artur janvelyan

Քաչալ քար

Ես մեծերից լսել եմ մի պատմություն Քաչալ քար անունով տեղամասի մասին, որտեղ ապրել է մի ընտանիք։ Քաչալ քարը գտնվում է սարի գագաթին, որն իր վրա կրում է կայծակների և տարիների հետքերը։

Այդ վայրը գտնվում է Տավուշի մարզի Կոթի գյուղին պատկանող սարում։ Այնտեղ ապրող ընտանիքը ըմբոստացած է եղել այն ժամանակվա կառավարության դեմ, ինչն էլ պատճառ է հանդիսացել նրա փախուստին դեպի սարեր՝ երեք ամսական երեխայի հետ։ Նրանք Քաչալ տաղի գլխին՝ Քաչալ քարում, գտել են իրենց փոքրիկ օթևանը։ Ինչպես նշեցի՝ երեխան դեռ փոքր էր, նրան անկողնում քնեցնելը դարձել էր մեծ գլխացավանք ծնողների համար։ Այդ իսկ պատճառով ծնողներն սկսեցին հարմար վայր փնտրել, որտեղ կարող էին ճոճ գցել երեխայի համար։ Հիմա այդ վայրը հայտնի է Հատկի ճոճատեղ անվամբ։ Այնտեղ կա նաև ձիու մեծ ոտնահետք, որն, ըստ ավանդության, պատկանում է Վարդան Մամիկոնյանի ձիուն։

Քաչալ քարը կարծես լինի օթևան, որը տրված է մարդուն Աստծո կողմից, որպեսզի նա կարողանա պաշտպանել իր կյանքը։ Մոտ 150 տարի առաջ իշխանությանն ընդդիմացած մարդկանց անվանում էին ղաչաղներ։ Քաչալ քարի գլխին տարբեր ձևերի և չափերի մի քանի փոսեր կան, որտեղ պատսպարվել են ղաչաղները։