mariam barseghyan1

Քանի՞ օր կդիմանաս ցրտին…

Մոտ 7 տարի ապրել ցրտի մեջ, դաստիարակել փոքր երեխաների առանց հացի, դաս սովորել մոմի լույսի տակ, ջուր կրել տանից շատ հեռու աղբյուրից…  Վանաձորցիները դեռ հիշում են այդ օրերը:

-Դպրոցում շատ ցուրտ էր, ամեն օր մի ծնող փետ էր տանում, որ դպրոցում վառեն: Երեխեքը տաք շոր չունեին ու մրսում էին: էդ վախտ Կիրովական նոր տրիկոներ էին ծախում, որ աշխատավարձս ստացա, մի հատ առա, որ երեխեն շատ չմրսի: Որ սկեսուրս տեսավ աշխատավարձս ինչի վրա եմ ծախսել` հետս կռվեց, բայց ավելի լավ է ես սոված մնայի, քան իմ երեխեն մրսեր:

-«Գլորիա» կարի ֆաբրիկայում էի աշխատում: Ամիսը 7000 դրամ էի ստանում ու ամբողջը հաց, ուղղակի ցամաք հաց առնելու վրա էի ծախսում:

-Տղես առանց ինձ դասերը չէր անում, սպասում էր գայի: Ես էլ աշխատանքից ուշ էի գալիս, ու ստիպված մոմի լույսի տակ էինք սովորում: Ջղայնանում էի վրան, որ առավոտը տատիկի հետ չի սովորում, բայց դե տատը չէր կարողանում օգնել, ի՞նչ աներ քյորփես:

-1998 թ-ն էր, արդեն լույս ունենում էինք: Լույսի մեծ պարտք էի կուտակել, բայց մեր թաղային էլեկտրիկը հասկանում էր վիճակս ու մեր լույսը չէր կտրում: Մի անգամ իմ նախկին ուսուցիչը խնդրեց, որ մշակույթի տանը լույս տամ: Ես էլ ասեցի, որ չեմ կարող, բայց վերջում տվեցի, որովհետև ուսուցիչս էր, ո՞նց չտայի: Էլեկտրիկը իմացավ ու ասեց, որ էլ չտամ, թե չէ իմն էլ կանջատի: Ես էլ ասեցի ուսուցչիս, որ էլ չմիացնի, բայց խաբեց ու հետո իմ լույսը առանց ինձ ասելու էլի օգտագործեց: Մեր լույսը անջատեցին: Այդ ձմեռ ո’չ լույս ունեցանք, ո’չ էլ գազ:

-1992-93 թ-ին խանութներում ընդհանրապես հաց չկար: 93-ին նոր սկսեցին կոմբիկորմից (համակցված կեր) հաց թխել: Էլ չէի կարող երեխաներիս սոված պահել, ստիպված մեկնեցի երկրից:

Տատիկս մի օր 90-ականները հիշելիս երանությամբ ասաց.

-Ի՜նչ լավ օրեր էին, է…

Ախր, չէ’, տատ, լավ օրեր չէին: Ու հաստատ գիտեմ, որ երբեք չէիր ուզենա հետ գնալ նորից այն օրերը, որովհետև իմ ծնվելուց դու էլ ես գնացել Հայաստանից: Չնայած նրան, որ այդ ժամանակ արդեն այդքան վատ չէր, բայց չեմ մեղադրում, ես էլ քեզ պես կգնայի:

Կգնայի, որովհետև երբ ինքս ինձ հարցնում եմ, թե քանի օր կկարողանայի դիմանալ ցրտին, պատասխանս միայն մեկն է լինում` ՈՉ ՄԻ, ԵՍ ՈՉ ՄԻ ՕՐ ՉԷԻ ԴԻՄԱՆԱ…