amalya harutyunyan

Քաղաքացու կայացումը

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Առաջին անգամն էր: Հա, առաջինն էր, երբ ես համարձակվում էի հակառակվել ծնողներիս ու տուն չգնալ, առաջինն էր, երբ հեռախոսազանգերին չէի պատասխանում ու պնդում էի, որ փողոցում եմ մնալու:

Մի շաբաթ առաջ էր կամ մի քիչ ավելի, Անին ինձ ասաց, որ ես շատ հեռու եմ քաղաքականությունից, հարցեր տվեց, ու ես զգացի, որ բացի փաստերից ուրիշ ոչինչ չգիտեմ, ոչինչ չեմ հասկանում:

Ուրբաթ էր, երբ գոնե տանից դուրս գալու ու զբոսնելու պատրվակով դրսում էի: Մի քանի ժամ հետո ստիպված էի տուն վերադառնալ: Մարդիկ հանրահավաքից, Ֆրանսիական հրապարակը փակելուց, էնտեղ քնելուց ու պայքարելուց էնպիսի դրվագներ էին պատմում, էնպիսիները, որոնք լսելիս անտարբեր անցնել հնարավոր չէր:

Միայն ես իմացա, թե ինչքան ինձ մեղադրեցի ու չներեցի մի ամբողջ շաբաթ ու կիրակի տակից դուրս չգալու ու մերոնց կողքին չլինելու համար:

Կիրակի երեկոյան, երբ բոլորը վախեցած որոշում էին, որ չպիտի գնան համալսարան, ես հստակ գիտեի, թե ինչ եմ ուզում ու ինչ էի անելու: Երկուշաբթի ես պիտի մերոնց հետ լինեի:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Թե ինչ դժվարությամբ ու ինչ մտքերով հասա համալսարան, կարևոր չէ, ինչքան վախ ու անհանգտություն կար իմ մեջ, դա էլ կարևոր չէ, բայց հասա, ու դիմացիս տեսարանն ինձ այդ պահի ամենաուժեղն ու պայքարողը դարձրեց:
Ուսանողների մի մեծ խումբ գրավել էր ամենամեծ խաչմերուկներից մի քանիսը, համալսարանները դատարկ էին, ուսանողները ժամանակ չունեին դասի գնալու, ուսանողները պայքարի էին ելել:
Տեսածս ամենալուսավոր դրվագներից էր: Ես ու էս երեխեքը գիտեինք ուր ենք գնում ու ինչ ենք ուզում, մեր մեջ էր ապագան, ու մեր մեջ էր եռում պայքարող արյունը:

Մի պապիկ կոնֆետ էր բաժանում, ասացի, որ չեմ ուզում, ասաց` ձեզ համար եմ բերել, բալես, վերցրու, ուրիշին կտաս: Վերցրի, բայց ուրիշին էլ չտվեցի, մինչև հիմա թանկարժեք մասունքի պես պայուսակումս եմ պահում:

Ամենուր խանդավառ դեմքեր էին, մարդիկ, որ անտարբերության զոհ չէին դարձել, մարդիկ, ովքեր հավատում էին, մարդիկ, ովքեր իրենք էին կերտելու ապագան, մարդիկ, ում տեսնելիս կարող էիր ժպտալ, ձեռքով ձեռքին հարվածել ու իրար հավատացնել, որ հաղթելու ենք, մարդիկ, ում հետ հանդիպել էիր պայքարելու համար, մարդիկ, ում կարող էիր ամուր-ամուր գրկել, մինչև 15 վայրկյանը կլրանար (եթե 15 վայրկյանից ավել է տևում գրկախառնությունը, ապա նշանակում է մարդիկ իրար վստահում են):

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Բոլորն էնքան ծանոթ ու հարազատ էին թվում: Ամեն պահ ասում էի` վայ «Մանանայի» Սերոժը, վայ մյուս Սերոժը, հետո էլի՝ Գևը, Սյուզին, Իրինան, Արուսը, Անին ու բոլորը, բոլորին ասես տարիներով ճանաչած լինեի:

Ուսանողների մեծ մասը  սահմանի նման խաչմերուկ, կամուրջ ու փողոց էին փակել ու պահում: Լրագրության ֆակուլտետի մի ամբողջ կուրս դրսում էր: էլի քայլում էի փողոցներով, երբ Արուսին տեսա, աչքերը փայլում էր, մի տեսակ ժպիտ ուներ, նստած էր փողոցի ամենակենտրոնում դրված նստարանին, վազեցի իր մոտ.
-Արուս, բա ասացիր՝ դրսում չես կանգնի, ցույցի չես մասնակցի:
-Ամ, էս անգամ չէի կարող, էս անգամ ուրիշ էր, էս ամենը լրիվ ուրիշ ա:
Ու հա, ուրիշ էր, մարդիկ ու իրենց համարձակությունը ուրիշ էր, նման չէր այս կամ այն օրվան ու պահին:

Բոլորն օգնում էին իրար, բոլորն իրար կողքի էին, մեկը ջուր էր բաժանում, մեկը՝ սնունդ, ուսանողների հայրերը իրենց երեխաների համար սնունդ էին բերում, մի պապիկ էլ ցուցարարներին ծաղիկ էր բաժանում, էնքան գեղեցիր էր էս ամենը…

Ու թե ինչ էի զգում, երբ Անիին էի գրկում, երբ իր մասին տեղեկություն էի ստանում լուսանկարներից, ուղիղ եթերներից, հետո ամբողջ քաղաքով մեկ փնտրում էի իրեն գտնելու ու գրկելու համար: Իրեն տեսնելիս ու գրկելիս միջիս արևի դեղինը թարմացնում ու նորից գործի էի անցնում: Ինքը ապացուցում էր, թե ինչքան ուժեղ կարելի է լինել ու ինչքան կարելի է պայքարել, ինքը, որ փակում էր ավտոբուսները  գետնին պառկելով, ինքը, որ օրերով դրսում էր գիշերում  պայքարի օրինակ էր ինձ համար:

Այստեղ էր իմ երազած հասարակությունը:

Ու սրան հակառակ, ահռելի քննադատություն, քննադատություն և կրկին քննադատություն: Մարդիկ էկրանից այն կողմ էին հետևում դեպքերին ու առանց էդ ամենի մեջ լինելու համարձակվում էին ասել, որ սխալ է, որ ոչինչ չեն փոխի, ձևական բնույթ կրելու մասին գրված մեկնաբանությունները, էլ չասեմ՝ ինչքան շատ էին:
Ձևական ինչպե՞ս են պայքարում, անկեղծ, չգիտեմ:
Քայլում էինք, ու վարորդները վեճ էին սկսել, որ չենք թողնում ազատ երթևեկեն, որ անհանգստություն ենք պատճառում: Բայց հենց անցնեն բնականոն կյանքի, ասելու են «երկիրը երկիր չի»:
Ասում են` էս չի՞ ձեր արածը, ցույց տալով փողոցում դրված աղբամանները, ասում են, որ քանդելուց բացի ոչինչ չեք կարողանալու, ասում են ու ձեռքները ծալած նստում, ասում են` ուսանող եք, տաքարյուն եք, չեք հասկանում, որ չի փոխվի ոչինչ, ու իրենք չեն միանում ինչ-որ բան փոխելու համար:

Էսպես գրում եմ ու տողերս չեմ ուզում հասցնել օրվա վերջին…
Չեմ ուզում հիշել, թե բոլոր «ոստիկան, միացիր» հորդորներին, ոստիկանները ինչ պայթյուններով պատասխանեցին, թե ինչպես մարդիկ վիրավորվեցին, մարդիկ ուշաթափվեցին ու սարսափեցին:

Իմ երազած հասարակությունը փշալարի մի կողմում պայթուցիկ նետող մարդիկ չէին:

Հիմա ես, հնարավոր է, կրկին ոչինչ չեմ հասկանում քաղաքականությունից, չգիտեմ` ինչն է սխալ ու ճիշտ, բայց գիտեմ,  որ ես միշտ պայքարելու եմ իմ երազած հասարակության ու Հայաստանի համար: