zara torosyan

Քաղաքից դուրս

Ուրբաթ առավոտ էր: Սենյակիցս դուրս եկա և լսեցի ինչ-որ աղմուկ, գնացի հյուրասենյակ և տեսա, որ բոլորը նստած մտածում էին, թե այդ շաբաթ և կիրակին որտեղ անցկացնենք: Այդ ընթացքում մայրիկս արդուկ էր անում և միևնույն ժամանակ մասնակցում էր խոսակցությանը: Նա և տատիկը ակտիվ որոշում, քննարկում էին, իսկ հայրիկը ցույց էր տալիս, թե ուշադիր լսում է, բայց իրականում հեռուստացույցի ալիքներն էր թերթում: Եղբայրս, ինչպես միշտ, իր հեռախոսով ինչ-որ բան էր նայում, և երբ հարցնում էին իր կարծիքը, գլխով էր անում:

Տատիկս առաջարկեց գնալ քաղաքից դուրս` բացօթյա մի տեղ, քանի որ ֆեյսբուքով տեսել էր, թե ինչ գեղեցիկ է այնտեղ բնությունը: Որոշեցինք, որ պետք է քաղաքից դուրս գնանք: Երբ ամեն ինչ որոշված էր, զանգեցինք հորաքրոջս, որ նա նույնպես մեզ հետ գա: Առավոտյան բոլորը խառնված պատրաստվում էին, որ չուշանանք: Իսկ թե որտեղից պետք է ուշանայինք, ես այդպես էլ չէի հասկանում: Հորաքույրը, ինչպես միշտ, 10 րոպե շուտ էր եկել և մեզ էր սպասում: Շտապ դուրս եկանք տանից ու նստեցինք մեքենան: Ինչպես միշտ, եղբայրս առջևն էր նստել, իսկ մենք հետևում «լխճված» էինք: Մի կերպ էի դիմանում: Հազիվ տեղ հասանք: