Փոքրիկ եղբայրս

14 տարեկան էի, երբ ծնվեց եղբայրս: Ընտանիքում երեք աղջիկ էինք, դե պատկերացրեք, թե ինչ մեծ ուրախություն էր մեզ համար նրա ծնունդը: Ինչ-որ բան էի զգում, որն այնքան խորն ու հաճելի էր: Տեսա նրան առաջին անգամ, երբ արդեն տանն էր: Քնած էր, որքան անմեղ էր այդ արարածը, մաքո՜ւր, ասես հրեշտակ: Հանգիստ մոտեցա և համբուրեցի: Հուզմունքը խեղդում էր կոկորդս: Քանի որ հայրիկիցս հետո ինձ էին անվանում «տան տղամարդ», երդվեցի, որ հավերժ նրա պաշտպանը կլինեմ: Դա, իսկապես մեծ և պատասխանատու պաշտոն էր:

Լուսանկարը` Մերի Համբարձումյանի

Լուսանկարը` Մերի Համբարձումյանի

Իմ փոքրիկն արդեն բավական մեծացել է: Շուտով կդառնա 3 տարեկան և կգնա մանկապարտեզ, ինչպես ասում են «մարդամեջ կմտնի»: Ճիշտ է դեռ փոքր է, բայց արդեն հասկանում է հայրենիք բառի իմաստը և սիրում է այն: Հագնում է իր փոքրիկ զինվորական հագուստը, նստում է հեծանիվը և ասում. «գնամ թուրքերին ծեծեմ գամ»: Տարիքի համեմատ ունի բավականին զարգացած միտք և խոսք: Չարություն անելուց հետո արդարանում է՝ ասելով. «ոցից, հեյոք եմ, պուծուր եմ»: Կամ երբ ուզում եմ բարկանալ, ասում է «ինձ սիրում ե՞ս»: Ամեն առավոտ արթնանալ փոքրիկ հրեշտակի համբույրից և նվիրած ծաղկի բույրից, պարզապես հրաշք է: Իմ կարծիքով ես աշխարհի ամենաերջանիկ քույրիկն եմ: Հպարտ եմ և համոզված, որ ապագայում կդառնամ այն հերոսի քույրը, ով արժանի զավակ կլինի և՛ ազգի համար, և՛ ընտանիքի: Ինքս ինձ և բոլորին խոստանում եմ հավերժ պաշտպանել և սիրել նրան ու ցանկանում եմ, որ բոլորն էլ երբևէ զգան այն վեհ զգացումը, որ ես եմ զգում և լինեն արժանի քույր իրենց եղբայրների համար: Սիրում եմ քեզ փոքրիկ եղբայր, իմ փոքրիկ Նարեկ: