«Փոքրիկ իշխանը» Գավառում

Հարցազրույց Գավառի «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոնի համակարգող Սոնա Խաչիկյանի հետ

-Ո՞ր թվականից է Գավաոում բացվել «Փոքրիկ իշխան» կենտրոնը: Ո՞րն է կենտրոնի նպատակը:
-2010թ.-ից Գավառում գործում է «Փոքրիկ իշխան» կենտրոնը: «Փոքրիկ իշխան» -ը Գավառում գործող միակ սոցիալական կենտրոնն է, որը նպաստում է երեխաների, երիտասարդների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանությանը և հզորացմանը: Կենտրոնի նպատակն է՝ աջակցել կյանքի դժվար իրավիճակներում հայտնված ընտանիքներին, տալ սոցիալական, հոգեբանական աջակցություն: Կենտրոնը ծավալում է ընտանիքակենտրոն գործունեություն:

-Ի՞նչ է նշանակում ընտանիքակենտրոն գործունեություն ծավալել:
-Այսինքն՝ աշխատանքներ են տարվում ոչ միայն կենտրոն հաճախող երեխայի հետ, այլև ամբողջ ընտանիքի: Ընտանիքը ստանում է համապատասխան աջակցություն և ուղղորդում:

-Քանի՞ ընտանիքների երեխաներ են սովորում գործող խմբակներում:
-Այս պահին ունենք քառասուն ընտանիք:

-Ծառայություններ մատուցվում են նաև շահառուների ծնողներին: Ի՞նչ տեսքով են դրանք լինում: Ո՞րն է դրանց նպատակը:
-Նպատակն է՝ հզորացնել ընտանիքը: Այսինքն՝ եթե ընտանիքն ունի որևէ խնդիր, որը կարող է կապված լինել աշխատանքի, զբաղվածության հարցեր լուծելով կամ որևէ կառույցի դիմելով՝ կախված խնդրից, մեր սոցիալական աշխատողները տալիս են համապատասխան ուղղորդում:

-Ինչպիսի՞ կրթություն են ստանում երեխաները:

-Ունենք մասնագիտական կողմնորոշման խմբակներ: Այժմ գործում են լրագրության, համակարգչային հմտությունների, ձեռագործության, նկարչության, տիկնիկագործության, խոհարարության, պարի, առողջ ապրելակերպի, անգլերեն մշակույթի խմբակներ: Խմբակները ժամանակ առ ժամանակ փոփոխվում են՝ կախված կարիքներից ու նյութական պահանջներից:

-Ի՞նչ մեթոդներով են իրականացվում դասերը:
-Դասընթացի մեթոդներն ընտրում են դասընթացավարները՝ կախված տարիքային խմբից, երեխաների հետաքրքրություններից ու օրվա քննարկվելիք թեմաներից: Հիմնականում դասերն անցկացվում են ինտերակտիվ թիմային աշխատանքների միջոցով:

-Ինչո՞ւ կենտրոնը կոչվեց «Փոքրիկ իշխան»:
-
Կենտրոնը կոչվեց «Փոքրիկ իշխան», Անտուան դը Սենտ Էքզյուպերիի համանուն ստեղծագործության հիման վրա: Այսինքն՝ սա այն վայրն է, որտեղ երեխան կերտում է իր միջավայրը, զգում է իրեն ապահով, ստեղծագործում է, կարող է հենվել իր հետ աշխատող մարդկանց վրա, նոր զարգացվածություն արձանագրել իր կյանքում ու տարբերվել շրջապատից:

-Որո՞նք են կենտրոնի առջև դրված խնդիրները, որոնց դեմ ինչ-որ քայլեր եք ձեռնարկում:
-Մեզ համար շատ կարևոր է ինտեգրումը և կապը համայնքի հետ, որովհետև մենք չենք սահմանափակվում կենտրոնի գործունեությամբ: Մենք համագործակցում ենք այլ կառույցների հետ, կարևորում երեխաների շփումը այլ հաստատությունների շահառուների հետ: Մեր նպատակն է, որ երեխաները զարգանան, ձեռք բերեն նոր գիտելիքներ, հմտություններ, նոր բացահայտումներ լինեն նրանց կյանքում, հասկանան, թե ինչպիսի կողմնորոշումներ ու հետաքրքրություններ ունեն, կարողանան ընտրել մասնագիտություն ու գտնեն կյանքում իրենց տեղն ու դերը: Մենք կարևորում ենք թե՛ կրթությունը, թե՛ կրթվածությունը: Խմբակների շրջանակներում նրանք ստանում են անհրաժեշտ մասնագիտական կրթություն, բացի այդ, ուշադրություն է դարձվում երեխայի հաղորդակցման հմտությունների զարգացմանը:

-Շահառուները քանի՞ խմբակների կարող են մասնակցել:
-Յուրաքանչյուր երեխա կարող է ընտրել 2-3 խմբակ՝ ըստ իր նախասիրությունների:

-Ի՞նչ բնույթի միջոցառումներ եք կազմակերպում:
-Մեզ մոտ կազմակերպվում են տարաբնույթ՝ սոցիալական, ժամանցային միջոցառումներ, նշում ենք բոլոր տոները, ունենում ենք խմբային աշխատանքներ տարբեր թեմաներով: Թեմաները ընտրում ենք մենք երեխաների հետ ու ունենում տվյալ թեմատիկային բնորոշ միջոցառումներ, ամառային ճամբարներ, էքսկուրսիաներ, արշավներ, ուխտագնացություններ: Դրանք նպաստում են ընկերական միջավայրի ամրապնդմանը, հոգևոր ու մշակութային արժեքների ճանաչմանը:
Կենտրոնում կազմակերպվում են բաց դռների օրեր համարյա ամեն ամիս, ու մենք հյուրընկալում ենք այլ կառույցներում սովորող երեխաների: Ունենում ենք ֆեյսբուքյան հայտարարության տեսքով ծանուցում, և կարող է այցելել ցանկացած մարդ:

-Հասարակական աշխատանքներում ինչպիսի՞ մասնակցություն ունեն շահառուները:
-Երեխաներն ակտիվ մասնակցություն ունեն հասարակական աշխատանքներին. թե՛ հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերին, թե հասարակական ակցիաներին, դասընթացներին, քարոզարշավներին, եթե երեխաները հետաքրքրություն են ցուցաբերում:
Մենք ունենք նաև համայնքային կենտրոն, որտեղ երեխաները քաղաքի այլ երեխաների համատեղ ջանքերով կառուցել են խաղահրապարակ:

-Խոսեք կենտրոնում տարվող հոգեբանական աշխատանքների մասին:
-«Փոքրիկ իշխանում» շատ է կարևորվում սոցիալ-հոգեբանական աշխատանքները: Հոգեբանը աշխատում է երեխաների հետ, իրականացնում տարբեր թերապիաներ, խմբային աշխատանքներ, անհատական խորհրդատվություններ: Հոգեբանը աշխատանքներ է տանում նաև շահառուների մայրերի հետ:

-Ինչպե՞ս եք իրականացնում ընդունելությունը:
-
Ընդունելությունն իրականացվում է 7-17 տարեկանների շրջանակներում: Մեզ մոտ ուղղորդում են դպրոցներից, կամ մենք ենք դպրոցներ այցելում, տեղեկացնում մեր կենտրոնի մասին: Ցանկացողները դիմում են մեզ, մենք էլ տնայցերի միջոցով ընտրում ենք նրանց ու ներգրավում կենտրոնի շահառուների շարքերը կամ ցուցակներ ենք ստանում մարզպետարանի ու քաղաքապետարանի համապատասխան բաժիններից ու ըստ այդմ իրականացնում ընդունելությունը: