mariamgrigoryan

Փոփոխությունների ժամանակը

Եթե հիմա փորձեմ հիշել, թե երբ եմ վերջին անգամ նյութ կամ հոդված գրել, դժվար թե որևէ բան ստացվի: Բանն այն է, որ վերջին ամիսների ընթացքում ինձ ամբողջությամբ նվիրել էի շտեմարաններին և այլ բանով զբաղվելու ուժ և ժամանակ ուղղակի չէր մնում: Միայն դիմորդները կհասկանան, թե որքան ցավ և տառապանք է թաքնված այդ մեկ բառի մեջ: Միգուցե հիմա կմտածեք. «Լավ, էս աղջիկը ինչի՞ ա սենց չափազանցնում»: Ուղղակի շատ ցավալի է երկար ժամանակ ջանք ու եռանդ չխնայել մի բան անելու համար, իսկ հետո հասկանալ, որ դա անիմաստ էր, որովհետև քննություններից հետո անգիր արած շտեմարանները դժվար թե պետք գան:

Ես դեռ ընդամենը մեկ առարկայի շտեմարանների վրա եմ աշխատել: Զարմանում եմ՝ ինչպես են ծանոթներիցս շատերը համատեղել նաև անգլերենը, հայոց պատմությունը կամ էլ մաթեմատիկան, այն էլ՝ երկու տարի շարունակ: Շատ ուրախ եմ, որ այժմ հույս կա, որ հաջորդ տարվանից այլևս քննությունները այսպես չեն լինի, այլ շեշտը կդրվի տրամաբանության զարգացման վրա: Կարծում եմ՝ նաև դպրոցներում կրթությունը կդառնա 11-ամյա: Դժվար թե մեկը չհամաձայնվի, որ ավագ դպրոցում սովորելը անիմաստ է: Այդ երեք տարին նախատեսված է նրա համար, որ կրկնենք անցածը և հենց դպրոցում պատրաստվենք քննություններին, սակայն այդպիսի մեկին գտնելը անհնար է: Բոլորն էլ դպրոցից դուրս պարապում են ընդունելության համար, որովհետև դպրոցում անհնար կլինի հավաքել անհրաժեշտ գիտելիքները: Սակայն եթե միայն դրանով սահմանափակվեին դպրոցի խնդիրները, ամեն ինչ շատ լավ կլիներ: Կարծում եմ, որ բոլոր խնդիրները սկսվում են դասագրքերից: Բոլոր առարկաների դասագրքերը գրված են բարդ տերմիններով և դպրոցականների համար ոչ մատչելի ձևով: Իհարկե, մենք ունենք ուսուցիչներ, ովքեր պետք է պատասխանեն մեզ համար անհասկանալի հարցերին, սակայն այստեղ ծագում է հաջորդ խնդիրը՝ ոչ բոլոր ուսուցիչներն են այդքան սիրալիր և իրենց առարկայի գիտակը դա անելու համար: Որպես օրինակ հիշեմ աշխարհագրության կամ հասարակագիտության դասերը: Աշակերտի պատասխանից հետո, որ դասը չի հասկացել և կխնդրեր բացատրել, հնչում է այսպիսի պատասխան. «Էս էլ հո մաթեմ չի՞, որ չես հասկացել»: Իհարկե շատ առիթներ եմ ունեցել դպրոցը և ուսուցիչներին չսիրելու համար, բայց չսիրելս հասավ գագաթնակետին, երբ հեղափոխության օրերին բացառապես բոլոր ուսուցիչները փորձում էին աշակերտներին հետ պահել ցույցերին մասնակցություն ունենալուց և պահում էին վախի մթնոլորտում և անդադար կրկնում՝գործ չունեք, իհարկե, ապարդյուն: Ես հասկանում եմ, որ այդ անորոշ պահին նրանք մտածում էին իրենց աշխատանքը չկորցնելու մասին, սակայն գոնե այդպիսի հորդորներով հանդես չգալը նրանց կողմից ավելի ճիշտ կլիներ: Չէ որ այդ ամենը արվում էր մարդկանց կյանքը փոխելու համար, իսկ ուսուցիչները ամենից շատ էին բողոքում իրենց ցածր աշխատավարձից՝ հակառակ իրենց կատարած մեծ աշխատանքի: Իսկ այժմ ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու միտում կա: Եվ սա ամենաչնչինն է այն բարեփոխումներից, որոնց կատարման գործընթացը արդեն իսկ սկիզբ է առել: