zarine kirakosyan

Քաղաքում, որտեղ․․․

Քաղաքում, որտեղ
Մենք սիրում էինք ամեն ինչ հարգել
Սիրելու փոխարեն,
Ծաղիկներ չծաղկեցին,
Արևը մեզ սարքեց խանձահոտ,
Բայց չջերմացրեց,
Ու չջերմացան ոչ էլ էս քաղաքի պատերը մեր երգերից
Ու բեմից, որտեղ մենք բանաստեղծում ու փառաբանության տողեր էինք կարդում՝
Ամենքս մեր կուլ տված պաթոսը հետ տալով:

Էս քաղաքում, որտեղ մենք սիրում էինք հարգելը,
Հարգանքից շատ բան չծնվեց,
Մանավանդ՝ երեխաներ,
Ու ոչ էլ կարեկցանք ու հոգածություն,
Սիրահարվել էր պետք էս քաղաքին,
Քայլերի հետևից գնալ ու ճանաչել,
Արևի՝ մի կտուրից մյուսի վրա սահելը
Ու բակի երեխաների գլխին վայր ընկնելը նկատել,
Սիրահարվել էր պետք էս քաղաքին մի կարգին,
Որ ուզեիր՝ քոնը դառնա:

Էս քաղաքում մենք «հարգեցինք» սիրելու փոխարեն,
Ու գինին մեր ձեռքը կրակն ընկավ,
Ու կենացները սկսեցին կրկնվել ամենուր՝
Ամեն անգամ ավելի էժան ու հոգնած զգալով:
Մայրերի, կանանց, հողի ու նույնիսկ պահի կենացը մի բաժակով հարգեցինք
Ու դրեցինք ապակու տակ, պատից կախված, պատկերասրահում
Թանկ նմուշի պես
Տակն էլ գրեցինք. «Ձեռք չտալ»
Մինչև հաջորդ խմելը:

Էս քաղաքը, որին մենք նախընտրեցինք «հարգել»
Բեմերում, կենացներում ու թանգարանում,
Սերը մնաց նկուղներում՝
Ճամպրուկների մեջ,
Ու աղբը մնաց մայթեզրին թափված,
Գետնանցումները չդադարեցին միզահոտ լինել
Ու ընկած քարերը հին տեղը չվերադարձան
Պատկերասրահի կենացները սկսեցին ընկնել ու փշուր-փշուր լինել,
Քանի սեղանի շուրջ մենք կարծում էինք
Թե «հարգել» հենց միայն բառ էր:

Քաղաքում, որտեղ մենք հարգում էին սիրելու փոխարեն,
Գոնե մի թափառական կատվի չափ չզգացինք քաղաքի՝ մերը լինելը,
Եվ ահա, հարգանքից ջերմություն չծնվեց։