13 քանդակագործներ Հայաստանից, Արցախից, Իտալիայից, Ճապոնիայից, Բելգիայից, Բելառուսից և Հնդկաստանից քսան օր շարունակ, չնայած եղանակային դժվար պայմաններին, աշխատեցին և մայիսի 20-ին քանդակները ներկայացրին արվեստասեր հասարակությանը: Սիմպոզիումը գլխավորեց և անձնիվիրաբար իր ամբողջ ժամանակն ու ջանքերը ներդրեց ճանաչված հայազգի քանդակագործ Վիգեն Ավետիսը։
Երբ քարերը արդեն պատրաստ էին «մարտի», Հնդկաստանը ներկայացնող քանդակագործ Կանտա Կիշորեն, ոգեշնչված Թավշյա հեղափոխության հաղթանակից, առաջինը գործի անցավ և պատկերեց հեղափոխությունից ստացած իր տպավորությունները: Ուժը և էներգիան մեկ կետից սկզբնավորվելով, բարձրանում է վերև և վերջանում ևս մեկ կետով: Վերևում գտնվում են հնդկական ուժի և էներգիայի սիմվոլները:
Իտալացի քանդակագործ, Կարրարայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Մասսիմո Լիպպին կյանքում առաջին անգամ մեծ սիրտ է քանդակել:
-Դուք չեք պատկերացնում՝ ինչքան երջանիկ է իմ սիրտը: Փորձեցի քանդակել մի մեծ սիրտ քարից, որ օրհնված է երկնքից և պաշտպանված Արարատով:
Կենտրոնում կա մի հրեշտակ, որի վզից խաչ է կախված: Հրեշտակները խաչեր չեն կրում, բայց Մասսիմոյի հրեշտակը հայկական խաչ է կրում: Այստեղից այս սիրտը ամբողջ աշխարհով մեկ կտարածի մեր ուղերձը՝ որ ժողովուրդները հավատարիմ մնան իրենց մշակույթին:
Վիգեն Ավետիսը քանդակել է Արև, Սուրբ Հոգի: Նա նշում է, որ պատահական չէ, որ սիմպոզիումը համընկավ Հայաստանի համար պատմական այս օրերին:
-Այս հաղթանակը Աստծո կամքն էր, մենք երկնքից, Աստծուց ստացանք ուղերձ և հիմա պիտի տեր կանգնենք մեր հաղթանակին:
Զարզանդ Շահինյանը ներկայացնում է Ապարանը: Նրա քանդակը պատկերում է աղոթող կնոջ: Մինչ տղամարդիկ կենաց ու մահու պայքար են մղել թշնամու դեմ, կանայք աղոթել են գիշերուզօր, քաջալերել իրենց եղբայրներին, ամուսիններին ու հայրերին:
Ճապոնացի քանդակագործ Կումիկո Սուզուկին քանդակել է Արա Գեղեցիկին: Քանդակելիս ոգեշնչվել է Ապարանից երևացող Արա լեռան տեսարանից:
Սպարտակ Հարությունյանի քանդակը կոչվում է «Հաղթանակած զինվորի ծնունդը»:
Մասսիմո Լիպպիի որդին՝ Քրիստոֆորո Լիպպին, պայքարող, չհանձնվող զինվորի է պատկերել: Նա ասաց, որ շատ ուրախ է պատմական այս օրերին Հայաստանում գտնվելու և հեղափոխությանը ականատես լինելու համար:
Դիզայներ, քանդակագործ Արման Նուռը ևս սիպոզիումի մասնակիցներից է:
-Մենք բոլորս շատ ոգեշնչված ենք, որ դարձանք մի փոքրիկ, շատ չնչին մասը այս ճակատամարտի, քանի որ քսան օր շարունակ քարի հետ ճակատամարդ տվեցինք: Մենք լինելով տարբեր ազգերի ներկայացուցիչներ, տարբեր միջավայրի մարդիկ, կարողացանք միավորվել մեկ գաղափարի շուրջ, ունենալով մեկ նպատակ և իրար ուժ տալով աշխատեցինք:
Այս բոլոր օրերի ընթացքում սիմպոզիումի հրապարակը վերածվել էր ամենատարբեր մշակույթների, ամենատարբեր քաղաքակրթությունների հանդիպման վայրի, որտեղ բոլորին միավորել է մեկ նպատակ՝ Բաշ-Ապարանի հաղթական հերոսամարտի 100-ամյակը:
Ապարանով անցնելիս կարող եք կանգ առնել քանդակների պուրակի մոտ և վայելել նրանցից եկող դրական լիցքերը և էներգետիկան ու շարունակել ճանապարհը: