nane eghiazaryan

Փոքրիկ եղևնու շատ կարճ կյանքը

Քայլում էի սենյակում, երբ հանկարծ, պատուհանից դուրս նայելով, մեր մուտքի դիմացի փոքրիկ արահետի հենց սկզբին մի եղևնի տեսա:Առաջին հայացքից՝ սովորական եղևնի է, էլի, բայց այդ սովորական եղևնին ինձ դեպի իրեն է ձգում: Նորից մոտեցա պատուհանին, բայց այս անգամ հատուկ եղևնուն հետևելու համար: Մի աթոռ բերեցի և նստեցի պատուհանի կողքին. դուրս էի նայում: Հանկարծ տեսա, որ մեր բակի երեխաները հավաքվել են եղևնու շուրջը և կարծես խաղում են նրա հետ: Քիչ անց երեխաները ցրվեցին, բայց շատ չանցած մի երիտասարդ ընտանիք մոտեցավ եղևնուն: Դե, ես տանը, նրանք` դրսում, ոչինչ չէր լսվում, բայց տեսնում էի, որ նրանք շատ հաճելի զրույց են վարում և այդ ընթացքում շոյում են հենց այդ նույն եղևնուն: Նրանք էլ գնացին, բայց ես մի քիչ էլ նայեցի եղևնուն, հետո ինձ կանչեցին գործ անելու: Աթոռը վերցրի պատուհանի մոտից և գնացի, բայց չգիտեմ ինչու, ամեն անգամ պատուհանի մոտից անցնելիս, դուրս էի նայում և կարծես հետևում էի եղևնուն:

Արդեն երեկո էր, բայց ես շարունակում էի թաքուն հետևել նրան: Մտածում էի` «Տեսնես ովքե՞ր են այս եղևնին այստեղ շպրտել», «Խեղճ եղևնի, հիմա սառում  է, ախր, շատ փոքր է: Նորից եղևնի են կտրել, Ամանորը նշել և տոնի ավարտից հետո դեն նետել»:

Այդ պահերին կարծես եղևնին ինձ դուրս կանչեր իր հետ խաղալու, բայց դե ես չէի գնում, և երևի նա տխրում էր: Դրանից հետո, մի որոշ պատուհանին չմոտեցա և միայն քնելուցս առաջ նորից տեսա այդ փոքրիկ, բայց իր խորհրդով շատ մեծ եղևնուն:

Արդեն հաջորդ օրն էր: Ես լրիվ մոռացել  էի եղևնու գոյության մասին, բայց ինչ-որ բան ինձ տանջում էր: Ես անընդհատ գալիս ու կանգնում էի պատուհանի մոտ, բայց ոչինչ, ոչ մի արտասովոր բան չկար: Պատուհանի մոտից հեռացա և քիչ անց հիշեցի փոքրիկ եղևնուն: Երբ նորից մոտեցա պատուհանին, նկատեցի, որ եղևնի չկա: Չդիմացա, և բարձր գոռացի, թե ուր է եղևնիս: Հաստատ ինչ-որ մեկն արդեն այն այրել է վառարանում:

Միայն մի քանի օր տանը տոնածառ ունենալու համար քանի այսպիսի փոքրիկ եղևնիներ կտրվեցին մեր ծառազուրկ երկրում ու նետվեցին աղբը…