Քայլ առաջին. ընդունվել եմ

mariam mikayelyanԲարև:

Սկսեցի՞ր կարդալ:

Դե, գնացինք:

2019-ը ինձ համար շատ լավ սկսվեց: Չեք հավատա, բայց կատարվեց կյանքիս ամենանվիրական երազանքներից մեկը, որին սպասում էի արդեն 5 տարի:

Պատմեմ իմ, չէ ավելի ճիշտ՝ երազանքիս պատմությունը:

Ընդամենը 12 տարեկան էի, երբ որոշ չափով պատկերացում կազմեցի Աշխարհի միացյալ քոլեջների ցանցի (UWC) մասին: Այդ ժամանակ չէի էլ կարող պատկերացնել, որ մի օր այնտեղ սովորելը կդառնա գերագույն նպատակներիցս մեկը: Ամեն ինչ սկսվեց UWC Դիլիջանի ուսանողների հետ ծանոթություններից, որոնք այնքան տարբեր էին ինձնից և միմյանցից, և շարունակվեց այնքան, մինչև նրանք դարձան իմ ոգեշնչման աղբյուրը, և ես էլ սկսեցի նրանց նման կամավորություն անել:

Մի օր էլ հասկացա, որ ուզում եմ հենց նրանց նման սովորել UWC ցանցի քոլեջներից մեկում: Հետո հասկացա, որ երազանքները շատ հաճախ չեն իրականանում ու ժամանակի հետ կորչում են: Դրա համար երազանքս դարձրի նպատակ:

Սկզբում նպատակս շատ հեռու էր թվում, բայց ինչպես իմ ռուս ընկերներն են ասում՝ «наступил час», երբ բաց էր դիմում հայտը: Իմ սովորության համաձայն ինքս ինձ ասացի՝ բա մի հատ չփորձե՞մ:

Սկսեցի լրացնել դիմում հայտը: Մոտ 2 ամիս պահանջվեց: Ուղարկեցի արդեն պատրաստի հայտը՝ չնայած նրան, որ համոզված էի, որ ոչինչ չի ստացվի: Մեկ ամիս անց նամակ ստացա, որտեղ ասվում էր, որ հաջողությամբ հաղթահարել եմ առաջին փուլը և հրավիրվել եմ երկրորդ փուլի վիդեո-հարցազրույցին:

Շա՜տ լարված էի հարցազրույցից առաջ: Հարմար տեղավորվեցի տեսախցիկի առաջ ու միացա Ստելլային և Սոնային, որոնք վերցնելու էին հարցազրույցը, ու միանգամից լարվածությունս անցավ: Ճիշտ է՝ որոշ խանգարող հանգամանքներ կային (դե, օրինակ՝ ինտերնետ կապը), բայց մեկ ամիս անց կրկին իմացա, որ հաջողությամբ հաղթահարել եմ երկրորդ փուլը, ու բնականաբար, հրավիրվել երրորդ՝ վերջին փուլին: Լարված գնացի մասնակցելու վերջին փուլին՝ ծանոթանալով մի խումբ ֆինալիստների ու ընտրող հանձնաժողովի հետ: Օրվա վերջում էներգիայով լի գնացի տուն: Ասել էին, որ մոտավորապես 6 օրից կստանանք վերջնական պատասխանները: Ժամերն էի հաշվում…

Սպասելիքներս արդարացվեցին, ու 4 օր հետո ստացա նամակ: Նայեցի նամակին, հետո մի պահ նամակը բացելուց առաջ աչքերս փակեցի ու մոտավորապես պատկերացրի, թե ինչ է գրված լինելու նամակում.

«Հարգելի Մարիամ, մենք ուրախ էինք Ձեզ հետ ծանոթանալու համար, բայց դուք չկարողացաք հաղթահարել առաջադրանքները, փորձեք մյուս անգամ»: Բացեցի նամակը ու ինչ տեսնեմ…

Ես ընդունվել եմ Հնդկաստանում գտնվող UWC Մահինդրա քոլեջ, որտեղ սովորելու եմ երկու տարի:

Հիմա, երբ ես հասել եմ նպատակիս, կարող եմ հանգիստ ասել, որ ճանապարհը շատ դժվար էր:

Ես Հնդկաստանում ներկայացնելու եմ մեր մշակույթը և ամեն կերպ փորձելու եմ բարձր պահել մեր երկրի պատիվը:

Ասում էի, չէ՞, 2019-ը ինձ համար շա՜տ լավ սկսեց: Երբ մեկնեմ Հնդկաստան, կփորձեմ Ձեզ հետ կիսվել այն բոլոր հետաքրքիր իրադարձություններով, որոնք կպատահեն ինձ հետ: