mariam barseghyan1

Քայլ չանելու մասին

Շատերը ինձ մեղադրեցին զերծ մնալու համար ու առանց իմ դիրքորոշումը իմանալու, իրենց ցուցակում գրանցեցին որպես Հանրապետական կուսակցությանը սատարող և ազգի թշնամի: Այս օրերին ես հասկացա մի պարզ բան, որ չի կարելի լինել փշալարերի և մեծամասնության մեջտեղում: Ծիծաղելի էր ծանոթներից ստանալ նամակներ` «Բարևիր Սերժիկիդ», «Նայի, էս էլ քո հանրապետականները», «Սխալ կողմ ես քայլ անում» բովանդակությամբ: Ծիծաղելի էր այնքանով, որ ես ոչ մեկի կողմը չէի բռնել:

Գիտեք, կային մի խումբ մարդիկ, ովքեր խմեցին մի հաղթանակի կենացը, որը իրենցը չէր: Բայց հետո, երբ գալիս ես տուն, նստում համակարգչիդ առաջ ու կարդում ընկերներիդ գրառումները, նախորդ պատկերը լրիվ փոխվում է: Ու սկսում ես հասկանալ, որ այ, իրենք արժանի են հաղթանակի, որովհետև իրենք պայքարել են իրենց իսկ գաղափարների համար: Իսկ պայքարը հանուն գաղափարի խորը հարգանք և հպարտություն է ծնում իմ մեջ: Իրականում ոմանք ուղղակի իրենց արարքներով կոտրում էին մնացածի սիրո և հանդուրժողականության վրա կառուցած մթնոլորտը: Անհանդուրժողականությունը սկսվում էր կեղծ նորություններ գրելուց ու տարածելուց, հակառակ մտքերի ու գաղափարների համար մարդկանց վիրավորելուց: Ընկերներիցս մեկը ընկերոջ հետ խոսելիս ասաց. «Չեմ սիրում էս քաղաքականությունը. մարդկանց կռվացնում ա»: Ես էլ չեմ սիրում այն քաղաքականությունը, որտեղ անցնում են անձերին, որտեղ մեկը մյուսին չի հարգում: Իսկական հեղափոխությունը կլինի այն ժամանակ, երբ բոլորս հեղափոխվենք ներսից: Համակարգը կփոխվի, երբ մենք դադարենք կաշառք վերցնել, սկսենք գնահատել մարդկային հատկանիշները և խելքը, ոչ թե ծանոթ բարեկամական հարաբերությունները, որ գնանք ընտրության ու մաքուր լինենք մեր խղճի առաջ:

Այս օրերին ես ուղղակի դիտողի դերում էի, և շատ բաներ նկատեցի, որոնք չեմ կասկածում, որ դուք էլ եք նկատել: Օրինակ, այն, որ շատերը չափից ավելին են ակնկալում իշխանափոխությունից: Ուզում եմ, որ մեր հասարակության որոշ մասը իջնի յոթերորդ երկնքից և հասկանա, որ հեղափոխությունից հետո թոշակները աստղաբաշխական թվերի չեն հասնելու, որ նույն ձևով շարունակելու ենք կոմունալ վճարումներ անել, բժշկությունը անվճար չի լինելու, կրթությունը նույնպես, և, որ մեր բազմոցներին նստած մեզ գումար ոչ ոք չի բաժանելու:

Ես չեմ ուզում, որ երկրի ղեկավարման պրոցեսում շարունակեն մնալ կեղծ մարդիկ, ովքեր բացի իրենց անձնական շահից ուրիշ ոչինչ չեն հետապնդում: Մեր ապագա վարչապետին ուզում եմ միայն մի բան խնդրել՝ չկոտրել այն հավատը, որ ունի ժողովուրդը, որ երբեք կարիք չլինի նորից մերժել ինչ-որ մեկին: Ուզում եմ խնդրել, որ պայքարը լինի միայն երկրի, այլ ոչ աթոռի համար: Ես չեմ ասի, որ այս ամբողջ ընթացքում ձեր կողքին եմ եղել, դա կլինի սուտ: Ես թերահավատորեն եմ մոտեցել ամենին, և վախեցել եմ Ուկրաինայի սցենարի կրկնությունից: Ուրախ եմ, որ սերը ավելի շատ էր:

Մի ատեք Քայլ չանելու համար, ատելության էջը կարծես թե փակված է:

Խաղաղություն բոլորիդ…