hayk sargsyan

Քեռի ջան, ողջ լինես

-Քանի քեռին ողջ է, երեխաները պետք է շոկոլադ ուտեն, – ամեն անգամ այս արտահայտությամբ են դիմավորում ինձ քույրերս, երբ ես գնում եմ իրենց տներ:

-Վա՜յ, հազար եմ ասել՝ քաղցրը նպաստում է ատամների էմալի քայքայմանը և ենթաստամոքսային գեղձի ծանրաբեռնմանը։ Էլ չասեմ, որ էդ շոկոլադի մեջ բացի շոկոլադից՝ ամեն ինչ կա…

Ասեք, որ ճիշտ եմ ասում։ Չի կարելի մատաղ սերնդին «փչացնել» նմանատիպ ոչ օգտակար սննդով, բայց այսօր նյութս դրա մասին չէ:

Ես Հայկն եմ, 16 տարեկան, ու վերջին 6 տարիների ընթացքում ես հասցրել եմ 4 անգամ քեռի և մեկ անգամ հորեղբայր դառնալ: Դժվար է, դժվար է կյանքը առանց ֆինանսական աջակցության պետության կողմից: Այս ի՞նչ խտրականություն է, ֆինանսական օժանդակություն ստանում են բազմազավակ ծնողները, իսկ այ, քեռիներին բոլորը անտեսում են: Նրանք գոյություն չունեն այս երկրում։

Գիտակցելով, որ 16 տարեկանը բավականին լուրջ տարիք է, պետք է որոշ չափով արդեն ինքնուրույն լինես, ես սկսեցի դիմանկարներ նկարել։ Առաջ 3000 դրամով էի վաճառում, բայց քանի որ դա շատ թանկ էր, ու գնորդներ չկային, ես միշտ զեղչեր եմ անում, ու բոլորը դրանք գնում են 1500-2000 դրամով: Սա է իմ եկամտի միակ աղբյուրը: Այդ խղճուկ 1500 դրամով ես հազիվ կարողանում եմ հեռախոսիս ապառիկը մուծել, այն էլ միայն ծնողներիս կողմից գումարի 85 տոկոսը ավելացնելուց հետո։ Եվ ինչպե՞ս կարող եմ ես բավարարել «երեխաներիս» կարիքները: Հիմա կասեք՝ ի՞նչ է, այդ երեխաները ծնողներ չունե՞ն, որ դու պետք է բավարարես նրանց կարիքները։ Կարիքներ իմ տեսանկյունից չի նշանակում հաց, ջուր, հագուստ։ Ախր, շոկոլադը մի կերպ «ցրելով» իրավիճակ չի փոխվում: Ես նրանց համար գնում եմ մատիտներ, ֆլոմաստերներ, «Ներկիր ինքդ»-ներ, ռետիններ, ջրաներկեր, կպչուկներ (ստիկեր), գրքեր, խաղալիքներ, տարբեր տեսակի զրթիկներ և փրթիկներ, դրանք ախր, քեռու պարտականություններն են:

Եվ ուրեմն, համայն աշխարհի բազմազավակ քեռիներ, եկեք համախմբվենք ու մի բռունցք դառնանք: Միայն այդ դեպքում մենք կլինենք անկոտրում և ուժեղ: Միայն այդ դեպքում մեր խնդիրները կստանան դրական լուծումներ: Միայն այդ դեպքում հասարակությունը և կառավարությունը մեզ վրա ուշադրություն կդարձնի: