոպրակներ։ Բայց այդպիսի խանութների քանակն անհամեմատ քիչ էր, հիմա, չգիտեմ էլ՝ այդպիսի խանութներ կա՞ն մեր քաղաքում, թե՞ ոչ։ Անկեղծ ասած՝ շատ «նախանձեցի» անցած դարի մարդկանց, երբ մայրս ասաց, որ առաջներում բոլորն էին թղթե տոպրակներով գնումներ անում, որովհետև պլաստիկ տոպրակներ դեռևս չկային։

Ես մեծացա, բայց այս հարցում նախասիրություններս չփոխվեցին։ Ու պատկերացրեք, թե ինչքան երջանիկ ինձ զգացի, երբ իմացա, որ ես ինքս հնարավորություն կունենամ Վանաձորում տարածել թղթե տոպրակներ ու հորդորել մարդկանց հրաժարվելու պլաստիկ տոպրակներից։ Այնպես ստացվեց, որ գերմանական «Միտոստ» (“MitOst”) ընկերությունը դրամաշնորհի միջոցով վանաձորցի մի խումբ երիտասարդների հնարավորություն տվեց այս տարվա հուլիս – օգոստոս ամիսներին իրականացնել «Անտիպլաստիկ» ծրագիրը։ Ծրագրի ընթացքում մենք՝ երիտասարդներս, մեր ձեռքերով պիտի պատրաստեինք թղթե տոպրակներ ու տարածեինք քաղաքի որոշ վաճառակետերում՝ առաջարկելով հաճախորդներին տրամադրել թղթե տոպրակներ պլաստիկի փոխարեն։ Նախատեսվածի շրջանակներից դուրս մենք որոշեցինք յուրաքանչյուր տոպրակի հետ կցել նաև նամակ՝ ծրարների վրա «Նամակ Երկիր մոլորակից՝ քեզ» մակագրությամբ.

«Ի՛մ սիրելի բնակիչ, եթե մտահոգված ես քո Երկիր մոլորակի՝ իմ վիճակի մասին, ցանկանում ես ինչ-որ կերպով օգնել ինձ և խթան չհանդիսանալ իմ մահվանը, ապա փորձիր հետևել հետևյալ կանոններին.

1. Փորձիր օրվա ընթացքում պակասեցնել պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը, չէ՞ որ ամեն տարի դրանց պատճառով 100000 ծովային կենդանիներ են մահանում։

2. Փորձի՛ր օգտագործել վերամշակված և թղթե պայուսակներ։

3. Եվ ամենակարևորը․ ուշադի՛ր եղիր՝ որտեղ ես թափում աղբը։

Սիրով քո տուն՝ Երկիր մոլորակ»։

Ծրագրի նպատակն էր` հասարակության շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը առկա էկոլոգիական խնդիրների վերաբերյալ, մեր ներդրումն ունենալ այդ խնդիրների լուծման, ապա նաև՝ վերացմանն ուղղված գործողություններում, խրախուսել մարդկանց էկոլոգիապես անվտանգ գործունեությունը։

Մենք մեր նախաձեռնությունը համարում ենք հաջողված ու պատրաստ ենք աջակցել ու համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր կցանկանան շարունակել մեր առաջին փոքր-փոքր քայլերը։

Հաճելի էր հեռվից դիտել, թե ինչպես են մարդիկ իրենց հետ տուն տանում քո ձեռքի բարի գործը։ Վանաձորին բնորոշ ամպամած օրվա մեջ ասես մի-մի լույսեր էին պտտվում քաղաքում։ Հետաքրքիր է, երբ պատճառ ես դառնում քաղաքիդ թեկուզ ամենափոքր փոփոխությանը, երբ ինքդ դառնում ես փոփոխություն։