amalya harutyunyan

Քամու հոսանքին հակառակ

Գիտե՞ս՝ ես քեզ մի գաղտնիք եմ ուզում պատմել: Բայց ես շատ եմ ուզում, որ ինձ ճիշտ հասկանաս, շատ ճիշտ: Գիտեմ՝ իմ մտքերը միշտ խճճված են ստացվում, բայց այս անգամ արի խոսենք խճճված կյանքերից։

Պատկերացրու՝ մի օր վերցնում ես թելն ու քարկապ գցում, ու այդ հանգույցը երբեք չի բացվի, այդ դեպքում ի՞նչ կանես:
Ձեզնից մեկը կգցի թելն ու կմտածի, որ լուծում չկա, մյուսը կկտրի մկրատով այդ հատվածը, իսկ այն մեկը ջանքեր չի գործադրի հանգույցը բացելու համար:
Երևի մտածեցիր, որ քո կյանքն է՞լ է խճճված: Դե, ո՞վ խնդիրներ չունի: Բայց գիտես՝ դու ունես հնարավորություն ամեն ինչ հարթելու, իսկ մենք միայն ցանկություն ու պայքար ունենք:
Իսկ դու ի՞նչ ես տեսել, երբ լույս աշխարհ ես եկել: Երևի մայրիկիդ կամ այն մեկին, ով քեզ գրկել էր: Իսկ ես մթություն եմ տեսել: Արի պատկերացնենք՝ ես բացում եմ աչքերս, շատ-շատ լայն, բայց ոչինչ չեմ տեսնում, ու առաջին իսկ վայրկյանից հասկանում եմ, որ ամեն ինչ մի քիչ տարբեր է լինելու:
Մի զարմացիր, ես նորածին էի, բայց գիտեի՝ ինչ է սպասվում, իմ ծնվելու հետ նաև ծնվել են իմ հույսն ու անկոտրում ուժը։
Երկրորդ սարսափելի վայրկյան. ես նայում եմ շուրջս, հա, ես տեսնում եմ իմ շրջապատը, բայց մեզ ասում են, որ ոչինչ չի ստացվի, որ ամեն ինչ կորած է, բայց գիտես՝ երբ խնձորը բաժանես 100 մասի ու կարողանաս գոնե 10-ը վերցնել, ուրեմն ինչ-որ բան դեռ հնարավոր է:

Երրորրդ վայրկյան. դու քայլում ես, դու տեսնում ես այն վազող երեխային, այն մեծ լույսը, որ հետո պարզվեց՝ արևն էր, բայց քեզ նայում են տարօրինակ հայացքով, ասես դու մի մեծ սխալ ես արել, որ դեռ երեք տարեկան ես, բայց աչքերիդ արդեն ակնոց կա դրված:
Չորրորդ վայրկյան. քեզ վախենում են ընդունել մանկապարտեզ սովորական երեխաների հետ: Իսկ դու ի՞նչ, անսովո՞ր ես, եթե վերցրել ես ընդամենը խնձորի 10 մասը:
Հինգերորդ վայրկյան. դպրոց:

-Ես էս երեխայի հետ չեմ կարող աշխատել, տարեք հատուկ դպրոց:
-Եթե նորմալ երեխա չի, ինչի՞ եք սովորական դպրոց բերում:
Երևի էսպես մոտ 8 դուռ շրխկացրին իմ ու մորս դեմքին: Հա, դու հիմա «աննորմալի» նյութ ես կարդում: Բայց, ինչպես տեսնում ես, ես շատ նորմալ արտահայտում եմ մտքերս:
Ժամանակը կանգ առավ դպրոցում:
Իմ նստարանը ամենաառաջինն էր ու միշտ մյուսներից ավելի առաջ դրված: Ուսուցիչներն ինձ համար նույնն էին, բայց միշտ ես նրանց համար նույնը չէի, ինչպես մյուս 20 աշակերտները:
Գիտե՞ս՝ ես երբեք չեմ իմացել, թե ինչ է ստուգողականներին արտագրելը: Կարծում ես՝ շատ ազնի՞վ եմ, չէ, ուղղակի չեմ կարողանում կարդալ տառերը որոշակի հեռավորությունից:
Դասարանցիներս մեկ անգամ չէ, որ ծիծաղել են վրաս, քիչ չեն եղել ծաղրի դեպքերը, խոսքերը, որ խանգարում եմ հանգիստ դաս սովորեն: Անխուսափելի էին նաև արցունքները:
Ինչևէ, ես վերցրի ու առաջ պտտեցի ժամացույցը։
Վեցերորդ վայրկյան. ավագ դպրոցի ժամանակն էր: Այն դպրոցը, որ ինձ 9 տարի առաջ մերժեց կրթել, այսօր դռներն էր բացել ու նույնիսկ ուրախ էր, որ իրենց աշակերտն եմ:
Այստեղ էլ ուսուցիչների հետ վեճերն էին սպասվում: Դե, արի ու բացատրիր ինֆորմատիկայի ուսուցչուհուն, որ դու ոչ թե «մտել ես այդ նոթբուքի մեջ», այլ փորձում ես մանր տառերը կարդալ:
Իսկ գիտե՞ս, որ ամեն մեկն ունի կրթության իրավունք, ու պետք է ստեղծվեն հարմար պայմաններ կրթության համար: Չկա, ոչինչ չկա…
Յոթերորդ վայրկյան. ես հասնում եմ ներկայիս: Էն ներկայիս, որ ընկնելով եմ կառուցել, էն ներկայիս, որ տեսել է հազարավոր անկումներ, անարդարություն, բայց կանգուն է մնացել:
Յոթերորդ վայրկյանում ես մի կողմ եմ դնում բոլորի կարծիքները, հայացքները, թերահավատությունը: Յոթերորդ վայրկյանում ես հաղթում եմ, հաղթում եմ ինքս ինձ: Ու հաղթում եմ ոչ թե նրանով, որ ես ընդունվում եմ համալսարան բավականին բարձր արդյունքով, այլ հաղթում եմ, որովհետև կամ, կանգնել եմ ամուր ու չեմ պատրաստվում անգամ մի պահ հետ գնալ:
Հայաստանում ապրում են ինձ նման հազարավոր մարդիկ: Մարդիկ կան, ովքեր ունեն տեղաշարժման խնդիրներ, մտավոր խնդիրներ, տեսողության ու լսողության խնդիրներ, բայց մենք այստեղ ենք, ապրում ենք ձեր կողքին, ու ոչինչ չի խանգարում, որ մենք սիրենք, ժպտանք, տխրենք, զգանք ու հասկանանք:
Ինչո՞ւ եմ քեզ այսքանը պատմում, որովհետև հույս ունեմ, որ պիտի փոխես վերաբերմունքդ, պիտի գիտակցես, որ ես ձեզնից մեկն եմ:
Գիտե՞ս՝ ես չեմ ուզում խղճահարություն, չեմ ուզում կեղծ հոգատարություն, դու կարող ես նույնիսկ չնայել իմ կողմը, միայն մի ընդունիր այն զարմացած ու վախեցած հայացքը, երբ մեզ ես տեսնում։
Երբ ուժեղ քամի է լինում դրսում, ամեն ինչ քամու հոսանքի ուղղությամբ է քշվում: Իսկ մենք քայլում ենք հակառակ ուղղությամբ, ու ինչքան էլ քամին մեզ ապտակում է, ինչքան էլ մենք խեղդվում ենք, մենք առաջ ենք գնում: Մենք գիտենք՝ ինչ է պայքարը։
Ես պատմեցի իմ գաղտնիքը ու ես հույս ունեմ, որ դու ինձ ճիշտ հասկացար:
Խնդրում եմ՝ մայրիկիս չասես, որ ես քեզ իմ գաղտնիքն եմ պատմել: Գիտեմ՝ կբարկանա ու լաց կլինի, բայց նույնիսկ արցունքների գնով, նույնիսկ դողացող ձեռքերով ես ուզում եմ փոխել հասարակության կարծիքը:
Իսկ հիմա քանի դեռ ժամանակը նորից չի սառել, բռնիր ձեռքս, շատ ամուր բռնիր, մենք գնում ենք ութերորդ, գուցե հետո իններորդ ամենադժվար վայրկյանների հետևից: