մարթա մինասյան սյունիք

Փոքրիկ Արև-Արեգը

Հունիսի 16-ը ինձ համար, կարող էր սովորական մի օր լինել, ինչպես  ամսաթվերի մեծ մասը: Բայց հիմա այն ավելի կարևոր, նշանակալից ու արևոտ օր է, քան իմ ծնունդը: 

Այդ օրն է ծնվել «Քառօրյա պատերազմի»  հերոս՝ թեժ մարտերում զոհված Արմեն Հովհաննիսյանի միակ զավակը` Արեգը:

Ես շատ ուրախացա, երբ իմացա, որ պետք է գնամ և զվարճացնեմ այդ մանկիկին: Նրանք ապրում են Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում, և չնայած հեռավորությանը` մեծ ուրախությամբ և  հուզմունքով ուղևորվեցինք  նրանց տուն:

Ճանապարհին պատկերացնում էի,  որ ներս մտնելիս տան ինչ- որ անկյունում, անտրամադիր նստած փոքրիկի եմ տեսնելու, բայց  սխալվեցի:Արեգը մեզ դիմավորեց մուտքի մոտ` պայծառ ժպիտով ու անսահման ուրախությամբ: Այդ պահից հասկացա, որ նա պարզապես  «փոքրիկ արև »է, և  իր ժպիտով մեծ ուրախություն է  պարգևում բոլորին:

Արեգը պատրաստակամ հագավ վագրիկի շորիկը և վագրին վայել խաղով ու մռնչյունով սկսեց «վախեցնել» բոլորիս:   Շատ ուրախ էր   հատկապես տորթի համար, որի վրա Մաշան և Արջն էին: Մոմերը փչելուց առաջ նրան հարցրի, թե ինչ նվեր է ուզում ստանալ: Ասաց, որ ուզում է տանկ ունենալ, և Արեգի  մայրը չկարողացավ զսպել արցունքները: Հետո  բոլորս միասին սկսեցինք երգել ու պարել: Արեգն էլ միացավ մեզ`արտասանեց ու հայրենասիրական երգ երգեց: Նրա հասակակիցները հիմնականում երգում են խաղերի, կենդանիների և մայրիկի մասին, իսկ նա` հայրենիքի:

Երբ  ավարտեցինք ևս մի երգ, փոքրիկն իր քաղցր ձայնով ասաց. -Մա՜մ, բա մոմերը չե՞նք փչում:

Վերջապես մոմերը փչեց, և շարունակեցինք ուրախ տոնը:  Սկսեցինք խաղալ Արեգի հետ, ավելի ճիշտ, նա էր խաղում,  իսկ մենք նայում  և ուրախանում էինք: Տղան զիլ ձայնով,  հերթով պայթեցնում էր բոլոր փուչիկները: Սկզբում պայթեցնում էր ձողիկով, հետո  փոխեց ռազմավարությունն ու սկսեց դրանք պայթեցնել` վրան  նստելով: Ամեն փուչիկի պայթյուն ավելի ու ավելի էր աշխուժացնում ծննդյան տոնը ու, թեև վագրիկի հագուստը  փոքր-ինչ մեծ էր վրան, բայց չէր նեղվում ու  անսահման երջանիկ վազվզում էր այս ու այն կողմ: Երբ հասավ նվերների  պահը, Արեգն ուղղակի ապշեց.

-Պահոոոոոոոոոոոո, ինչ շատ ա՜:

Իսկ երբ  շուռ տվեց գետնին, նվերները մի մեծ բուրգ կազմեցին, որից Արեգն  ավելի ուրախացավ:

Նրան այնքան էր դուր եկել մեր ներկայությունը, որ թույլ չէր տալիս հրաժեշտ տայինք:

Արեգը երջանիկ էր, որ մարդիկ են եկել, խաղում ու զվարճանում են իր հետ, իսկ մենք տխուր էինք: Տխուր էինք, որ հայրը չի կարող վայելել իր մանկան հրճվանքը, տեսնել, թե ոնց է մեծանում: Տխուր էինք, որովհետև Արեգը տղամարդ է դառնալու` անընդհատ զգալով իր հոր կարիքը:

Երբ այցելեցի նրանց, հասկացա, որ բոլորս պետք է այցելենք մեր հերոսների զավակներին, մենակ չթողնենք: