Lilit Poghosyan

Փոքրիկ տաթևցին մեծ Տավուշում

Առաջին անգամ որոշեցի  տպավորություններովս կիսվել քեզ հետ։ Ուզում եմ խոսել իմ ամենաշրջադարձային  շաբաթվա մասին։

Ինչպես արդեն գիտեն իմ բոլոր ընկերներն ու ծանոթները, ես շատ, չափազանց շատ եմ սիրում մասնակցել դասընթացների, մրցույթների, ճամբարների, այդ թվում նաև զանազան կամավորական ծրագրերի, և սա բացառություն չէր։

Դեռ մայիս ամիսն էր․․․ Ընկերուհուցս ստացա նամակ․ «Լի՜լ, մենակ իմանաս` ինչ եմ գտել մեզ համար: Նոր ծրագիր է, արի մասնակցենք, էլի: Շատ հավես կանցնի, անկեղծ եմ ասում»։ «Վա՜յ, էս ինչ հրաշալի միտք ա, արի փորձենք, գուցե ստացվի»։

Ու մի ամբողջ օր մեծ ոգևորությամբ մայրիկիս պատմում էի, թե ինչ եմ ուզում անել։

-Մա՜մ, այ մա՜մ, տես ինչ լավ հնարավորություն ա, ձեռքիցս պիտի բաց չթողնեմ: Ցանկությունս մեծ ա։

-Եթե ցանկանում ես, ապա պետք է փորձես,-ասաց մայրիկս։

Ու ես լրացրեցի մասնակցության դիմում-հայտը։ Շատ լավ եմ հիշում այդ  օրը՝ հուլիսի 19-ն էր, երբ էլեկտրոնային հասցեիս հաղորդագրություն եկավ․

-Սիրելի՜ Լիլիթ, ուրախությամբ հայտնում ենք, որ Դուք հաղթահարել եք․․․

Ու ինձ սպասվում էր երկրորդ փուլը՝ հարցազրույցը, որին պետք է մասնակցեի հուլիսի 8-ին Երևանի ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում։

Օգոստոսի 7-ին Տաթևից հասա Երևան ու հաջորդ օրը, որին այդքան շատ էի սպասում, գնացի այդ հարցազրույցին։ Ճանապարհին մեքենան փչացավ, ստիպված մեկ այլ մեքենա փնտրեցինք ու հասանք Սուրբ Աննա եկեղեցու բակ և փոքր-ինչ ուշացած մտանք գրասենյակ։ Մեկ շաբաթ անց նորից նամակ ստացա, որտեղ ասացին, որ անցել եմ ու օգոստոսի 12-18-ը որպես կամավոր պետք է մեկնեմ Հաղարծին։

Այնքա՜ն շատ էի սպասում այդ օրվան:

Մինչ գնալս արդեն նյութերն ուղարկել էին, և ցուցակում գրված էր, որ ես գիդ եմ։Այնքան էի աշխատել նյութի վրա, որպեսզի ինչքան հնարավոր է լավ ներկայացնեմ Տավուշն ու նրա հոգևոր կենտրոններից մեկի՝Հաղարծնի հարուստ պատմությունն ու մշակույթը։

Եկավ այդ օրը: Գնացի, ու չեք պատկերացնի, թե ինչքան հավես ու լավ օրեր անցկացրեցի այնտեղ, հագեցած տարբեր դասերով․ երգի, ազգային պարերի, հոգևոր զրույցների, խաչքարագործության․․․ Ու էլի լիքը այսպիսի հետաքրքիր բաներով։

Առաջին օրը լիքը-լիքը ծանոթություններ եղան, և ձեռք բերիցի նոր ընկերներ Հայաստանի տարբեր ծայրերից։ Այնքան լավն էին բոլորը: Ապրում էինք 80 հոգով մի մեծ ընտանիքի պես։ Իրենք եղան իմ մեծ ու տաղանդավոր ընտանիքը, ու ես շատ եմ կարոտում նրանց։ Մենք շարունակում ենք պահել այն ընկերական կապը, որ ստեղծվեց այս ծրագրի շրջանակներում։

Յուրաքանչյուր խումբ ուներ պատասխանատուներ, ու հենց խմբերի միջև բաշխված էր աշխատանքը։ Ամեն մեկիս պարտականությունն էր լավ կատարել մեր աշխատանքը, քանի որ ողջ փառատոնի կազմակերպումն  ու լավ ընթացքը մեզնից էր կախված։

Երբ ունենում էինք ազատ ժամանակ, հետաքրքիր խաղեր էինք կազմակերպում։ Երգում էինք, պարում ու նոր կյանքի շունչ էինք հաղորդում ՍԻՐՈ ՔԱՂԱՔԻՆ։

Մի օր Մարիամի ու Նունեի հետ նստած որոշեցի, որ պետք է կիթառ նվագել սովորեմ։ Ու Մարիամը մեծ սիրով ինձ մի քանի ակորդ սովորեցրեց։ Երբեք չեմ մոռանա կիթառի առաջին ուսուցչուհուս։

Այնքան շատ բան կա պատմելու, բայց ուզում եմ սահմանափակվել այսքանով ու ասել․ Հաղարծնի շաբաթն ինձ համար մի ուրիշ ու աննկարագրելի շաբաթ էր։ Այն ինձ հնարավորություն տվեց կյանքին նայել աշխարի բոլոր կողմերից, երբեք չընկճվել ու չվախենալ արվեստի հետևորդը լինել, գտնել ինձ իմ ապագա մասնագիտության մեջ, ու ամենակարևորը, Հաղարծինն ինձ տվեց թևեր՝ երազանքների հետևից շարժվելու։