«Քանդում ես բաղադրատոմսը ու նորից հավաքում, դարձնում քոնը»

Հանրային հեռուստատընկերության «Պատրաստենք միասին» հաղորդման հեղինակ Սարգիս Մկրտչյանն ունի երկու մասնագիտություն՝ հեռուստաօպերատոր և խոհարար: Պատմում է, որ երբ Հ2 հեռուստաընկերության գլխավոր օպերատորն էր, իրեն համոզեցին նկարահանվել խոհարարական հաղորդման մեջ: Եվ այդպես, 2005-ից սկսվեց նրա «խոհարարական պատմությունը», կամ կարելի է ասել՝ վերածնվեց: Նա արդեն ոչ թե տեսախցիկի հետևում է որպես արձանագրող, այլ դիմացը՝ որպես դերակատար:

-Օպերատոր դառնալու համար որտե՞ղ եք սովորել:

-Սովետական ժամանակ ոչ մի տեղ չկար հեռուստաօպերատորի մասնագիտությամբ ինստիտուտ: Կար մեկ հիմնական ալիք, որտեղ և ձևավորվել էր հեռուստադպրոց: Կուրսեր էինք անցնում, հետո գնում էինք Մոսկվա, ստանում կարգ: Խորհրդային ժամանակ կային մասնագիտական աստիճաններ՝ օպերատորի օգնակական, ասիստենտ, երրորդ օպերատոր, երկրորդ օպերատոր, առաջին օպերատոր և բեմադրող օպերատոր:

-Քանի՞ տարի հետո դարձաք հեռուստաօպերատոր:

-Քանի որ հայրս՝ Ֆրունզե Մկրտչյանը, եղել է հեռուստատեսության առաջին օպերատորներից, ես մանկուց գիտեի, թե ինչ է տեսախցիկը, ինչպես է պետք աշխատել կադրի ու լույսի հետ: Հայրս շատ խիստ ու համեստ մարդ էր, երբեք չի փորձել օգնել ինձ կարիերայի հարցում: Ես սկսել եմ ամենաներքևի օղակից՝ օգնականից, ու հասել բեմադրող օպերատորի կարգի: Բայց իհարկե, կարգերը ընդամենը ձևական բան են, կարևորը փորձն է ու մարդիկ, որոնցից սովորում ես:

Երբ բացվեց «Շարմը», դարձա իրենց առաջին օպերատորը: Միասին նկարեցինք «Մեր բակ 1»-ը և «Մեր բակ 2»-ը:

«Շարմ»-ից հետո զարգացավ շոուբիզնեսը: Սկսեց ձևավորվել գովազդի ու տեսահոլովակների շուկան: Այդ կողմն ինձ շատ գրավեց: Իմ երազանքը միշտ եղել է ստեղծել հեռուստաբեմադրություն, քանի որ դա պահանջում է եռաչափ՝ 3D մտածողություն:

Կինոյում հիմնական է մեկ տեսախցիկը (աչքը), որի շուրջ կառուցվում է էկրանային գործողությունը, իսկ հեռուստաբեմադրության ժամանակ կարող է լինել հինգ հիմնական տեսախցիկ: Հայրս, որ ներկայացում էր պատրաստում՝ ռեժիսորի, սցենարիստի, նկարչի հետ սկսում էր աշխատել երեք ամիս առաջ: Երբ հասնում էին նկարահանման հրապարակ, ներկայացումն արդեն պատրաստ էր: Այն մտքում էր կառուցված:

Պատկերացրեք, ներկայացումները նկարահանվում էին ուղիղ եթերի ռեժիմով: Այսինքն, հսկայական նախապատրաստական աշխատանք էր պետք, որ առանց վրիպումների, մի քանի տեսախցիկով նկարահանեն մի քանի ժամանոց բազմամարդ գործողությունը:

Պրակտիկան ամենամեծ բանն է. կա՛մ տեսնում ես, կա՛մ չես տեսնում: Լավ օպերատոր դառնում է նա, ով կոփում ու զարգացնում է տեսնելու ունակությունը: Ասենք, մտնում ես սենյակ ու առաջին հերթին մտովի կառուցում կադրի կոմպոզիցիան ու ընտրում լույսի աղբյուրները՝ ավելացնում կամ մեղմում: Վերափոխում ես եղածը, ստանում նոր պատկերային կոմպոզիցիա:

Նույն բանն էլ խոհարարությունն է՝ կա՛մ քիմք ունես, կա՛մ չունես: Հավաքում ես համերը և ուտելիքի պատրաստման տեխնոլոգիաները: Դրանից հետո սկսում ես ջախջախել ամեն տեսակի կարծրատիպերն ու իմպրովիզացիա անել: Դա իմ ամենասիրելի բանն է: Վերցնում ես բաղադրատոմսը և նրան այնպես ես քանդում ու հավաքում, որ դրանից բան չի մնում: Այսինքն՝ քեզնով ես անում:

-Բաղադրատոմսերն այդպե՞ս եք հորինում:

-Կան բաղադրատոմսեր, որոնք հայտնվել են անգամ երազում: Կարող է հնչել ծիծաղելի, բայց այդպես է:

Խոհարարությունը արծաթի պես է, փորձում ես հումքն ու համերը համադրել, խառնել, ստանալ նոր երանգ ու համային կոմպոզիցիա: Ու երբ այդ մասին շատ ես մտածում, երազներդ էլ են փոխվում:

Հիմա ինտերնետում անսահմանափակ քանակի բաղադրատոմսեր կան: Վերցնում ես ու ադապտացնում: Այսինքն՝ դարձնում ես քոնը:

Այսպիսի մի հետաքրքիր փաստ՝ 10 հոգի նույն մթերքով, նույն բաղադրատոմսով սարքում են նույն ճաշատեսակը, բայց բոլորը ստացվում են տարբեր: Ինչո՞ւ: Որովհետև գոյություն ունի հիմնական համեմունք, որն ամեն մեկի մոտ յուրահատուկ է: Ամենակարևոր համեմունքը սա է (ցույց է տալիս սիրտը):

Հաճախ ասում եմ՝ եթե հավես չունես, մի արա: Անհավես որ անես, ճաշը համով չի ստացվի և հակառակը, եթե հաճույք ու դրական էներգիա ներդնես, պարզագույն մթերքից կստանաս համային գլուխգործոց:

Հեծանիվը վաղուց հնարել են, ճի՞շտ է: Բազային մթերքները աշխարհի բոլոր անկյուններում էլ հիմնականում նույնն են: Ասենք, հավը, ձուկը, տավարը, բանջարեղենը, հատիկեղենը, կանաչեղենը և այլն: Ազգային խոհանոցների առանձնահատկությունները ստեղծվում են համեմունքներով և խոհարարի մոտեցմամբ:

Ես, օրինակ, նույն բանը երկրորդ անգամ չեմ սարքում, բացի՝ տոլմայից, որովհետև շատ եմ սիրում: Տոլման կրկնվում է, իսկ մնացած ճաշատեսակները առաջին ու վերջին անգամ եմ սարքում: Վերցնում եմ բաղադրատոմսը, մթերքն ու սկսում եմ ստեղծագործել: 15 տարի է խոհարարական հաղորդումներ եմ անում, բայց երբեք պատրաստի արդյունքը չի կրկնվել: Դա ոչ թե հատուկ եմ արել, այլ պարզապես այդպես է ստացվել:

-«Պատրաստենք միասին» հաղորդումը Ձե՞ր գաղափարն էր:

-Ոչ, այդ ձևաչափը վաղուց հնարված է: Հաղորդման գաղափարը սա է. ամեն օր առավոտյան մտնել մարդկանց տուն և առաջարկել թարմ միտք: Բացում ես սառնարանը, նայում, թե ինչ կա սառնարանի մեջ ու եղածով սկսում պատրաստել:

Կարծում եմ, ամենակարևորն այն է, որ հաղորդումը պիտի ո՛չ աստղերով շեղես, ո՛չ մարդկանցով, այլ առաջին պլան մղես հենց պատրաստելու մտադրությունը: Եթե նկատել ես, հաղորդման մեջ փորձում եմ չընդգծել իմ անձը: Տալիս եմ միտքը, հրավիրում միասին պատրաստելու ու արագ ու աննկատ դուրս եմ գալիս կադրից՝ թողնելով, որ լսարանի հիշողության մեջ մնա արդյունքը՝ ճաշատեսակը:

-Մտածո՞ւմ եք այն մասին, որ մարդիկ օգտագործելու են Ձեր բաղադրատոմսերը:

-Շատ եմ ուրախանում, երբ հանդիպում եմ փողոցում մարդկանց, որոնք ասում են՝ օգտագործում ենք ձեր բաղադրատոմսերն ու շատ լավ է: Դա ամենամեծ գնահատականն է: Ամենամեծ ուրախությունը:

-Ի՞նչն եք ամենաշատը սիրում սարքել:

-Ամեն ինչ: Ես ամենակեր եմ: Բայց տոլման հատուկ տեղ ունի, տոլմա շատ եմ սիրում:

-Ինչպե՞ս եք հորինել «Կհանդիպենք, երբ կհանդիպենք» արտահայտությունը:

-Պատահականորեն: Մի անգամ ասացի, ու միանգամից հիշվեց: Կարծում եմ՝ այդ արտահայությունը միաժամանակ ջերմ ու հումորով է: Կարող ենք հանդիպել ցանկացած ժամանակ ու ցանկացած վայրում: Այն պահին, երբ ուզեք:

Հարցազրույցը վարեց Լիլիթ Վարդանյանը